Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական երկու գործողությունների մասին:
Ադրբեջանի ՊՆ-ն սա անվանել է «սուտ եւ հորինվածք»:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրության մեջ ասված է, թե «սառը խրամատում թաքնված, դժվար ու անտանելի պայմաններում սառած հայ զինվորին ամենուր երեւում են ադրբեջանական դիվերսանտներ»:
«Հայկական զինված խմբավորումների միջեւ հաշվեհարդարների եւ հակասությունների արդյունքում՝ պարբերաբար տեղի են ունենում փոխհրաձգություններ, եւ ամեն անգամ այդ կապակցությամբ ադրբեջանական կողմին մեղադրելն արդեն ձեռք է բերել ավանդական բնույթ»:
Կարդացեք նաև
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաեւ հաղորդել է, թե լրջորեն պատրաստվում են «օկուպացված հողերի վերադարձին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հանդես եկել հայտարարությամբ, ըստ որի «Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները»:
Պատրաստեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ