Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը հակաբնապահպանական և հակասոցիալական չէ

Դեկտեմբեր 29,2014 19:15

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի շուրջ Գառնի համայնքում կայացած հանրային լսումներին պարբերաբար  հետևում են  բնապահպանական որոշ կազմակերպությունների և լրատվամիջոցների արձագանք- մտահոգությունները, որոնց վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ենք ներկայացնում:

Նախ վստահեցնում ենք, որ նախագծի պատվիրատու և իրականացնող կողմերն  ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի և <<Հայհիդրոէներգանախագիծ>> ՓԲԸ-ի,  պակաս մտահոգ չեն երկրի և մասնավորապես տվյալ նախագծին առնչվող  սոցիալական  և բնապահպանական խնդիրներով: Հետևաբար,  նախագծում, բացի տնտեսական շահավետությունից, ներառված են նաև մեր մասնագետների  մոտեցումները, տրված են բոլոր հիմնական հարցադրումների պատասխանները: Դրանք բազմիցս ներկայացվել են մասնագիտական քննարկումների, ինչպես նաև շահառու համայնքներում կազմակերպված հանրային լսումների ընթացքում:

Վերջին քննարկումը Գառնիում կայացել է դեկտեմբերի 20-ին, որն, ի տարբերություն նախորդ հանրային քննարկումների տապալման փորձերի, ընթացել է երկխոսության մթնոլորտում:

Հանրային քննարկումները նախաձեռնվել են` հաշվի առնելով <<ՇՄԱԳ և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով ամրագրված՝ հանրության ծանուցման և հանրային լսումների պահանջը, որպեսզի  դրանց արձանագրությունները նույնպես ներառվեն փորձաքննության ներկայացվող հայտում: Ինչը և արվել է՝սկսած լսումների մասին պատշաճ ծանուցումից:

Ի դեպ, նույն նախագծի շուրջ hանրային լսումներ են  նախաձեռնվել և իրականացվել նաև Արարատի մարզպետարանում`  12 համայնքների, ՋՕԸ-երի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ողջունելով հանդերձ Գառնի համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը կազմակերպված հանրային լսումներին, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում փաստել, որ համայնքի կողմից ներկայացված և  որոշ լրատվամիջոցներում շրջանառվող արձանագրությունը մասամբ է միայն արտացոլում հանրային լսումների ընթացքը, հնչած հարցադրումներն ու դրանց պատասխանները, մեկնաբանություններն ու պարզաբանումները (դրանք առավել օբյեկտիվ արտացոլված են տեսագրությունում): Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ արձանագրությունում (թեև ներկայացվածն առավելապես կարելի է համարել համայնքի բնակիչների դիրքորոշումներն ու մտահոգությունները ներառող գրություն, քան արձանագրություն) ներկայացված փաստերն ու կարծիքները հիմնավորված չեն: Գրության մեջ նշված կետերին համապատասխան մեր կողմից ներկայացնում ենք հետևյալ փաստարկներն ու պարզաբանումները` համապատասխան հիմնավորումներով.

  1. Ազատ գետի գլխամասային հատվածում բնապահպանական թողքը հաշվարկված է ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատված բնապահպանական թողքի գնահատման մեթոդիկային համապատասխան, որի համար օգտագործվել են Ազատ-Գառնի հիդրոլոգիական դիտակետի բազմամյա տվյալները: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական թողքի վերահսկմանը, ապա վերահսկման մեխանիզմներ կան և դրանք պետք է կիրառվեն ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից: Պնդումը, թե տարածքը գտնվում է <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի տարածքում, չի համապատասխանում իրականությանը: Գլխամասի կառուցապատման և խողովակաշարի անցկացման աշխատանքները ոչ մի տեղում չեն հատում Ազատ գետը, որն այդ հատվածում  <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի սահմանն է: Մեր կողմից ևս մեկ անգամ վերլուծվել են ՀՀ կառավարության 2009թ-ի ապրիլի 23-ի N 500-Ն որոշմամբ հաստատված <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի սահմանների նկարագիրը, հատակագիծը և քարտեզագրական նյութերը: Ծրագրի իրականացման տարածքները  Ազատ գետի աջափնյա տեղամասերում են, իսկ արգելոցը գտնվում է գետի ձախ ափին:
  2. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը տեղակայված է ՀՀ կառավարության 2008թ-ի N 967-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված <<Բազալտե երգեհոն>> բնության հուշարձանի (ժողովրդական լեզվով առավել հայտնի՝ <<Քարերի սիմֆոնիա>>) տարածքից 1.3 կմ դեպի վար` գետի հոսանքով: Ներկայումս դեռևս չկա այս հուշարձանի հաստատված անձնագիրը, բայց նույնիսկ դրա առկայության կամ  բնության այս հուշարձանի  և պահպանման գոտու սահմանների հստակեցման պարագայում 1.3 կմ-ը բավականաչափ հեռավորություն է` պնդելու համար, որ նախագծի իրականացումը բնական հուշարձանի վրա էական ազդեցություն չի ունենա:  Հարկ ենք համարում վստահեցնել, որ մեր մասնագիտական և դաշտային ուսումնասիրությունների, ինչպես նաև առկա գրականության տվյալների նույնականացման միջոցով պարզել ենք, որ ծրագրով էնդեմիկ ծառատեսակների հատում չի նախատեսվում: Խողովակաշարի որոշ տեղամասերում միգուցե անհրաժեշտություն առաջանա հատելու ուռենու, մասրենու և պտղատու ծառերի մի քանի առանձնյակներ:

Ազատ գետի էկոհամակարգի պահպանությունը կարևոր սկզբունք է և կմնա այդպիսին ծրագրի իրականացման բոլոր փուլերում, իսկ գետը որպես բնակմիջավայր չի վտանգվի, քանի որ պահպանվելու է բնապահպանական թողքը: Կարմրախայտ ձկնատեսակի իսպառ վերացման կամ այդ ձկնատեսակի էնդեմիկ լինելու մասին պնդումները ևս զուրկ են հիմնավորումներից: Կարմրախայտ (Salmo trutta fario) ձկնատեսակը Հայաստանի համար էնդեմիկ չի հանդիսանում, այն տարածված է ոչ միայն մեր երկրում, այլև Եվրոպայի, Կովկասի, Փոքր Ասիայի, Անդրկովկասի գետերում (Ս. Պիպոյան, Ձկնաբանություն և ձկնաբուծություն, Երևան-2012, էջ 167):

  1. Անհրաժեշտ է փաստել, որ Ազատ գետի կիրճում գտնվող և Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգին առնչվող ոչ բոլոր հողատարածքներն են ոռոգվում Ազատ գետի ջրով: Դրանց մի մասը ոռոգվում է Ազատի կողային ելքերով, որոնց վրա ծրագիրն ազդեցություն չի ունենա: Իսկ այն հողատարածքները, որոնք  ծրագրի ազդեցության գոտում կլինեն, ոռոգման ջուրը կկարողանան ստանալ կառուցվելիք ինքնահոս համակարգից:
  2. Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նախագծային ինստիտուտը 22.06.2014թ-ի համապատասխան գրությամբ դիմել է Գառնիի գյուղապետ պարոն Ա. Վարդանյանին` խնդրելով ներկայացնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման խողովակաշարի իշխման տակ գտնվող հողակտորների մասին տեղեկատվություն, սակայն պատասխան  է ստացել, որ այդ հողերը չեն ոռոգվում:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը, որի բաղադրիչներից մեկով նախատեսված է կառուցել 4 ինքնահոս ոռոգման համակարգեր` Մեղրիի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նորակերտի և Գեղարդալճի:  Քաղցրաշենի համակարգի նպատակն է ինքնահոս ոռոգման ջուր ապահովել Արարատի մարզի 12 համայնքների 854 հա հողերի համար, որոնք ներկայումս ոռոգման ջուրն ստանում են պոմպակայանների միջոցով` ծախսելով տարեկան շուրջ 11 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Բացի դա, այս համակարգի կառուցումը հնարավորություն կընձեռի ոռոգման ջրով ապահովել ևս 378 հա նոր ոռոգելի հողատարածքներ: Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը նախատեսվում է տեղակայել Ազատ գետի վրա` Ազատ և Գողթ գետերի միախառնումից 1 կմ ներքև: Ջրառը նախատեսվում է իրականացնել միայն ոռոգման սեզոնին`ապրիլից մինչև հոկտեմբեր, պահպանելով գետի բնապահպանական թողքը, որը հաշվարկվել և հաշվի է առնվել նախագծում և կազմում է 0.85մ3/վրկ: Բոլոր հաշվարկները, ցուցանիշները և նկարագրությունները մանրամասնորեն ներկայացված են նախագծում:

Ինչ վերաբերում է նախագծի իրականացումից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցության գնահատմանը, ապա տեղեկացնում ենք, որ այն նույնպես իրականացվել է և սահմանված կարգով կներառվի ընդհանուր նախագծային փաթեթում և կներկայացվի բնապահպանական փորձաքննության:

Միաժամանակ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը և առկա կարծիքների բազմազանությունը,  պատրաստակամություն ենք հայտնում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ այսուհետ ևս շարունակել բաց, հրապարակային փոխգործակցությունը մասնագիտական անաչառ դիտարկումների, առաջարկությունների  և նույնքան անաչառ տեղեկատվության ակնկալիքով:

Ջրային տնտեսության ԾԻԳ աջակցող թիմ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031