Լրագրող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը համակարգելու է նորաստեղծ «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ» հաստատության գործունեությունը:
«ԱՆԻ-ն հիմնադրվում է մի ժամանակահատվածում, երբ զգացվում է Հայաստանի և Արցախի ներքաղաքական կյանքի, ժողովրդագրության, տնտեսության, սահմանային համայնքների, տարածաշրջանի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին անկողմնակալ և համապարփակ հրատարակությունների պակաս: Մեր աշխատանքով փորձելու ենք լրացնել այդ բացը»,- ասել է Հակոբյանը:
ԱՆԻ-ն պատրաստելու է թեմատիկ զեկույցներ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության, գյուղատնտեսության, Սփյուռքի, այդ թվում` ներքին Սփյուռքի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախյան հակամարտության մասին: Կենտրոնը կազմակերպելու է խորհրդաժողովներ, կլոր սեղաններ և հայագիտական թեմաներով տարաբնույթ ձեռնարկներ, արժեքավոր գրքերի շնորհանդեսներ:
«Հայաստանին և Սփյուռքին երբեմն պակասում է քննադատական միտքը` խարսխված հայկական օրակարգի վրա: ԱՆԻ-ն փորձելու է իր ներդրումը բերել այդ բացը լրացնելու հարցում` ներկայացնելով ոչ միայն գաղափարներ ու առաջարկներ, այլ լուծման տրամաբանական և իրատեսական տարբերակներ»,- ասել է Հակոբյանը: Նա ընդգծել է, որ ԱՆԻ-ի հրատարակությունները պետք է նպաստեն, որպեսզի սփյուռքյան կազմակերպությունները և անհատները ավելի մեծ ներգրավվածություն և ներդրում ունենան Հայաստանի սահմանային, առաջին հերթին` Ադրբեջանին անմիջական սահմանակից գյուղերի շենացման գործում:
Կարդացեք նաև
Նա ասել է, որ ԱՆԻ-ն ուշադրությամբ հետևելու է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացմանը, քանի որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանի և իր երկու անմիջական հարևանների հետ համագործակցությունը ստանում է այլ բովանդակություն և բնույթ:
Նախքան ԱՆԻ-ին միանալը, երկու տասնամյակների լրագրության փորձ ունեցող Հակոբյանը աշխատել է «Անկախություն» թերթում, «Երկիր» և «Ազգ» օրաթերթերում, Հայաստանի Հանրային ռադիոյի “Ռադիոլուր” ծրագրում, Միացյալ Նահանգների «Դը Արմինյըն ռիփորթեր» [The Armenian Reporter] անգլերեն շաբաթաթերթում, Սիվիլիթաս հիմնադրամում և վերջինիս մաս կազմող ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությունում: 2005-2012 թթ. նա աշխատակցել է Սիդնեյի SBS ռադիոյի հայկական ծառայությանը: 2005 թվականից առ այսօր նա Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի Երևանի թղթակիցն է:
2005 թվականին Հակոբյանը արժանացել է Երևանի մամուլի ակումբի` տարածաշրջանային թեմաներով գրող տարվա լրագրողի, իսկ 2009-ին ակումբը նրան մրցանակ է շնորհել «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի համար: 2014-ին Հակոբյանի «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գիրքը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի:
ԱՆԻ կոնտրոն