Այս տարվա մայիսի 7-ից Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում ևս սկսեցին սրտի ստենդավորում կատարել՝ Շիրակի մարզում զգալիորեն կրճատելով ինչպես մահվան դեպքերը, այնպես էլ հիվանդների՝ այս նպատակի համար Երևան հասնելու ու այնտեղ բուժվելու ծախսերը: Նշենք, որ Գյումրում ստենդավորման գինն ավելի էժան է. Երևանում մոտ 2 միլիոն դրամ է, Գյումրիում 1 միլիոն 600 հազար դրամ: Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, 6 ամսվա ընթացքում իրենք ամսական 12-13 ստենդավորում են կատարել, և սա այն դեպքում, երբ մայրաքաղաքի որոշ բուժհաստատություններ 1-2 հատ են կատարում, ընդ որում իրենք աշխատել են ոչ այդքան մեծ բուժանձնակազմով, ընդամենը մեկ բժիշկ է աշխատել: Այս նույն կենտրոնի ինվազիվ ծառայության ղեկավար, սրտաբան Կարեն Միքայելյանի փաստելով էլ, մայիսի 7-ից տեղափոխվելով Գյումրի ու աշխատելով բժշկական կենտրոնում՝ արդեն 115 ստենդ է տեղադրել: Այս ընթացքում Գյումրիում ստենդավորման են եկել նաև Արարատից ու Վանաձորից, ինչպես նաև մեկ հոգի արտասահմանից: Սակայն, որոշակի խնդիրներ են առաջացել վճարման հետ կապված. բանն այն է, որ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը համաձայնել է «նիսյայով» ստենդ տեղադրելուն, սակայն որոշ հիվանդների կյանքը փրկելուց հետո վերջիններս հրաժարվել են գումարը վճարել: Այդ պատճառով էլ Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարությունը դատի է տվել մի քանիսին: «Ունեցանք մեկ մահացու ելք, կատարվել էր 4 ստենդավորում, և գումարը կազմում էր երեք միլիոն երեք հարյուր վաթսուն հազար դրամ: Բժշկական կենտրոնը վերջնական որոշեց, որ հրաժարվելու է, բարոյական չի համարում մահացած մարդու դատի տալը, չնայած օրենքը և նրա ստորագրած ամեն ինչ թույլ էր տալիս, բայց մենք հրաժարվեցինք: Բայց կան 3 միլիոն 570 միլիոն դրամի վճարում չկատարած մարդիկ, ովքեր հիմա առողջ ապրում են, սակայն խնդիր են սարքել, իսկ մենք ունենք նյութեր գնելու և այլն, հիմա իրենց դատի ենք տվել: 3 հատ այդպիսի դատ է սկսվում հունվարի տոներից հետո: Համոզված ենք, որ դատերը կշահենք: Ունենք 12 միլիոն չվճարած դրամարկղ գումար, այսինքն` պայմանավորվել ենք, որ ենթադրենք երկու ամսվա ընթացքում գումարը քիչ-քիչ մարեն, չեն կարողացել: Թեև շարժ կա, ենթադրենք 1 միլիոնից կեսը մուծել են, կեսը մասնատել են, պայմանագրեր ենք փոխել, որ մինչև ապրիլ, մայիս , հունիս ամիսները կարողանան մարել: Չնայած ասենք, որ 15 միլիոնը շատ լուրջ թիվ է, որով կկարողանայինք գոնե մեր աշխատավարձի ֆոնդը 30 տոկոսը փակել, թեկուզ դեղորայք կգնեինք»,- ասում է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենը:
Մանրամասները տեսանյութում՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ