Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «2014-ին հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվա­ճում­ները պաշտպանելու իր վճռականությունը»

Դեկտեմբեր 29,2014 18:30

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Սիրելի հայ ժողովուրդ,

պարոնայք սպաներ, զինվորներ ու ազատամարտիկներ

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, և ամենակարևորը` խաղաղություն, որը մենք պաշտպանեցինք նաև վտանգներով ու մարտա­հրավեր­նե­րով լի 2014 թվականին:

Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տաս­նա­մյակներում նախադեպը չունեցող սահմանային լարվածու­թյամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդա­դա­­րող սադրանքներին, մեծածավալ աշխատանքներ իրականաց­վե­ցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման աս­պա­րեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնա­մար­տական նոր ու ավելի բարդ խնդիրների կատարմանը, մար­տա­կան կիրառման շրջաններում զորավարժությունների անցկաց­մա­նը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը:

Շարունակվեցին պաշտպանության ռազմավարական վերա­նայ­ման, միջազգային ռազմական համագործակ­ցու­թյան ընդ­լայնման ու խորացման, նոր ռազմական տեխնիկայի ու սպառազի­նության ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջ­նագծի ինժեներական կա­հա­վորման բարելավման, ժամա­նա­կակից արգելափակոցների, ծու­ղակների և տեխնիկական միջոց­ների տեղա­դրման, հումանիտար ականա­զերծ­­ման, զինվորա­կան ծառայու­թյա­նը վերաբերող օրե­նս­դրության լրամշակման աշխատանքները:

Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասա­րա­կական վերահսկողության ընդլայնման, բարեվարքության ամ­րա­­պնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, արտակարգ պատա­հար­­ների նվազեցման և աճող սերնդի հայրենասիրական դաստի­արա­կու­թյան ասպարեզներում: Ձևավորվեցին նաև այնպիսի գեղե­ցիկ ավան­դույթներ, ինչպիսիք են մարզերում զորամիավո­րումների հրա­մանատարության հանդիպումներն իրենց զինվորների ծնող­ների հետ և զոհված զինծառայողների ծննդյան ու զոհվելու օրերին այցելությունները նրանց ընտանիքներին:

Անցնող տարին մենք սկսեցինք «արատավոր բարքերի դեմ պայքարի» նշանաբանով և համագործակցելով դպրոցների, բու­հերի, հասարակա­կան ու պետական տարբեր կառույց­ների հետ՝ կարողացանք կարգապահության ոլորտում իսկապես բարձր ցուցա­նիշներ արձանագրել:

2014 թվականը պատմության մեջ կմնա նաև որպես մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվա­ճում­ները պաշտպանելու իր վճռականությունը: Չնայած հակա­ռա­կոր­դի կողմից «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխելու փորձերին և անգամ ուսումնավարժական թռիչք կա­տա­րող ուղղաթիռը դարանակալ հարվածով խոցելու ամոթալի քայլին՝ Հայկական բանակը չտրվեց սադրանքի և, գործնա­կանում կի­րառելով «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը, կարողա­ցավ պատվով դուրս գալ իրավիճակից:

Հակառակորդն իր դավադիր քայլերի համար վճարեց բազմա­պա­տիկ մեծ կորուստներով, իսկ մենք գտանք մեր նորօրյա հերոս­նե­րին, ովքեր իրենց կյանքի գնով Հայկական բանակին թույլ տվե­ցին պահպանել Հայոց երկու պետությունների սահմանների ան­ձեռն­մխելիությունը: Եվ այսօր, մեր մերձավորներին շնորհավորելով Ամանորի առթիվ ու գալիք տարում հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք, առաջին հերթին պիտի «Հավերժ փառք» ասենք հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած մեր բոլոր հին ու նոր նահատակներին:

Ու նաև պիտի հպարտանանք այն զինվորներով ու հրամա­նա­տարներով, ովքեր հեռվում գտնվող միջազգային զորավարժարան­նե­րից զորավիգ եղան խրամատներում կանգնած իրենց մարտ­ընկեր­ներին: Հիշե՛նք միջազգային զորավարժությունների ընթաց­քում հայկական ստորաբաժանումների բարձր արդյունքները, հայ­կական անձնա­կազ­մերի հաղթական մասնակցությունը «Տանկային բիաթլոն-2014» մրցումներին, միջազգային մրցույթ-հավաքում Մոն­թե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների նվաճած երեք ու կես տասնյակ մեդալները և Հայաստանում նմա­նատիպ հավաքներ անցկացնելու իրավունքի նվաճումը:

Սիրելի հայրենակիցներ

Սկսվում է 2015 թվականը, որը բոլորիս համար ոչ միայն նոր հույսերի ու սպասումների տարի է, այլև երբևէ չսպիացող վշտի հար­յուրամյա տարելիցը: Ոգեկոչելով մեր բյուրավոր նահատակ­նե­րի հիշատակը՝ միշտ պիտի հիշենք, որ հայրենի շեներում թե տա­րագրության ճամփաներին նրանք զոհվեցին անկախ Հայաստա­ն ու հզոր բանակ երազելով: Մեր միասնականության շնորհիվ Հայ­ոց բանակն այսօր վստահորեն պաշտպանում է Հայաս­տա­նի ու Ար­ցախի սահմանները և այլևս թույլ չի տալու սարսափելի անցյալի կրկնությունը: Ամրապնդե՛նք այդ միասնու­թյու­նը` պաշտ­պանելու համար Հայաստանի ազատության ու ան­կա­խության իրական պահապաններին` այս հաղթական խաղաղու­թյու­նը ո՛չ թե տոնից տոն, այլ ամե՛ն օր մեզ նվիրող 18-20 տարե­կան մեր զավակներին:

2014 թվականին հայոց բանակի ձեռքբերումները ցայ­տուն կերպով ապացուցում են, թե հասարակության հետ սերտ հա­մա­գործակ­ցու­թյան և հասարա­կության օժանդակու­թյան դեպ­քում ի¯նչ հսկա­յա­կան բարձունքների կարելի է հասնել բանակային կար­գա­պա­հության և ընդհանրապես զինված ուժերի պատրաս­տու­թյան ոլորտում: Ապացուցում են, որ հայ ժողովրդի համա­խմբմամբ զորացած հայոց բանակը անպարտելի է: Այժմ՝ բազում անելիք­ներով, մարտահրավերներով լի 2015 թվականի նախա­շեմին, ես հայոց բանակի ամբողջ անձնակազմի խորին շնորհա­կալու­թյունն եմ փոխանցում մեր հասարակությանը՝ զինված ուժերի շուրջը համախմբվելու, ինչպես նաև մեզ վստահելու, հավատալու համար:

Վստահ եմ, որ տոնական այս օրերին ամանորյա եղևնիների գույնզգույն շղթաների ու լույս­ե­րի միջից դուք անընդհատ տեսնում եք նաև զինվորական համա­զգեստները հագին Արաքսից մինչև Տավուշ, վերաբնակեցվող Մարտակերտ ու Օմարի լեռնանցք` մար­տական հենակետերում Հայաստանն ու Արցախը պաշտպանող զինվոր­ների ու նրանց հրամանատարների, Աֆղանստանում, Կոսո­վոյում ու Լիբանանում շնորհակալ առաքելություն իրականացնող խա­ղաղա­պահ զինծա­ռա­յողների պայծառ դեմքերը:

Կրկին շնորհա­վորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ, և թող 2015-ը դառնա համազ­գային նվաճումների, հայրենա­նվեր բոլոր մտահղացում­ների ու նախաձեռնությունների իրականացման տարի:

Աստված մեզ պահապան:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031