Սարգիս Հակոբյանը փորձել է հրկիզել տունը, ասում են՝ նաեւ ծնողներին է ծեծել
Հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է. նա, մեր տեղեկություններով, իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս, ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը:
Մի քանի օր է, ինչ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է եւ նույնիսկ հացադուլ է հայտարարել:
Aravot.am-ին ՀՀ ոստիկանությունից հաստատեցին, որ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է, սակայն ծնողներին ծեծելու եւ հացադուլ հայտարարելու մասին իրավապահ մարմիները ոչինչ չասացին, միայն նշեցին, որ Հակոբյանը ձերբակալվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման փորձ կատարելու եւ շորթման համար:
Կարդացեք նաև
Այսօր գործով զբաղվող քննիչը պետք է որոշի նրա կալանավորել-չկալանավորելու հարցը:
Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ դաժան ծեծի է ենթարկել, խոշտանգել է իր կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ հայցվոր կողմը՝ Հասմիկ Խաչատրյանը հույս ուներ, եթե ինքն անկարող էր արդեն նախկին ամուսնուն սաստել ու հետ պահել բռնությունից, ապա գոնե դատարանը կանի այդ: Սակայն Սարգիս Հակոբյանը վերջերս դատարանի դահլիճից համաներմամբ ազատվել է:
Դատական գործընթացի ժամանակ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ է եղել եւ պարբերաբար սպառնացել է Հասմիկ Խաչատրյանին, վերջինիս սատարող հասարակական կազմակերպության անդամների հետեւից է ընկել մի քանի անգամ, հայհոյել, սպառնացել է, ֆիզիկական բռնություն է կիրառել, իսկ Հասմիկին վնաս է հասցրել նաեւ դատական գործընթացի ժամանակ: Ընդ որում, հայցվոր կողմի միջնորդությունները, որ Սարգիս Հակոբյանը վտանգ է ներկայացնում, եւ պահանջվել է խափանման միջոցը փոխվի, ընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց, դատարանը մերժել է:
Սարգիս Հակոբյանի կալանավորման որոշման մասին՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ