Առողջական լուրջ խնդիրներ ունի գուսան Հայկազունը, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողներին այս մասին հայտնեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նա նշեց, որ ազատամարտիկ, վիրաբույժ Տարոն Տոնոյանը անձամբ է վիրահատել գուսան Հայկազունին եւ հոգացել է վիրահատության ծախսերը. «Հիմա գուսան Հայկազունի առողջական վիճակը վտանգված է եւ բուժումը պետք է այստեղ կատարենք: Վաղը նա պետք է բուժման հաջորդ կուրսն ընդունի, ընկերներով կարողացել ենք որոշակի խնդիրներ լուծել: Կոչ եմ անում բոլորին աջակցություն ցույց տալ ազատամարտիկին, որպեսզի առողջ տեսնենք կենդանի լեգենդին»:
Նրա խոսքերով՝ փետրվար ամսին նախատեսվում է համերգ անցկացնել՝ «Ապրի՛ր առողջ, գուսան Հայկազուն» խորագրով: Նաեւ «Անելիք» բանկում բացվել է հաշվեհամար եւ ցանկացողները այդ եղանակով կարող են իրենց աջակցությունը ցույց տալ գուսանին:
Երգիչ Արսեն Գրիգորյանը հավելեց, որ դա օգնություն չէ, այլ յուրաքանչյուրի պարտականությունն է աջակցել գուսան Հայկազունին: Նա նշեց, որ արդեն իրենց աջակցությունն են ցուցաբերել Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Գինոսյանը եւ այլք. «Գուսան Հայկազունը մեր ազգի համար, մեր պետության համար անփոխարինելի զինվոր է: Եթե միայն հիշենք իր «Հայեր միացե՛ք»-ը, այն մեզ բոլորիս համախմբեց եւ այսօր մենք բոլորս պետք է համախմբվենք եւ մեր գուսանի կողքին կանգնենք»:
Կարդացեք նաև
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը ասաց, որ պատերազմի առաջին օրվանից իրենց կողքին է եղել գուսան Հայկազունը, եւ հաղթանակը նրա շնորհիվ է. «Հայկազունը պետք է մեր կողքին լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
հաճեցեք տալ դրամատան հասցէն որ կարողանանք մէնք ալ մասնակցիլ այդ նուիրական գործին