Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանն` ինչպես որ էր

Հունվար 02,2015 10:52
Vahan Hovhannisyan

1992-ին, երբ դեռ աշխատում էի «Ազգ» օրաթերթում եւ հոդված էի գրում Ղարաբաղում երկիշխանության մասին՝ Մանվել Սարգսյանն ինձ ծանոթացրեց Վահան Հովհաննիսյանի հետ: Այդ օրվանից սկսած՝ բազմաթիվ առիթներ եղան նրա հետ հարցազրույցներ անելու, լուսաբանելու նրա գործունեությունը:

Իր վառ անհատականությունը եւ սուր հումորը դրսեւորվում էր միշտ, երբ նախընտրական հանդիպումների էր գնում, երբ վարում էր ԱԺ նիստերը, անգամ երբ շփվում էր իրեն դատող դատավորի հետ:

Առանձնացրել եմ այս մի հրապարակումը, որ ռեպորտաժ է, թե ինչպես Վահան Հովհաննիսյանն ազատ արձակվեց բանտից: Այս հոդվածի համացանցային տարբերակը մինչ այժմ չի եղել, քանի որ 1998-ի փետրվարին «Առավոտը» դեռ չուներ իր կայքը:

IMG_1810

Սկզբում նշվում էին տոները, ապա` ձերբակալությունները, իսկ հետո որոշեցին համատեղել

Ակնհայտորեն առայժմ ամենահաջող ընտրարշավը Ռոբերտ Քոչարյանն է անցկացնում՝ խոսում է երկքաղաքացիության անհրաժեշտության մասին, բոլոր կուսակցությունների հետ խորհրդակցություններ անցկացնում, Դաշնակցությունը վերաբացվեց, Հրանտ Մարգարյանին ազատ արձակեցին, երեկ էլ նաեւ Վահան Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվեց: Իհարկե, այս ամենի անհրաժեշտությունը Ռոբերտ Քոչարյանը վաղուց էր պնդում: Սակայն մեր այս երկու դրույթները տվյալ դեպքում միմյանց չեն հակասում ու բացառում:

Վերջին օրերին անընդհատ հետապնդող ինչ-որ զգացողություն է, թե այս ամենն արդեն եղել է՝ մոտ անցյալի մասին արդեն նշել եմ՝ «Ղարաբաղ» կոմիտեի բանտարգելությունից ազատումն էր:

Իսկ երեկ էլ՝ առավել հեռավոր անցյալի հետ զուգահեռ գտա, այսպես կոչված, դաշնակցական փետրվարյան «ավանտյուրային» կամ «ապստամբությանը» նմանություններ. այդ օրերին էլ էին մարդիկ բանտերից ազատելու գնում շատ անգամ հաշմված դաշնակցական գործիչների…

Իհարկե, զուգահեռն այնքան էլ տեղին չէ, այս անգամ բոլորովին էլ դաշնակցությունը չի «ապստամբել» կամ, ըստ կոմունիստ պատմաբանների, «ավանտյուրա» սարքել: Հետո երեկ ամեն ինչ ավելի զուսպ էր: Ուղղակի «հանկարծ», բնականաբար առանց որեւէ վերին հրահանգի՝ արդարադատության խորհրդի անդամ, «31»-ի գործով դատական կոլեգիայի նախագահող Դավիթ Ավետիսյանի մտքով անցավ Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) մեկուսարանից տեղեկանալ, հետաքրքրվել Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին, այնտեղից էլ բնականաբար պատասխանեցին, որ այն շատ վատ է (այլեւս անիմաստ էլ է հիշեցնել, թե այս մասին որքան է գրվել): Դե, տագնապած դատավորն էլ անմիջապես որոշում կայացրեց Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը նկատի առնելով՝ նրա խափանման միջոցը փոխել: Հենց որ այս որոշումը հասավ ԱԱՆ մեկուսարան՝ 15 րոպե անց Վահան Հովհաննիսյանին ազատ արձակեցին:

Դա արդեն երեկոյան ժամը 5-ին էր, ու մինչ այդ հիմնավորապես սառած հայ հասարակայնության տվյալ փոքրիկ հատվածը հասցրել էր ԱԱՆ-ի «պրոպուսկնոյ բյուրո» ցուցանակի եւ ՀՅԴ Բյուրոյի միջեւ ինչ-ինչ փոխառնչություններ գտնել, անեկդոտներ հորինել այն մասին, որ մենք ԱԱՆ մտնող-դուրս եկող մեքենաների դիմավորման հանձնախումբն ենք, նաեւ նախագծեր մշակել, որ ԱԱՆ-ի հաջորդ շենքի դարպասներն, այնուամենայնիվ, պիտի փոքր-ինչ ավելի արեւահայաց լինեն:

Հիմա կասեն՝ «արդարությունը հաղթանակելու, պատմական այս իրադարձության մասին այս ինչ անլուրջ է գրում»: Հըմ: Ասողները Վահան Հովհաննիսյանին չեն լսել ԱԱՆ-ի դարպասներից դուրս գալուց հետո:

Բայց մինչ այդ խոսքուզրույցը ներկայացնելը մի փոքր շեղվենք: Այս ընթացքում անընդհատ փորձել եմ փաստաբան Անահիտ Եսայանին, որը պաշտպանել է եւ Հրանտ Մարգարյանի, եւ Վահան Հովհաննիսյանի շահերը, նման մի պատմահամեմատական վերլուծություն- հարցազրույցի «սադրել», թե նրանցից ո՞ր մեկին պաշտպանելն էր ավելի հաճելի, ո՞ւմ հետ էր ավելի դժվար զուտ մարդկայնորեն շփվելը եւ այլն: Սակայն Անահիտ Եսայանը հարցերիս ընդհանուր պատասխաններ էր տալիս. «Նույնիսկ հնարավոր չէ համեմատել: Շատ տարբեր են, երկուսն էլ շատ հետաքրքիր են, հզոր ու շատ լավն են»:

«Նրանցից ո՞ր մեկը հումորի առավել սուր զգացում ունի» հարցին էլ պատասխանեց. «Վահանը հումոր ունի, բայց Հրանտն էլ… ախր չեմ կարող ասել՝ ում հետ էր ավելի հեշտ կամ դժվար»:

Ինձ համար այս հարցի պատասխանը միանշանակ է, եւ երեկ մեկուսարանից դուրս գալուց հետո Վահան Հովհաննիսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ քաղաքական լուրջ գործիչ համարվելուց բացի՝ նաեւ սրամիտ է:

«Վահան ջան, Լավ եղիր, մոռացիր ամեն ինչ»,- ոգեւորված գոռում էր մի ծերունի: «Մոռացա»,- անմիջապես հեզ ձայնով համաձայնեց նա:

Կիմ Բալայանին տեսնելով՝ «անակնկալի» եկավ. «Քեզ բա՞ց են թողել: Ես կարծում էի… վայ… Հետո էլ ասում եք՝ ինչ իրավիճակ է Հայաստանում: Սարսափելի է, Կիմն ազատության մեջ է»:

Ձեռքերի վրա բարձրացրած տարան՝ գոռում էր. «Բաց թողեք ինձ: Իջեցնեք երեւի»:

Ոտքերի մոտ Պետրոս Մեղրյանը գառ մորթեց, Վահան Հովհաննիսյանն իբր վրդովվեց. «Բարբարոսություն է, ես հետ եմ գնում բանտ»:

Ցվետանա Պասկալեւային տեսավ ու հիշեց. «Ինչ վերաբերում է կանանց՝ շարվեք ըստ հասակի»:

Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես ընդունեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին լուրը, ասաց. «Հրաժարվե՞լ է, խի… Ոնց է նման դեպքերում ասում Վանո Սիրադեղյա՞նը… ես տեղյակ չեմ դրան»:

Վերջապես լուրջ խոսեց. «Իհարկե շատ բաներ կան ասելու, բայց կարծում եմ ավելի ճիշտ կլիներ՝ մամուլի ասուլիսում անդրադառնալ դրանց, որովհետեւ, ինչպես տեսնում եք, հիմա մի քիչ հուզական պահ է: Եվ երկրորդը, ճիշտն ասած՝ զուտ ֆիզիկապես էլ հիմա ի վիճակի չեմ ինչ-որ վերլուծություններ անել կամ ձեզ ասել այն, ինչ մտածել եմ այս վերջին օրերին»:

Այնուամենայնիվ երեկ մի երկու հարցի պատասխանեց: Նախ, իր հետագա անելիքների մասին ասաց. «Անկախ ընտրություններից, իմ առաջիկա անելիքն է մնացած բոլորին բանտից արագորեն հանելը», իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ է մտածում սեփական թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, պատասխանեց. «Դա որոշելու է իմ կուսակցությունը: Ես, վերջապես, ԳՄ անդամ եմ («Ներկայացուցիչը»,- ուղղեցի, «Հա՞»,- զարմացավ.- Ա.Ի.) եւ որպես այդպիսին հնարավորություն կունենամ այդ հարցը քննարկել մոտական օրերին կամ, միգուցե ժամերին»:

Մի մասնավոր խնդիր, Դաշնակցությունը Հայաստանում վերագրանցվեց, եւ Հրանտ Մարգարյանն ազատ արձակվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Դրո» գործով նախկին բանտարկյալ Գեղամ Մանուկյանի ծննդյան օրը. «Հաստատապես կյանքիս ամենամեծ նվերներն այս ծննդյան օրը ստացա»,- խոստովանեց Գեղամ Մանուկյանը:

Ի դեպ, եւ նա, եւ հետո էլ այս գործերով դատապաշտպաններ Ռուբեն Սահակյանն ու Հովհաննես Ասրյանը նշեցին, որ պիտի փորձեն հասնել Հրանտ Մարգարյանի եւ Վահան Հովհաննիսյանի լիակատար արդարացմանը: Միջնորդությամբ կդիմեն հանրապետության գլխավոր դատախազին, որ նա բողոքարկի Հրանտ Մարգարյանի վերաբերյալ դատավճիռը, նաեւ հետագա բոլոր որոշումները բեկանելու ու հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճելու համար:

Այնուամենայնիվ, արդյոք «31-ի» գործով ողջ ճշմարտությունը բացահայտվե՞ց, մեր հարցին Վահան Հովհաննիսյանի հասարակական պաշտպան Բագրատ Եսայանը մասնավորապես պատասխանեց. «Այդ մասին հարցրեք դատավորին եւ դատախազին: Իսկ այն, ինչ գիտի փաստաբանը՝ հրապարակման ենթակա չէ»:

Մի վերջին մեկնաբանություն: Վահան Հովհաննիսյանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանն ասաց. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանություններից ու նախագահից դժգոհությունը բնական էր, եւ դա չէր կարելի որակել իբրեւ հայրենիքի դավաճանություն, հեղաշրջման փորձ կամ պետական կարգը փոխելու կոչ»:

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

1998-ի փետրվարի 11

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սրանք բոլորը պատմություններ են՝ լինեն դրանք մի փոքր աջ կամ ձախ: Փա՛ստն այն է,որ այդպիսի ՀԱՄՈԶԻՉ հաղթանակից (ու այդքան արյուն զոհաբերելուց) հետո , Արցախն այդպես էլ de jure չմիավորվեց ՀՀ-ին: Դեռ ավելին՝ այսօր ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև ՈՉ ՄԻ միջպետական պայմանագիր չկա՝ ո՛չ մի ոլորտում:

    Սա պա՛րզ կերպով նշանակում է մի բան. որ, հատկապես 1994 թ.-ից հետո, ՀՀ և ԼՂՀ ԲՈԼՈՐ (հատկապես իշխանության մաս կազմած) քաղաքական գործիչները լավը չե՛ն:

  2. Մարի Մերտխանեան says:

    Յարգելի Ա. Իսրայէլեան,
    Շնորհակալ եմ այս հրապարակումին համար: Այնքա՜ն վառ նկարագրած էք թէ՛ պահը, թէ՛ Վ. Յովհաննէսեանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031