Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսոնաձեի «Ականջաբարձը» հայերեն

Հունվար 04,2015 14:14

Բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ լույս է տեսել վրացական արդի գրականության երեւելիներից մեկի՝  Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձ» վեպը:

Այն անցումային տարիների մասին է, մի ժամանակաշրջան, որը գրեթե չնչին տարբերությամբ ապրեցինք նաեւ հայերս:

Սա գիրք է մարդու մասին, յուրաքանչյուրիս ներքին աշխարհի, որն արտացոլվեց փորձության հայելու միջով: Գիրքը կարդացվում է մի շնչով, շնորհիվ նաեւ թարգմանչուհու, որը հավատարիմ է հեղինակին, նրա յուրօրինակ բառամթերքին:

Ահա ապրումի համառոտագրություն, որն ավելի արժե, քան հարյուր ստորակետներով իրարից բաժանված երկարաշունչ նախադասությունները. «Հացի փող: Անցա: Հեռացա: Մնաց: Ողջ: Մեռած: Չգիտեմ: Գուցե այսօր էլ ստիպված լինեմ քարշ գալ»:

Վեպի հերոսներն ըստ էության Վախոն չէ՝ հեղինակի մանկության ընկերը, Չոլախ Նանան, եւ ոչ էլ սեփական երիկամը հինգ հազար դոլարով վաճառած հերոսը, այլ այն իրականությունը, այն ժամանակաշրջանը, որի մասին հեղինակը գրում է. «Նախկինների հասարակության մեջ ցույցեր հաճախ են լինում: Պոռնիկի բարդույթ: Անզուսպ ցանկություն՝ բացատրել, թե ինչն է մղել պոռնկության: Խռպոտ խոսափողերից քեզ դասեր են տալիս, դու էսպիսին պիտի լինես: Դու էնպիսին պիտի լինես: Ինչպիսի՞ն պիտի լինել: Նրանց էլեկտորատի ՝ ընտրազանգվածի մի մասը: Այս է ու այս:

Սկզբից հիշեցնում են: Հետո՝ պահանջում: Զանգվածների վրա ներգործության ամենալավ միջոցը մասսայի կոլեկտիվ մտածողությունն է: Ունեի: Կայի: Կայի: Ունեի: Այս հասարակությունը նախկինների հասարակություն է: Ես այս հասարակության արժանավոր անդամն եմ: Առաջ գրում էի: Հետո դարձա մանր մաքասանենգ: Նախկին գրող՝ նախկինների հասարակության մեջ: Ես էլ՝ նրանց նման: Տաքսու վարորդը նախկին շինարարար է: Շինարարարական ֆրիմայի տերը՝ նախկին բժիշկ: Կարգին տղեն՝ «կալկուլյատոր» է ձեռք բերել: Մարզիկը քաղաքագետ դառնալ է երազում: Գեղջուկը վաճառական է դարձել: Կայսրությունը փլուզվել է»:

Սամսոնաձեի հերոսն ապրում է ստի ու խաբեության մեջ. «Բերանն արնոտ ես էն էի, ես էս էի: Այն սուտ ու խաբեության մեջ ես էս ունեի, ես էն ունեի: Մարդկանց չեն էլ մեղադրում: Հիմա անցել են այլ ձեւի ստի ու խաբեության»:

Վեպի հերոսը ապրել է մի քանի պատերազմներ՝ Աբխազիայի պատերազմ, Ցխինվալիի, Թբիլիսիինը: Սակայն նրա համար պատերազմը «պարտության պատերազմ» էր. «Պարտությամբ ավարտված պատերազմից հետո Վախոն վաճառեց իր ավտոմատը եւ տոնավաճառում՝ «բազրոբայում» վաճառասեղան բացեց»…

Ժամանակ առ ժամանակ նա օգնել է իր մանկության ընկերոջը, փողն այնպես էր գրպանը դնում, որ «մենակ լինեմ»:

Ու երբ ըստ վեպի, փողը կտրվեց, զգացվեց ժամանակի շունչը:

Վեպը տպագրվել է «Անտարես» հրատարակչատանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031