Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի երեք «հաջողված պատմությունները»

Հունվար 04,2015 11:39

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր պաշտոնական կայքէջում ունի բացառիկ մի խորագիր՝ «Հաջողված պատմություններ», որում ներկայացվում են իրենց կենտրոնի տարվա ամենադրական ձեռքբերումները:

2014 թվականի ամենահաջողված պատմությունները երեքն էին՝ կապված ՀՀ ոստիկանության, Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի եւ ՀՀ Ազգային ժողովի դեմ գործերի հետ:

Սկսենք, ԾԻԳ-ից:

2013թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարչական պատասխանատվության է ենթարկել Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ռուբեն Հարությունյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։

Ըստ ԻԱԿ-ի, դա երրորդ նման նախադեպն է, երբ պաշտոնյան ենթարկվում է տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով՝ տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարելու համար։Առաջին նման գործը, երբ 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի է ենթարկվել պաշտոնյան, ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործն էր 2009 թ.-ին, իսկ երկրորդ դեպքում վարչական պատասխանատվության ենթարկված տեղեկություն տնօրինողը ոչ թե պետական մարմին էր, այլ հանրային նշանակության մասնավոր կազմակերպություն` «Դուստր Մարիաննա»ՍՊԸ-ն՝ 2013թ.-ին:

Ըստ ԻԱԿ-ի, երկրորդ հաջողվածը ՀՀ ոստիկանության հետ»պատմությունն» էր: «Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության» ինդեքսը ստանալուց հետո ՀՀ Ոստիկանությունը դիմել էր ԻԱԿ-ին` խնդրելով ԻԱԿ-ի աջակցությունը` ՀՀ Ոստիկանության գործունեությունը տեղեկատվության ազատության առումով բարեփոխելու եւ Ոստիկանության www.police.am պաշտոնյան կայքի միջոցով հրապարակայնություն ապահովելու համար:

ԻԱԿ-ի եւ Ոստիկանության համագործակցության արդյունքում նախ ավելացավ Ոստիկանության կայքում ներառված տեղեկատվությունը. այսուհետ Ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում հասանելի են. ոստիկանությունից տեղեկություն ստանալու կարգը, տեղեկություն ստանալու օրինակելի ձեւը, ոստիկանություն դիմած քաղաքացիների գրությունների վիճակագրությունը,  գաղտնազերծված տեղեկությունները, անձնագրային բաժինները առցանց հետեւելու հնարավորությունները, ոստիկանության տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյաների կոնտակտային տվյալները:

ՀՀ Ոստիկանության պետի` 17.09.2014թ. ցուցումով ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, Կրթահամալիրի, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների, ինչպես նաեւ նրանց տարածքային բաժինների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետերին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում նշանակել տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձանց:

Ցուցումի մեջ նշված էր նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին: Ոստիկանության կողմից իրականացված փոփոխությունները եւ հրապարակված նոր տեղեկությունների հաշվի առնելով` ԻԱԿ-ը փոփոխություն մտցրեց ինդեքսում առկա համապատասխան հարցերում, ինչի արդյունքում Ոստիկանության ցուցանիշը 58.5 միավորից դարձավ 70.5 միավոր, իսկ նախկին 25-րդ հորիզոնականից Ոստիկանությունը բարձրացավ 7-րդ հորիզոնական:

Անցյալ տարի, ՀՀ Ազգային ժողովի դեմ նախաձեռնած դատական գործի շնորհիվ հրապարակվեցին ԱԺ նախագահի կարգադրությունները։ 2013թ.. դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ճանաչելով ԻԱԿ-ի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնելով ԱԺ-ին տրամադրել մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը:

ԱԺ-ն մերժել էր տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների որոշ պատճեններ` պատճառաբանությամբ, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ: Ուստի, ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, «ՀՀ վարչական դատարանի որոշումը կարեւոր էր այն առումով, որ դատարանը դիրքորոշում հայտնեց, թե որ դեպքերում իրապես կան տեղեկության տրամադրումը սահմանափակելու հիմքեր: Այս դատական գործի շնորհիվ դատարանի մեկնաբանությունները կարող են վկայակոչվել համանման դեպքերում, երբ պետական մարմինը ոչ իրավաչափ հիմքով կմերժի տեղեկատվության տրամադրումը»:

Դատարանի այս որոշումն ունի նախադեպային նշանակություն այն առումով, որ դատարանը ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը: Սա կարեւոր էր, քանի որ միայն իրավունքի խախտումը ճանաչելն է հնարավորություն տալիս լիարժեքորեն ձեռնամուխ լինել իրավունքի խախտման հետեւանքների վերացմանը` պահանջել նախապես չտրամադրված տեղեկություններ, պահանջել վնասների հատուցում եւ այլն:

ԱԺ-ն նույնպես փոխհատուցեց նաեւ ԻԱԿ-ի դատական ծախսերը` 50.000 ՀՀ դրամի չափով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031