Նոր տարին սկսվել է երեք գողությունների պաշտոնական արձանագրմամբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող գեղեցկության սրահից 280.000 դրամ և վարսահարդարման գործիքներ են գողացել: Պարզվել էր, որ գողությունը կատարել է 1962 թ. ծնված Կամո Մ-ն, Ամանորից երկու օր առաջ:
Հունվարի 1-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ գտնվող առանձնատներից մեկի դարպասը գողացել են: 1970 թ. ծնված Մհեր Հ.-ն խոստովանական բացատրություն է տվել: Գողոնն առգրավված է:
Հունվարի 2-ին էլ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1999 թ. ծնված Հակոբ Ա.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, սրճարաններից մեկի դռան ապակին ջարդելով մտել է ներս, այնուհետև 2-րդ հարկում գտնվող գրախանութ, գողացել տարբեր ապրանքներ և խանութի դրամարկղը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: Գողոնը մասամբ առգրավված է: