Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամենամեծ ընծան մեր մաքուր և ազնիվ սիրտն է». Տ. Դավիթ քհն. Սահակյան

Հունվար 03,2015 17:24

 «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3.16): Հունվարի 6-ին Հայ Առաքելական  Եկեղեցու խորաններից մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ և տրվում փրկարար ավետիսը՝ «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ. մեզ եւ ձեզ մեծ ավետիս»: Այսօր մեզ համար ի՞նչ խորհուրդ և կարևորություն ունի 2000 և ավելի տարիներ առաջ կատարված այդ իրադարձությունը. այս  և այլ հարցերի մասին մեզ հետ զրուցում է  Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանը:

 

-Տեր Հայր, ինչո՞ւ  աշխարհ եկավ Քրիստոս: Ո՞րն  էր մարդացյալ Աստծո առաքելությունը:

-Քրիստոս աշխարհ եկավ`մարդուն փրկության բարձրագույն պատվին արժանացնելու: Մեզ` Քրիստոսին հավատացողներիս  համար Սուրբ Ծնունդը մեծ խորհուրդ ունի. Աստվածորդին մարդանում է մեզ համար, մարդանում` մեր մեղքերն ու չարագործություններն Իր վրա վերցնելու, դրանց համար խաչը բարձրանալու և մեղավորներիս փրկագործելու: Խորհրդաբար` Քրիստոս ամեն հունվար 6-ին ծնվում է մեզ համար: Ինչպես հարյուրամյակներ առաջ, այսօր նույնպես կան մարդիկ, ովքեր ապրում են առանց Նրան հավատալու, առանց փրկության հույսի, բայց Քրիստոս  կրկին ծնվում է և´ իրեն հավատացողների, և´ անհավատների, և´ չարագործների համար, որպեսզի ամեն անգամ, մարդուն դարձի բերելով, փրկության արժանացնի:

-Մոգերը Նրան ընծաներ բերեցին` ոսկի, կնդրուկ և զմուռս (ոսկին խորհրդանշում էր Մանկան թագավոր լինելը, կնդրուկը` Հիսուսի աստվածությունը, զմուռսն էլ` Տիրոջ քավչարար մահը):  Մենք ի՞նչ  կարող ենք ընծայել  նորածին Փրկչին:

-Ամենամեծ ընծան մեր մաքուր և ազնիվ սիրտն է: Ամանորը տոնելով` չմոռանանք Սուրբ Ծննդյան`առավել կարևոր խորհուրդը: Ի վերջո, եկեղեցի ենք գալու` բերելով մեր սիրտը, այն դնելու Քրիստոսի առջև և ասելու. «Վերցրու, Տեր: Սա է իմ ամենամեծ ու ամենաթանկագին ընծան, որ կարողացել եմ բերել Քեզ: Վերցրու և նայիր այնտեղ. ի՞նչ կա թաքնված` սե՞ր, թե՞ կեղծիք, շահամոլություն»: Ուրեմն` մաքրենք մեր սրտերը և դրանք անկեղծությամբ ընծայաբերենք մարդացյալ Փրկչին:

Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ» (Յովհ.15.12),-պատվիրում է Տերը:  Իսկ ինչպե՞ս կարող  է արտահայտվել մեր սերը:

-Նախ` ճշմարիտ, աստվածային սեր ունեն այն մարդիկ, ովքեր հավատում են  Աստծուն, Քրիստոսի Ծննդյանը և խաչի վրա գամվելով` մեր փրկագործության իրականությանը: Սերը մարդու մեջ Աստծո ներկայությունն է: Եթե մարդ այդ սիրուց մաս և բաժին չունի իր մեջ, չի կարող սեր ունենալ իր նմանի հանդեպ. իր չունեցածից չի կարող բաժին հանել: Մենք, տեսնելով մեր նկատմամբ Աստծո ողորմածությունն ու բարեգթությունը, գիտակցում ենք, թե որքան մեղավոր ենք, Աստծո մեծության մեջ մեր նսեմությունն ենք տեսնում: Ուստի, գիտակցելով մեր հանդեպ աստվածային ողորմության, գթասրտության մեծությունը` սիրով, ջերմությամբ, գթությամբ և ողորմությամբ լցվենք մեր նմանի հանդեպ: Ինչպես Աստված է մեզ հնարավորություններ տալիս` բարձրացնում, հաջողություններ պարգևում, մենք էլ չպետք է մոռանանք այն մարդկանց, ովքեր մեր օգնության, աջակցության կարիքն ունեն, կարիքն ունեն մեր ձեռքմեկնումի, որպեսզի նրանց ևս բարձրացնենք, չէ՞ որ Աստված է մեզ բարձրացնողը: Ցավոք, ժամանակակից պայմաններում շատ քիչ է Աստծո «պահանջած» սերը,  նյութապաշտ  աշխարհում մարդն այդ սերը ճշմարիտ ձևով չի դրսևորում:

-«Մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու» (Մարկ. 10.45): Պողոս Առաքյալը ևս պատվիրում է. «Սիրով ծառայեցեք միմյանց» (Գաղ.5.13): Ինչպե՞ս հասկանալ այս խոսքերը:

– Եվրոպայում, օրինակ, այսպիսի մի սովորություն կա. որոշ երիտասարդ ուսանողներ կամավոր, իրենց ցանկությամբ շաբաթվա մեջ մեկ օր են ընտրում և այցելում ծերերին կամ հաշմանդամություն ունեցողներին` մեկ ամբողջ օր նրանց նվիրելով: Կցանկանայի, որ մեզ մոտ ևս լիներ այս ծառայությունը:

Ի վերջո` ամենամեծ ծառայությունն ու օրինակը հենց Քրիստոս տվեց. աշխարհի Ստեղծիչն իջավ Իր բարձունքից` ծառայելու ժողովրդին: Մեր փրկության համար Մարդացյալ Աստված Իր իսկ ստեղծած  մարդկային ձեռքերից ապտակ, լեզվից` քննադատական, խայթիչ խոսքեր ընդունեց, միաժամանակ, Երկնավոր Հորից  թողություն խնդրելով նրանց համար. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34):

Քրիստոս մեզ օրինակ տվեց սիրով ծառայելու, ներելու ու հասկանալու միմյանց: Թող Տիրոջ Ծննդյան խորհուրդն ամենքիս համար դառնա հրավեր նոր` խաղաղ, ստեղծագործ, սիրով լի կյանքի:

 

 

Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031