Տոնական օրերին ադրբեջանական զինուժը, թեեւ ոչ ինտենսիվ կերպով, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը հունվարի 6-ին, ժամը 17. 30-ի սահմաններում 2 կրակոց է արձակել Դովեղի վրա, բարեբախտաբար, դրանք վնաս չեն պատճառել:
Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանի խոսքերով՝ բարեկամավանցիների համար կրակոցները դարձել են սովորական, հունվարի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինուժը 4-5 կրակոց է արձակել գյուղի վրա, տուժածներ չկան, հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել:
Բերդի տարածաշրջանի Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանից տեղեկացանք, որ հունվարի 6-ին ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել մեր պաշտպանական դիրքերի վրա, ժամը 19. 30-ի սահմաններում 2 կրակոց է արձակվել գյուղի վրա:
Կարդացեք նաև
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ հունվարի 5-ին գյուղը գնդակոծվել է խոշոր տրամաչափի գնդացիրներից, տուժածներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ