ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց ՀՀ ՊՆ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի N զորամաս։ Նախարարը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, զինվորներին և սպայակազմին առաջին հերթին մաղթեց քաջառողջություն:
«Ձեր ընտանիքներին, ձեր օջախներին ցանկանում եմ այն ամենը, ինչ մաղթում եմ իմ երեխաներին, իմ ընտանիքին: Շնորհավորում եմ գալիք տոների առթիվ: Թող Նոր տարվա մեջ ձեր առողջությունը լինի մեր հովանու ներքո և ձեր պաշտպանությունը լինի մեզանից անպակաս»,- ելույթում նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Նախարարը շնորհավորեց նաև հրամանատարական կազմին, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը և ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ զինված ուժերում երկարամյա ծառայության և արգասաբեր աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարը պատվոգրեր հանձնեց զորամասի բուժծառայության պետ Աղավնի Գևորգյանին, համաճարակաբան, բուժծառայության մայոր Ալվարդ Եփրեմյանին: Նախարարության կողմից հուշանվերներ փոխանցվեցին նաև զորամասի աշխատակիցներին:
Կարդացեք նաև
Բանակ հասարակության կապի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ ՊՆ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի հրամանով պատվոգրեր տրվեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:
Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն հայտնեց այցելության համար` հույս հայտնելով, որ առաջադրված խնդիրները պատվով կկատարվեն, իսկ ծանոթությունը կվերափոխվի բարեկամության:
Արմեն Մուրադյանը ծանոթացավ զինվորների առօրյային և զորանոցի պայմաններին, շրջեց զորամասով, այցելեց բուժկետ, զրուցեց զինվորների և անձնակազմի հետ:
ՀՀ առողջապահության նախարարություն