Կապանից 35 կմ հեռավորության վրա գտնվող Տանձավեր գյուղի բնակիչներն ամեն անգամ գյուղից քաղաք հասնելու համար դժվարությունների են հանդիպում: Կապանից դեպի Տանձավեր տրանսպորտ գործում է շաբաթը միայն մեկ անգամ, շաբաթվա մյուս օրերին բնակիչները ստիպված են լինում մարզկենտրոն հասնելու այլ տարբերակներ փնտրել: Տանձավերի բնակիչ Հարութ Գեւորգյանի խոսքով` միայն հինգշաբթի օրն են կարողանում ավտոբուսով գյուղ գնալ, իսկ մյուս օրերին գյուղից քաղաք կամ քաղաքից գյուղ գնալու համար ստիպված են լինում տաքսի վարձել, ինչն էլ թանկ է գյուղացու գրպանի համար: Նշենք, որ տվյալ տրանսպորտային միջոցից օգտվում են ոչ միայն տանձավերցիները, այլեւ նույն երթուղուց օգտվող եւս մի քանի գյուղերի բնակիչներ: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով` ուղեւորահոսքի բացակայությունն է պատճառը, որ շաբաթական միայն մեկ անգամ է տրանսպորտ աշխատում այդ ուղղությամբ: «Մենք պարբերաբար հայտարարություններ ենք տալիս, բայց հայտ ներկայացնողներ չեն լինում: Կապան-Ծավ, Կապան-Ուժանիս, Կապան-Գեղանուշ, Կապան-Անտառաշատ ուղղություններով հասարակական տրանսպորտ չի աշխատում, քանի որ այդ երթուղիների սպասարկման համար տրված հայտարարություններն անարձագանք են մնացել, ոչ մի կազմակերպություն չի ցանկացել մասնակցել: Նմանատիպ վիճակ է նաեւ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում»,- ասաց պարոն Աղաբեկյանը:
Երթուղիները սպասարկող կազմակերպությունները տարբեր առիթներով նշել են, որ իրենց ձեռնտու չէ աշխատել ուղեւորահոսքի բացակայության պայմաններում, այժմ առավելեւս, երբ վառելիքի գինը թանկացել է:
Սարիկ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցները գործում են նույն սակագնով եւ ուղեվարձի թանկացումներ վերջին շրջանում չեն եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ