Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարականով` Եղվարդ քաղաքի 16 ընտանիք ստացել է բնակարանի սեփականության վկայագիր

Դեկտեմբեր 30,2014 15:30

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը կատարված է. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի 16 ընտանիք այսօր ստացել է բնակարանի սեփականության վկայագիր: Այս մասին կառավարության ղեկավարը խոստացել էր նշված շենքի բնակիչներին ս.թ. օգոստոսի 27-ին Կոտայքի մարզ աշխատանքային այցի ժամանակ:

Եղվարդի Երևանյան 17 հասցեում գտնվող շենքի բնակիչները վարչապետին էին դիմել իրենց կողմից դեռևս 1991 թ. զբաղեցրած բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու խնդրանքով, և Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, Կոտայքի մարզպետարանին և Եղվարդի քաղաքապետարանին՝ կազմակերպել այդ բնակարանները սեփականության իրավունքով բնակիչներին տրամադրելու գործընթացը:

Շենքը պատկանում էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբան» ԲԲԸ-ին, և ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր համապատասխան որոշում՝ թույլատրելով «Ընդերքաբան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող 120 մլն դրամ շուկայական արժեք ունեցող բնակելի շենքը (ընդհանուր մակերեսը 1673.6 ք/մ) մասնակի հատուցմամբ 30 մլն 516 հազ. 838 դրամ արժեքով օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և անհատույց նվիրել շենքում բնակվող 16 ընտանիքին:

Շենքի բակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ 16 ընտանիքին բնակարանների սեփականության վկայագրերը հանձնել են ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից շնորհավորել է բնակիչներին բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու առիթով և խնդրի լուծման գործում կարևորել պատկան մարմինների հետևողական աշխատանքը:

Գուրգեն Դումանյանը խորհրդանշական է համարել Ամանորի նախաշեմին բնակարանների սեփականության վկայագրերի հանձնումը և, շնորհավորելով գալիք տոների առթիվ, մաղթել առողջություն և հաջողություն:

Նշելով, որ սա ամանորյա լավագույն նվերն էր իրենց ընտանիքների համար, բնակիչները շնորհակալական խոսք են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խոստումը կատարելու և իրենց կողմից տասնյակ տարիներ բարձրացված հարցին վերջնական լուծում տալու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031