Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ոստիկանապետի եւ քննչական բաժնի պետի նկատմամբ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Դեկտեմբեր 30,2014 13:57

ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետի և քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ծանր հետևանքներ առաջացրած` պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի և ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը և ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևան քաղաքի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ:

Ա. Ազիբեկյանը և Ա. Ավետիսյանը 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը և ոստիկանության բաժնի պետը, համալիրի սեփականատեր Ա. Խոջումյանից տեղեկանալով, որ նա Աշոտ Այդինյանի ուղղությամբ մարտական փամփուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցներ է արձակել, նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, նախ որոշել են թաքցնել դեպքը, ապա դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած` մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:

Ա. Ազիբեկյանը և Ա. Ավետիսյանը հրահանգավորել են Անդրանիկ Խոջումյանին դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ:

Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել և ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտակ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մինչդատական վարույթում Անդրանիկ Խոջումյանի և Անդրանիկ Ազիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031