Թանկագին հայրենակիցներ
Արցախի Ազգային ժողովի եւ իմ անունից շնորհավորում եմ Ամանորի եւ
Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, ստեղծագործ աշխատանք եւ
բարեկեցություն:
2014 թվականը մեզ համար նշանավորվեց որպես Ադրբեջանի կողմից պարտադրված
պատերազմում զինադադարի հաստատման քսանամյակի տարի, բայց, ցավոք, այն մեզ
չմոտեցրեց վերջնական խաղաղության: Ավելին, անցնող տարին թերեւս
ամենալարվածն էր զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին`
հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական եւ այլ սադրանքների առումով:
Մենք ունեցանք մարդկային թանկ զոհեր, ավելի մեծ էին Ադրբեջանի
կորուստները: ԼՂՀ Պաշտպանության բանակը գտնվեց իր բարձրության վրա՝
կարողանալով եւս մեկ անգամ հակառակորդին թելադրել մեր կամքը: Դա եղել եւ
շարունակում է մնալ մեր հայրենիքում խաղաղ եւ ինքիշխան ապրելու կամք,
արժեք, որը սակարկման ենթակա չէ:
Անցնող տարին բարդ էր նաեւ միջազգային առումով: Մեր տարածաշրջանում ու
նրանից դուրս տեղի են ունենում տարաբնույթ զարգացումներ, որոնց մեծ մասը
նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են պարունակում մեր ազգային-պետական
շահերի համար:
Անկախ այդ դժվարություններից, մեր երկիրն անցնող տարում շարունակական
լուրջ ջանքեր է ներդրել սոցիալ-տնտեսական կայունության ապահովման
ուղղությամբ: Պետությունն, այսպիսով, կատարում է իր սահմանադրական
հանձնառությունները:
Թանկագին հայրենակիցներ, մենք գիտենք, որ առօրյա կյանքում առկա են շատ
դժվարություններ, կան հարցեր, որոնց լուծումը տարիներով ուշանում է: Բայց
դրանք առկա են ամենուր: Դժվարությունները մերն են, ինչպես որ մերն են
Արցախյան պատերազմի հաղթանակները, մեր երկրի ազատությունը եւ
ինքնիշխանությունը:
Առաջիկա մայիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կձեւավորվի վեցերորդ գումարման ու արդեն մշտական գործող Ազգային ժողովը:
Այդ հնարավորությունը մեզ պետք է ոչ թե բաժանի քաղաքական ճամբարների, այլ,
ընդհակառակը՝ միավորի ուժերը: Միայն երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ
բարձր պատասխանատվությամբ է, որ մենք կարող ենք դրսեւորվել որպես առանձին
քաղաքական ուժեր եւ անհատներ: Լիահույս եմ, որ խորհրդարանական
ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար, եւ մենք աշխարհին կներկայանանք
որպես արդեն կայացած ժողովրդավարական երկիր:
2015-ը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրության մեջ է մեր հավաքական
պատասխանը նրանց, ովքեր փորձեցին համաշխարհային քաղաքակրթությունից եւ
քաղաքականությունից վերացնել հայ ազգային ինքնությունը:
Մենք հաղթահարեցինք անցած դարասկզբի այդ ծանր փորձությունը, իսկ
դարավերջին հաղթեցինք: Հաղթեցինք, քանի որ անկախ պետություն ստեղծեցինք: Եւ
պիտի զորացնենք մեր հայրենիքը:
Այս վստահությամբ եւ հավատով վերստին ջերմ մաղթանքներ եմ հղում երկրի
սահմանները հսկող զինվորականությանը, հայ ժողովրդին՝ Արցախում, Մայր
Հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն