Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց դատավորի թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, իր, Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի և Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Ստրասբուրգում նախատեսված է հունվարի 16-ին: Դրանից հետո Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում պատվիրակները կընտրեն Հայաստանը ներկայացնող դատավորին։
Ըստ Արա Ղազարյանի, իրենց հարցազրույցի հրավիրելու փաստն արդեն իսկ վկայում է, որ ԵԽԽՎ-ի համապատասխան հանձնաժողովը հաստատել է երեք թեկնածուների ցանկը։
Հիշեցնենք, այդ ցանկի շուրջ մտահոգություններ էր արտահայտել Երևանում թեկնածուների ընտրության գործընթացը դիտարկած «Իրավունքի Եվրոպա միավորումը»՝ հայտարարելով փաստաթղթերի ընդունման ու հարցազրույցի փուլերում«խայտառակ խախտումներ» արձանագրելու մասին։
Կարդացեք նաև
Կազմակերպությունը համոզված էր, որ ցուցակը ԵԽԽՎ-ում չհաստատելու «լուրջ հիմքեր կան»։ «Իրավունքի Եվրոպան» մասնավորապես հովանավորչության ռիսկեր էր տեսնում նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հետ կապված՝ վկայակոչելով այն փաստը, որ նրա անունը հավակնորդների գրանցամատյանում հայտնվել էր փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից շուրջ կես ժամ անց։
Կազմակերպությունն իր արձանագրած փաստերը զեկույցի տեսքով ուղարկել էր ԵԽԽՎ։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում