Ինչպես տեղեկացրել էր shirakcentre.org կայքը, այսօր կեսգիշերին Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շիրակի մարզպետարանի ու մարզային ոստիկանության շենքերից ոչ հեռու գտնվող Տեքստիլագործների քանդված հանրակացարանի մոտակայքում անհայտ մի անձ՝ վերարկուն գլխին քաշած, ռետինե մահակը մի ձեռքին, մյուսին՝ դաշույն, հետապնդել է այդ տարածքով անցնող գյումրեցի գրավաճառ Վազգեն Կարապետյանին: Նրա հետևից հասել է «Ալմաստ» հյուրանոցի դիմաց ու մահակով խփել դեմքին: Վազգեն Կարապետյանը օգնություն է հայցել այդ հյուրանոցի աշխատակիցներից, բարձրացել է աստիճաններով ու թակել պատուհանները: Այդ ժամանակ նոր միայն զինված ջահելը հեռացել է:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, գրավաճառ Վազգենը, հյուրընկալվել էր իրենց տուն՝ իր ընտանիքի Նոր Տարին շնորհավորելու, որից հետո իր սովորության համաձայն, ոտքով ուղևորվել է իր տուն, այն գտնվում է Շառլ Ազնավուրի հրապարակում: Ի դեպ, նշենք, որ այս դեպքի հետ կապված փորձեցինք զրուցել Վազգեն Կարապետյանի հետ, սակայն ամբողջ օրը նրա հեռախոսահամարներն անջատված էին: Վահան Թումասյանի պատմելով, Վազգենը զանգահարել է ոստիկանություն, սակայն ոստիկանները եկել են ուշացած. մինչև հերթապահ ոստիկանները կապվել են տեղի ոստիկանների հետ, տուժողն արդեն դեպքի վայրից հասել է իր տուն: Վազգենը ցուցմունք տվել է ոստիկանությունում, սակայն նրան ասել են, որ գործը կքննեն միայն տոներից հետո: Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ և ըստ shirakcentre.org-ի հրապարակման, «բուժօգնության համար սկզբում գումար են պահանջել, ապա իմանալով, որ նա անվճարունակ է և ոստիկանության կողմից է ուղարկված, այնուամենայնիվ անվճար սպասարկել են»:
Aravot.am-ը Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից որոշակի մանրամասներ հարցրեց այս դեպքի մասին: Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, Վազգեն Կարապետյանին քթի սալջարդ ու աջ ստորին կոպի կապտուկ վերքով տեղափոխել են բժշկական կենտրոն, հերթապահ բժիշկն այդ օրը եղել է պլաստիկ վիրաբույժը, որը վիրաբույժի հետ միասին զննել, այնուհետ ռենտգեն հետազոտության են ենթարկել ու ախտորոշել են հիվանդին: Քթանցքի ու դեմքի վերքերը մշակվել են, դրվել է վիրակապ, և հիվանդը գնացել է տուն: Իսկ վճարման հետ կապված Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ անկախ այն հանգամանքից հիվանդին ոստիկանության, շտապօգնության մեքենաներով են տեղափոխում, թե հիվանդը իր ոտքով է գալիս հիվանդանոց, եթե մարդը որևէ սոցիալական խմբի չի պատկանում, որևէ արտոնության տակ չի ընկնում, ապա նա պարտավոր է վճարել: Տվյալ դեպքում Վազգեն Կարապետյանը որևէ արտոնյալ խմբի չի պատկանել: Նրա ստացած սալջարդ-վերքը անհետաձգելի բուժօգնության ցանկում ներառված չէ, որպեսզի նրան գոնե այս արտոնությամբ անվճար բուժօգնություն ցուցաբերեին: Արմեն Խաչատրյանի պարզաբանմամբ, անհետաձգելի բուժօգնություն, ըստ օրենքի, ցուցաբերվում է ինֆարկտ, ինսուլտ ստացած հիվանդներին կամ խոշոր ոսկրերի կոտրվածքներ ստացածներին և այլ դեպքերում, որոնք ստացիոնար բուժում են պահանջում, ոչ թե ամբուլատոր: Սակայն բուժման ընթացքում հիվանդը պարտավորվում է համավճար վճարելու, համավճարը չի կիրառվում այն դեպքում, եթե նա ընդգրկված է որևէ սոցիալական խմբում, ասենք հաշմանդամության կարգ ունի և այլն: Տվյալ դեպքում Վազգեն Կարապետյանը պարտավորված է եղել վճարում կատարել, սակայն, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի, տեսնելով, որ նա անվճարունակ է, իրենք զուտ մարդկայնորեն Վազգեն Կարապետյանին անվճար, բարձորակ բուժօգնություն են ցուցաբերել, թեև այդ ծախսերը կատարվել է հիվանդանոցի հաշվին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
հերիք է բոբոլի տեղ բժիշկներին դնեք… խնդիր ունեք, գնացեք այս կարգը ստեղծած ձեր իշխանության հետ լուծեք