Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցի իրավական կողմերը. երեք արժեքավոր աշխատանքներ

Հունվար 02,2015 11:50

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին՝ 2014 թվականին, հրատարակվեցին մի շարք կարևոր աշխատություններ՝ նվիրված ցեղասպանության պատմաիրավական հանգամանքներին, հետևանքների հաղթահարման և ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության վերաբերյալ հարցերին: ArmScoop-ն առանձնացրել է երեք արժեքավոր աշխատանքներ:

Marukyan-12014 թ. մարտի 10-ին լույս տեսավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և պատմաիրավական հիմնավորումները» աշխատությունը (խմբագիրներ՝ պ.գ.դ., ակադ. Ա. Մելքոնյան, ի.գ.թ. Վ. Վարդանյան):

Գրքում փորձ է կատարվում, համապատասխան պատմական փաստերը միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հետ համադրելով, վեր հանել հայերի դեմ գործված ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և նախանշել դրանց հաղթահարման պատմաիրավական հիմքերն ու հնարավորությունները: Աշխատության հեղինակը հանգամանորեն քննության է առել, մասնավորապես, հետևյալ հարցերը՝ Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության՝ Հայկական հարցի հետ կապված պարտավորությունները և Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը ըստ միջազգային փաստաթղթերի, երիտթուրքերի 1919 թ. դատավարության և Սողոմոն Թեհլիրյանի դատական գործի պատմաիրավական նշանակությունը, ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի պատմաիրավական քննությունը և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի պատմաիրավական նշանակությունը՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման համատեքստում:

∗∗∗

Marukyan-00142014 թ. նոյեմբերին Արմեն Մարուքյանի հեղինակությամբ լույս տեսավ մեկ այլ կարևոր աշխատություն՝ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» խորագրով (խմբագիրներ՝ պ.գ.թ. Հ. Սուքիասյան, ի.գ.թ. Լ. Գևորգյան): Այս գրքում արդեն հեղինակն անդրադառնում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան՝ Հայոց ցեղասպանության գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները: Աշխատության առաջին գլխում ներկայացված են Միջազգային դատարան դիմելու իրավական հիմքերն ու նախադեպերը, ինչպես նաև՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման դատական պրակտիկան: Երկրորդ գլխում ներկայացված են Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան ներկայացվելիք հայցադիմումի կազմման ու ներկայացման հիմնախնդիրներն ու հնարավորությունները: Միաժամանակ գրքի վերջում հավելվածի տեսքով անդրադարձ է կատարվել «Թուրքիայի հանրապետության հրահրմամբ և աջակցությամբ քեսաբահայության նկատմամբ կատարված հանցագործությունների քննության հնարավորությանը Միջազգային քրեական դատարանում»:

∗∗∗

ICLAW-Genocide-216x300Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու նպատակով կարևոր քայլ կատարվեց նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից, որի հիմնադիր անդամներ, միջազգայնագետ-իրավաբաններ Վլադիմիր Վարդանյանի, Եղիշե Կիրակոսյանի և Լևոն Գևորգյանի համահեղինակությամբ 2014 թ. դեկտեմբերին լույս տեսավ «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցը: Այն հրատարակվել է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտության արդյունքում: (Այդ մասին առավել մանրամասն տես «Legalinfo.am» կայքում):

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և ուղեցույցում ներկայացվել են Հայոց ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի հարցը և արարքի որակման խնդիրը, Թուրքիայի պատասխանատվության հնարավոր ձևերն ըստ միջազգային իրավունքի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցի բարձրացման հնարավոր տարբերակները և այլն։ Հետազոտության իրականացման հիմնական նպատակն է ունենալ մի գրավոր փաստաթուղթ, որը կարտացոլի այն հիմնական միջազգային իրավական հիմնավորումները և վերլուծությունները, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կողմից` անհրաժեշտության դեպքում:

Հայկական գիտական համագործակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031