Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանը՝ հայկական կողմի զոհերի մասին. «Եթե պաշտոնական տեղեկատվություն չկա, պետք չէ շահարկել»

Հունվար 06,2015 16:34

«Եթե նման պաշտոնական տեղեկատվություն չկա, ուրեմն չպետք է շահարկել: Նման դեպքերում ԼՂ ՊԲ-ն անպայման համապատասխան տվյալներ և տեղեկատվություն տարածում է»,-Aravot.am-ի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը նույնպես կորուստներ է ունեցել, մասնավորապես երկու զոհ, այսպես պատասխանեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նաև հորդորեց այդ մասին պարզաբանումներ ստանալ ԼՂ ՊԲ-ից: Մենք փորձեցինք կապ հաստատել ԼՂ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ, սակայն դեռ չի հաջողվել: Այս մասին կտեղեկացնենք առաջիկայում:

Պարոն Բաբայանը վստահեցրեց, թե Արցախում որևէ խուճապ չկա. կյանքը շարունակում է  իր բնականոն հունով՝ հայրենիքի պաշտպանը վերահսկում է սահմանը, ժողովուրդն իր առօրյա կյանքով է ապրում:

Հիշեցնենք, որ  հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:

Այս առիթով մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին՝ նշելով, թե «այդ դեպքերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ Պետդեպարտամենտի խոսնակը Հայաստանին ու Ադրբեջանին մեկ հարթության վրա է դիտարկում՝ մինչդեռ հրադադարի ռեժիմը խախտել է Ադրբեջանը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մենք միշտ ասում ենք, որ նույն հարթության վրա դնելը սխալ է, քանի որ Ադրբեջանն է զինադադարի ռեժիմի խախտողը: Բայց մյուս կողմից  հասկանում ենք նաև համանախագահներին, որ փորձում են հնարավորինս չվնասել գործընթացին: Բայց հավասարեցնել անմեղին ու մեղավորին, սա նույնպես չարիք է, բայց այս իրավիճակում փոքրագույնը»:

Հետաքրքրվեցինք իրավիճակի լրջության աստիճանի մասին և հատկապես այս տոնական օրերին լարվածության աճը ի՞նչ պատճառներ ունի, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ընդհանրապես հակառակորդը որդեգրել է մի քաղաքականություն, որն առողջ տրամաբանությամբ անհնար է բացատրել: Միայն մոլագարներն են նման ռազմավարություն որդեգրում: Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս առաջարկներ է արել դիպուկահարներին ետ քաշել, տոնական օրերին զերծ մնալ կրակոցներից, զինադադարի ռեժիմի խախտումից: Բայց հակառակորդը շարունակում է զինադադարի ռեժիմի խախտման՝  իր քաղաքականությունը: Ավելին, տարօրինակ է այն հանգամանքը, որ սա կատարվում է 2015-ին, երբ Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել առաջին համաեվրոպական օլիմպիական խաղերը: Նույնիսկ հին աշխարհում օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմները դադարում էին: Բայց նրանք նման բան չունեն և այս տոնական օրերին անգամ չեն դադարում կրակոցները: Դա է մեր հակառակորդը, ինչ արած: Բայց իրավիճակը վերահսկվում է մեր սահմաններն, ինչպես միշտ, անառիկ են»:

Մեր հարցին՝ նման նախադեպեր շա՞տ են եղել, երբ հակառակորդն այսքան մեծ լարվածություն է դրսևորել սահմանին, այն էլ տոնական օրերին, պարոն Բաբայանը հիշեց. «Հատկապես 1991-ի դեկտեմբերի 31-ն էր հատկանշական ու Սուրբ ծննդյան օրը, երբ հակառակորդը յուրովի «շնորհավորեց» արցախցիների Ամանորը՝ արձակելով աննախադեպ քանակի հրթիռներ քաղաքի և այլ բնակավայրերի վրա: Նրանք միշտ դիմում են նման ստոր քայլերի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031