Կապանի տարածաշրջանի Վանեք գյուղում այս տարի Ամանորը 11 ընտանիք է դիմավորել: Ինչպես նշում են բնակիչները` ամեն տարի Վանեքում բոլորը համերաշխ ընտանիքի պես ճանապարհում են հին տարին ու նոր ակնկալիքներով դիմավորում նորը: Իսկ Նոր տարին դիմավորել են ուրախ մթնոլորտում` ամփոփելով 2014 թվականը` բոլոր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Ավանդույթի համաձայն` գյուղապետարանի կողմից էլ բոլոր ընտանիքները Նոր տարվա տոպրակներ են նվեր ստացել, առանձին տոպրակներ էլ բաժին են ընկել նաեւ գյուղի 13 երեխաներին:
Ամանորը յուրաքանչյուր ընտանիք նշել է իր տանը` տոնական սեղանի շուրջ, որից հետո գյուղի երիտասարդները հավաքվել ու ամանորյա խնջույքը շարունակել են գյուղի ակումբում: «Շատ լավ է անցնում մեզ մոտ, համերաշխ ենք, մեկը մյուսի լավը ցանկանալով: Մինչեւ հունվարի 13-ը նորից քեֆ ենք անելու…», – նշեցին բնակիչները: Ասում են` 2014 թվականը լավ տարի էր գյուղի համար.ներգաղթ կա գյուղում, Վանեքից դուրս եկած որոշ բնակիչներ կրկին գյուղ են վերադարձել, մեկ ամուսնություն է գրանցվել, Կապանում ապրող բնակիչներից ոմանք էլ հողատարածք են ցանկանում գնել եւ ամառանոց կառուցել գյուղում: Վանեքը զարգացման միտում ունի: 2014 թվականին խմելու ջրի հարցը լուծվեց գյուղում, որի շնորհիվ ամեն մի տուն իր խմելու ջուրն ունեցավ, ճանապարհները մասամբ նորոգվեցին, շարունակությունն էլ այս տարի է նախատեսվում: «2015թ.-ին որոշել ենք նաեւ Թթու ջուր կոչվող տեղանքում հուշաղբյուր սարքենք:
Վերջին տարիներին արտագաղթ չկա գյուղում, ընդհակառակը` դրսից են ներգաղթել: Համերաշխ գյուղ ենք, մեկս մյուսին օգնող, որ ընտանիք վառելափայտ չունի, հավաքվում ենք ու փայտի հոգս անում եւ այլն: Ցավոք ծերերը շատ են, ժամանակին Բաքվից, Սումգայիթից եկած բնակիչներն են հիմնականում, մահացու դեպքերը շատ են, իսկ գյուղում վերջին անգամ երեխա ծնվել է 3 տարի առաջ: 6 աշակերտ ունենք, որոնք հաճախում են մոտ 150 հեռավորության վրա գտնվող Օխտարի դպրոց: Փառք Աստծո ամեն ինչ լավ է, Կապանում պահածոների գործարանն էլ, որ բացեն կկարողանանք հանձնել այգու բարիքները եւ դժգոհելու առիթ չի լինի: Այժմ հիմնական խնդիրը նոր մեխանիզմ ձեռքբերելն է, հին տեխնիկա է, շատ հողակտորներ չենք կարողանում մշակել: Ցանկանում եմ, որ գյուղացիները լավ ապրեն, ամեն մի բնակիչ իմ ընտանիքի մի անդամն է, ինչքան լավ լինեն, այնքան ինձ ավելի լավ կզգամ», – ասաց 37 բնակիչ ունեցող Վանեքի գյուղապետ Սամվել Առաքելյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ