Հայաստանում «օրենքով գողերի» մեծամասշտաբ հավաքին ներկա են եղել ավելի քան 100 հեղինակավոր «գողեր», «Ռոսբալտի»-ն այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում իրենց աղբյուրը:
Ասվում է, որ Հայաստան էին եկել Ռոբինզոն Արաբուլին (Ռոբինզոն), Գիորգի Ուգլավան (Տախի), Դավիդ Սեբիսկվերաձեն (Դաթո), Վաժա Բիգանիշվիլին (Վաժա), Ամիրան Սոպրոմաձեն (Սոպոտիա), Օլեգ Շիշկանովը (Շիշկան), Զախարի Կալաշովը (Շակրո մոլոդոյ), Բորիս Ապակիան (Ապակելա), Հուսեյն Ահմադովը (Հուսեյն սլեպոյ) և այլք: Սկզբում նրանք առանձին խորհրդակցություններ են ունեցել, իսկ հունվարի 6-ին բոլորով հավաքվել են:
Հավաքի մասնակիցները քննարկել են 2008թ. մեծ թվով «օրենքով գողերի» ի հայտ գալը: Շաքրոյի խոսքերով, այդ տարի «օրենքով գողի» տիտղոսը տրվել է առանց պահպանելու անհրաժեշտ ընթացակարգը, երբեմն առանց պատշաճ ուսումնասիրելու թեկնածուներին: Այս պնդման հետ ներկաները համաձայն են եղել: Իրենց հաշվարկներով 2008թ. կոչմանը արժանացել է 240-250 հոգի:
Քրեական աշխարհի հեղինակությունները որոշում են ընդունել, որ 2008թ. կնքվածները կասկածի տակ են առնվում, այսինքն, նրանք այլևս «օրենքով գողեր» չեն, այլ տիտղոսին ձգտողներ:
Կարդացեք նաև
Հավաքի ժամանակ նաև երկու «գողերի»՝ Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկի) և Ջեմալ Միքելաձեին (Ջեմո) զրկել են տիտղոսից:
Իսկ ևս երկուսի ՝ Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկի) և Տարիել Օնիանիի (Տարո), որոնք վերջին տարիներին ընթացող քրեական պատերազմների պարագլուխներն են, ճակատագրերը կորոշվեն, երբ նրանք դուրս գան բանտից:
«Ռոսբալտ»-ը գրում է, որ ի սկզբանե հավաքը նախատեսված էր Մոսկվայում անցկացնել, սակայն տեղի իրավապահները զգուշացրել էին, որ կձերբակալեն բոլորին, արդյունքում «գողերը» հավաքվել են Երևանի մոտակայքում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ