Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք առավել  քան վառ փորձում ենք ներկայացնել մեր գրպանի պարունակությունը, ուտեստների բազմազանությունը»

Հունվար 08,2015 12:15

Ինչպե՞ս ազատվել հետտոնական սթրեսից

«Չնայած, որ մինչեւ հունվարի 13-ը համարվում են տոնական օրեր,  բայց տոնական տրամադրությունն արդեն ամսի վեցից կորում է, մի տեսակ դժվար է՝ մինչ այդ ամբողջ օրը հյուրեր ընդունես- ճանապարհես, ուրախանաս, պարես, հետո միանգամից դատարկություն ես զգում ու չգիտես էլ՝ ի՞նչ անես»,- ասում է 21-ամյա Արմինեն, ավելացնում, որ հիմա տրամադրությունը կտուկ ընկել է, ամբողջ օրը բազմոցին նստած ոչինչ չի ուզում անել:

45-ամյա տիկին Սուսաննայի համար էլ Նոր տարին մի մեծ գլխացավանք է, ասում է՝ սպասում է՝ երբ է ավարտվելու, որ մի լավ հանգստանա. «Մինչեւ էսօր էլ հյուրեր ունենք, ամբողջ օրը սեղան դիր, հավաքիր, աման լվա, տոլմա փաթաթի եւ այլն: Ինչի՞ համար է էս ամեն ինչը, չեմ հասկանում: Լավ չի լինի՞, մի օր մարդ մի լա՜վ քեֆ անի, ուրախանա, վերջանա գնա,- ասում է նա, ավելացնում,- ես կուզեմ մենակ  ընտանիքիս, մտերիմներիս հետ նշել: Սուտ բաներ են, ընկնել էս հարեւանի, էս բարեկամի տուն, հետո հաշվարկել՝ ով մեր տուն չի եկել, ես չգնամ, սեղանին սա դնեմ, որ սրան զարմացնեմ եւ այլն…  էս տոնը մենք նշել չգիտենք»:

Հոգեբան Ասյա Ղազարյան իր դիտարկումն ունի հետտոնական սթրեսի եւ հատկապես Նոր տարուց հետո մարդկանց տրամադրության անկման մասին: Նա Aravot.am-ի հետ զրույցում բացատրում  է. «Մենք յուրաքանչյուր պահ լցված ենք նոր սպասումներով, եւ դա  հատկապես դրսեւորվում է համամշակութային տոների, իրադարձությունների ժամանակ: Ամանորյա տոնական օրերը ենթադրում են ադապտացիա կենցաղի փոփոխվող պայմաններին, նյութական փոփոխություններին, մարդկանց հետ «ջերմ»  հարաբերությունների հաստատմանը ( երբեմն ստիպողաբար- հոգեբան,) կյանքի բնականոն ռիթմի փոփոխություններին , և այս ամենը ուղեկցվում են սթրեսով: Սթրեսի ժամանակ մեր օրգանիզմի ներքին մեխանիզմները հուշում են, որ պետք է հարմարվել նոր ստեղծված պայմաններին, և դրա համար անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմներ են ակտիվանում, և դրսևորվում են հոգեբանական գերլարումներով. դիտվում է դեպրեսիա, այլ ոչ թե հանգիստ, երբեմն աշխատունակության անկում , երբեմն ներքին դատարկության զգացում՝սպասելիքները չարդարանալու դեպքում»:Asya  KHazaryan

Ասյա Ղազարյանը հիշատակում է ավստրիացի հոգեբան Ֆրանկլին, ով առանձնացնում է նևրոզի նոոգեն տեսակը, որն առավել լավ դիտվում է տոների ընթացքում, երբ օրինակ երազանքները այնքան են մոտիվացնում մեզ, որ դրանց չիրականանալու հետևանքով մարդը կորցնում է կյանքի իմաստը՝ ինչին սպասե՞լ և ինչու՞ :  «Ներկայումս, այս տոնը մշակութային մենթալիտետից կախված, նշվում է տարբեր կերպ, այ օրինակ Հայաստանում, սա առավել քան պատճառ է հետտոնական սթրեսի առաջացման, քան նոր շնչով և ուրախությամբ տարեսկիզբը նշելու: Մենք առավել քան վառ փորձում ենք ներկայացնել մեր գրպանի պարունակությունը, ուտեստների բազմազանությունը, որոնք, ցավոք, արդեն ոչ մշակութային առանձնահատկություն ունեն: Մեր  «պարտավորեցնող» այցելությունները և հարազատների շնորհավորանքները և այլն…այս ամենը սթրեսի առաջացման նախահիմք են»,- ասում է Ասյա Ղազարյանը:

Հոգեբանն առաջարկում է սթրեսից ազատվելու իր տարբերակը. «Հետտոնական սթրեսների հաղթահարման լավագույն տարբերակներ յուրաքանչյուրս մեզ համար պետք է մշակենք՝ մեր անձի առանձնահատկությունները հաշվի առնելով: Օրինակ՝ եթե մենք ունենք բարձր սթրեսակայունություն, ցանկալի է տոների ավարտը, որպես այդպիսին, կտրուկ չանցկացնենք, շարունակենք ուրախանալ՝ այլ միջոցառումների ներկա գտնվելով, որոնք պարզապես նախասիրություններ են և հաճելի մեզ համար, օրինակ` ֆուտբոլային խաղերը, հավաքույթները ընկերների հետ, բայց արդեն ոչ տոնական սեղանների շուրջ: Կարող ենք որսալ օրվա գեղեցիկ պահերը, նկարել դրանք, կամ պարզապես քայլել հաճելի մեկի հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում մի շարք խոշոր մարկետների հոգեբաններ առաջարկում են հետտոնական զեղչեր, որոնք սթրեսներից ազատվելու լավագույն տարբերակներից են: Կարծում եմ՝  Հայաստանում ևս նմանատիպ իրադարձությունները լարվածությունից դուրս գալու լավագույն տարբերակներ կլինեին,- ասում է Ասյա Ղազարյանը: Նա նշում է, որ իհարկե դժվարությամբ  է  ցանկացած հաճելի իրադարձություն իր ավարտն ունենում.  «Բայց այնուհանդերձ ավել կամ պակաս հաճելի կենցաղին հեշտությամբ վերադառնալու համար պետք է մշակել ընթացակարգ: Տոնածառի խաղալիքները կախելիս մեծ սպասելիքներով էինք լցվում, պահում ամենանվիրական երազանքները, իսկ հավաքելիս ցանկալի է պարզապես մտածել, որ երազանքի իրականացումը, որ հենց ծագել է մեր մեջ, արդեն մեր ձեռքերում է, և ժամանակն է գործելու:  Այս մոտիվացնող միտքը կարող ենք կիրառել ամեն պահ, նույնիսկ երբ հաջորդ օրը աշխատանքի ենք, և դրան պատրաստվելը լուրջ ջանք է թվում»,- ասում է նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031