Դեկտեմբերի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այցելեց հայ խաղաղապահներին, ովքեր նոյեմբեր ամսից իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն են իրականացնում «Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելության կազմում:
Հանդիսավոր արարողությունից հետո դեսպանին ողջունեց առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը: Վերջինիս գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, այնուհետև դեսպան Քոչարյանը ստորագրեց պատվավոր այցելուների մատյանում, իտալական հրամանատարությանը իր խորին երախտագիտությունը հայտնեց հյուրընկալության համար և համոզմունք հայտնեց, որ UNIFIL-ի ընտանիքին միացած հայ խաղաղապահներն իրենց կարևոր ներդրումը կունենան բարեկամ Լիբանանի խաղաղության ամրապնդման գործում:
Հայ խաղաղապահների հետ ունեցած հանդիպման ժամանակ դեսպանը որոշ մանրամասներ ներկայացրեց Լիբանանի ներքաղաքական կյանքի, լիբանանահայ համայնքի և հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին: Դեսպանը հայ խաղաղապահներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց նրանց բարի և անվտանգ ծառայություն, հաջողություններ և ամենայն բարիք:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն