Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին և գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը:
Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի:
Մենք լավ ենք գիտակցում, որ այսօր գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրները բազմազան են և առանձնահատուկ հոգածության, ամենօրյա ուշադրության կարիք ունեն, ուստի այսուհետ ևս գյուղացու հոգսը թեթևացնելու նպատակով շարունակվելու է պետական աջակցությունն ու օժանդակությունը:
Լիահույս եմ, որ գալիք տարում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում նոր հեռանկարներ են բացվելու մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Միության մեծ ու տարողունակ շուկան անսահմանափակ հնարավորություններ կարող է ստեղծել թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի շահավետ պայմաններով իրացման և մեր գյուղացիական տնտեսությունների համար կայուն եկամուտների ապահովման գործում:
Կարդացեք նաև
Եվ այսօր, ձեր աշխատանքի նկատմամբ ունեցած մեծագույն հարգանքով ու երախտիքով, մաղթում եմ առողջություն, երջանկություն, լավատեսություն ու բարօրություն:
Թող Նոր տարին մեր երկրի ու հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության ու հզորացման, իսկ հողի մշակի համար` առատ բերք և բարիքի տարի:
Աստված մեզ պահապան: