Մի սրտաճմլիկ դեպք տեղի ունեցավ երեկ առավոտյան: Հունվարյան պարզ օր էր: Զարմանալի է, հունվար և այսպիսի եղանակ, կարծես գարնան սկիզբը լինի: Տրոլեյբուսը հանկարծ թափով արգելակեց ու կանգ առավ: Մարդիկ իներցիայով իրար վրա թափվեցին, և այն է` բողոքների ալիքը պետք է բարձրանար, երբ դրսից լսվեց մի աղիողորմ սրտաճմլիկ ճիչ:
-Վա~յ, վա~յ, այն ի՞նչ է եղել,-գոռում էին այս ու այն կողմից:
Մարդիկ վեր թռան իրենց տեղերից ու դուրս նայեցին: Դրսում, փողոցի մեջտեղում ընկած էր մի գեր կին և սրտաճմլիկ ձայնով ճչում էր: Շատերը դուրս եկան տրոլեյբուսից` նրան օգնելու ակնկալիքով: Արդեն հավաքվել էր որոշակի բազմություն` հետաքրքրությունից դրդվա՞ծ, թե՞ օգնություն ցույց տալու նպատակով:
Տեսարանը ավելի քան սարսափելի էր: Մեքենայի անիվը կտրել, մի կողմ էր շպրտել կնոջ ձախ ոտքի մի մասը, իսկ մյուս մասի վրա սպիտակին էր տալիս մկաններից զուրկ ոսկորը, որը արյան մեջ էր կորել, պայուսակը թռել էր մի կողմ, իսկ նա ցավից, թե վախից սաստիկ ճչում էր:
Պետք էր շտապ օգնություն կանչել կամ նրան արագ հիվանդանոց տեղափոխել: Երիտասարդ տղան, առանց վարանելու, միացավ օգնություն ցույց տվող խմբին: Փողոցով սուրացող ավտոմեքենաների վարորդների մեծ մասը հրաժարվեց կանգ առնել և վիրավոր կնոջը հիվանդանոց տեղափոխել, քանի որ նա ամբողջովին արյան մեջ էր և կարող էր մեքենան կեղտոտել: Բայց գտնվեց նրանցից մեկը, որը մարդու կյանքը ավելի թանկ գնահատեց, քան մեքենայի մաքրությունը և առաջարկեց իր վարած ծառայողական ավտոբուսով կնոջը հիվանդանոց տեղափոխել:
Մնում էր, որ կամավորները կարողանային տուժածին ներս խցկել ավտոբուսի անհարմար դռնից ներս: Արդեն պատրաստվում էին նրան ներս հրել ավտոբուսի սրահ, երբ լսվեց տղամարդու ողբալի ճիչը: Դեպքի վայր էր հասել տուժածի ամուսինը, և հասկանալով կատարվածի ահավորությունը, մոտենում էր խռնված ամբոխին:
-Կինս է, ժողովու’րդ, խնդրում եմ` օգնե’ք` հիվանդանոց տեղափոխենք,-գոռում էր նա:
Վիրավոր կնոջը դժվարությամբ տեղավորեցին ավտոբուսի նստարաններից մեկի վրա, իսկ նա անընդհատ ճչում էր.
-Վա¯յ, ոտքս, սառչու~մ է..
Ամուսինը իր վերարկուի փեշով ծածկեց կնոջ ոտքը: Քիչ հետո, մի փոքր հանգստանալով, կինը արդեն հարցնում էր, չիմանալով, որ ոտքը արդեն կտրված է.
-Օ~յ, Եգո’ր, ոտքս կկտրեն, չէ՞, ա՜խ, այս ինչ փորձանք էր:
-Լա’վ, Հայկուշ ջան, լավ,-հորդորում էր ամուսինը,-ոչինչ, ամեն ինչ լավ կլինի:
Իսկ մեքենան սլանում էր մեծ արագությամբ` բարձրաձայն ազդանշանելով: Մոտակա հիվանդանոցի աշխատակիցները վիրավոր կնոջը չընդունեցին` պատճառաբանելով, որ նա իրենց «մասնագիտական» հիվանդը չէ, և խորհուրդ տվին օրթոպեդիկ հիվանդանոց տանել: Նրանք այնպիսի անտարբեր ու հանգիստ տոնով ասացին այդ ամենը, կարծես ոչինչ չէր պատահել: Գոնե առաջնային օգնություն ցույց տային:
Ավտոբուսի վարորդը, իհարկե, մի լավ «նախշեց» նրանց` թունդ հայհոյանքներով, ինչպես վայել է արհեստավարժ վարորդին ու շարունակեց ճանապարհը` սլանալով դեպի օրթոպեդիկ հիվանդանոց: Սրտացավ վարորդը մոտենալով հիվանդանոցին, կանգնեցրեց ավտոմեքենան, արագ դուրս թռավ խցիկից, մոտեցավ փակ դռներին և ուժգնորեն ծեծեց դրանք, որոնց ետևում երևի հանգիստ քնած էին գիշերային հերթապահ բժիշկները:
Շուտով քնաթաթախ բուժքույրերը պատգարակ բերեցին, կամավորական խումբը վիրավոր կնոջը դուրս հանեց ավտոբուսից, բարձրացրեց հիվանդանոցի երրորդ հարկ, հերթապահ բժշկի խորհրդով տեղավորեց վիրահատական սեղանին:
Վիրավորին օգնող խմբի երիտասարդը չէր կարողանում հայացքը հեռացնել կնոջ կտրված ոտքից, սարսափելի հուզված էր, բայց նաև հպարտ, որ մասնակցեց նրա փրկության գործընթացին:
-Հիմա դուք արդեն կարող եք սենյակից դուրս գնալ,-դիմելով խմբին ասաց հերթապահ վիրաբույժ բժիշկը:
Խմբի անդամները ծանր սրտով թողեցին վիրահատարանը և դուրս եկան այնտեղից: Նրանց դուրս գալուց հետո վիրավոր կնոջ ամուսինը ազատություն տվեց իր զգացմունքներին, գլուխը ձեռքերի մեջ բռնելով` դառը հեկեկաց:
Հերթապահ բուժքույրերը նրան նստեցրին աթոռին, ջուր առաջարկեցին: Նա լաց էր լինում, իսկ տղամարդու ժլատ արցունքները, գլորվելով այտերի վրայով, առատորեն ցած էին թափվում:
Դրսում անսովոր արևոտ օր էր, լուսաբացը վաղուց վերջացել էր: Երիտասարդը ուշացած աշխատանքի գնաց` գլխումը վիրավոր կնոջ պատկերը… և իսկ սրտում` նրա ամուսնու սրտաճմլիկ ողբը:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ