Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթ. ի՞նչն է պակասում հայերին սեփական երկրում

Հունվար 04,2015 11:18

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) ընթերցողի դատին հանձնեց փորձագիտական խմբի ուժերով պատրաստված տարեվերջյան ուրվագիր-գրքույկը, որը կրում է «Հայաստան-2014. Ճանապարհ դեպի անհայտություն» խորագիրը:

Ահա մի հատված այդ գրքույկից:

2014 թվականին երկրից հեռանալու գործընթացի թափը չի թուլացել:

Հայաստանի քաղաքացիները նախանձելի համառությամբ շարունակում են ապագան կապել հեռու երկրների հետ՝ բնավ չմտածելով իրենց որոշումների հետեւանքների մասին:

Բնակչության թվաքանակը գնալով նվազում է՝ խախտելով ժողովրդագրական հավասարակշռությունը:

Արտագաղթը մնում է երկրի ազգային անվտանգության վիժեցման գլխավոր գործոններից մեկը:

Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ս.թ. նոյեմբերին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա տասն ամսում միայն օդային փոխադրամիջոցով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել մոտավորապես 40 հազար մարդ:

Անցած տարվա նույն ժամանակամիջոցում օդուղիներով երկիրը լքածների ու չվերադարձածների թիվը կազմել է 29 հազարից մի փոքր ավելի:

Այդպիսով՝ 2013 թվականի համեմատ այդ ցուցանիշը բարձրացել է ավելի քան 36 տոկոսով:

Ըստ նոյեմբերի 7-ի մամլո ասուլիսում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի արած հայտարարության՝ ամեն տարի Հայաստանը լքում է բնակչության 1 տոկոսը: «Եվ դա ամենամեղմ գնահատականն է: Դա նշանակում է, որ ամեն տարի մեր առանց այն էլ փոքր շուկան 1 տոկոսով կրճատվում է»,- ասել է Եգանյանը: Նրա խոսքով՝ տասը տարվա ընթացքում երկրից հեռացել ու այլեւս չեն վերադարձել 320 հազար հայաստանցիներ:

Արտագաղթի աճի առաջին պատճառը, ժողովրդագրի դիտարկմամբ, ցածր աշխատավարձերն են, երկրորդը՝ սոցիալ-բարոյական գործոնները, մասնավորապես ապագայի հանդեպ անվստահությունը, երրորդը՝ աշխատատեղերի բացակայությունը:

Նրա վկայությամբ՝ հիմնականում մեկնում են սոցիալապես ակտիվ մարդիկ, որոնց թիվը բնակչության 5-6 տոկոսից չի անցնում:

Արտագաղթը խթանող գործոնների թվում են՝ տնտեսական ծանր վիճակը, փոքր ու միջին բիզնեսում մրցակցության անհավասար պայմանները, աշխատատեղերի սղությունը եւ, որպես դրա հետեւանք, զանգվածային գործազրկությունը:

Երկիրը լքում է բնակչության առավել գործունակ մասը՝ գլխավորապես երիտասարդությունը:

Արտագաղթողների գերակշիռ տոկոսը տղամարդիկ են, ովքեր վաստակի համար մեկնում են հիմնականում Ռուսաստան եւ այնտեղից տրանսֆերներ ուղարկում իրենց ընտանիքներին:

Տղամարդկանց երկարատեւ բացակայությունը հաճախ ընտանիքների քայքայման պատճառ է դառնում եւ, բացի դրանից, խախտվում է երկրում արական ու իգական բնակչության հարաբերակցությունը, ինչի հետեւանքով երիտասարդ կանայք վերարտադրության ամենաակտիվ շրջանում հնարավորություն չեն ունենում ամուսնանալու եւ ծննդաբերելու:

Կրճատվում է ինչպես դպրոցականների, այնպես էլ զորակոչիկային տարիքի քաղաքացիների թիվը՝ առաջացնելով երկրի անվտանգության լրջագույն սպառնալիք:

Խնդիրներ են ծագում նաեւ՝ կապված բնակչության ծերացման ու կենսաթոշակառուների թվի մեծացման միտումների հետ, ինչն իր հետ բերում է բյուջետային ծախսերի ավելացում:

Journal_2014_coverԴրա հետեւանքների հաղթահարումը բավական ցավոտ է, որովհետեւ ծանրության առյուծի բաժինը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների եւ նմանատիպ այլ օրենսդրական փոփոխությունների տեսքով, ընկնում է համամասնորեն փոքրաթիվ աշխատողների ուսերին: Մինչդեռ ամենից առաջ պահանջվում են արտագաղթը զսպելու արդյունավետ միջոցներ, որոնք առայժմ գործի չեն դրվում:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անկախ Հայաստան, Նիկոլի բոստան, խմբապետ Կոստան

  2. Սեւակ says:

    Հո դուք թուրք չե՞ք. արտագաղթը որ կասեցնեք, զսպեք՝ էս ժողովոուրդը իրար միս ուտե՞ն: Գոնե տենց փախնում փրկվում են Ձեզանից…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031