ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում 2014թ. տարբեր ուղղություններով իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ։ Մասնավորապես, ԵԳԱԾ շնորհիվ ավելի քան 60 երիտասարդ գիտնական գործուղվել է արտասահման՝ միջազգային գիտաժողովների։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում ԵԳԱԾ ֆինանսավորմամբ կազմակերպվել է 24 գիտական դպրոց կամ գիտական համաժողով (այդ թվում՝ միջազգային)։
2014թ. ԵԳԱԾ շրջանակներում մեկնարկեց երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումներ և նյութեր ձեռքբերելու ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթը, որի արդյունքում 13 երիտասարդ գիտնական սարքավորումներ և նյութեր ձեռք բերեցին՝ գիտական հետազոտություններն իրականացնելու համար։ Ընդ որում, այդ սարքերն ու նյութերը մնալու են ինստիտուտներում, գիտական կազմակերպություններում, որտեղ այլ երիտասարդ գիտնականներ նույնպես հետագայում կկարողանան օգտվել դրանցից։
Միջազգային բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում գիտական հոդված տպագրելու համար միանվագ խրախուսումներ են տրվել։ Ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերից, և արդեն իսկ 8 երիտասարդ հեղինակավոր ամսագրերում գիտական հոդված է տպագրել և ստացել ֆինանսական աջակցություն։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված Երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքում տպագրվել է 4 գիրք տարբեր ոլորտներում։
Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ համատեղ հայտարարվել են ցեղասպանագիտության և կենսաբանության ոլորտներում գիտական դրամաշնորհներ։
Կարդացեք նաև
Նշենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն