Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. ««Ե՛վ, ե՛ւ»-ը կամ «կա՛մ, կա՛մ»- ն այսօրվա քաղաքականության մեջ  գոյություն չունեն»

Դեկտեմբեր 29,2014 16:10

«2014 թվականի ամենաանցանկալի երեւույթը ԵՏՄ վավերացումն էր Ազգային Ժողովի կողմից»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ ԱԺ-ի կողմից ԵՏՄ վավերացումը պատմական փաստ էր, որը բնորոշում է պետականության զարգացման փաստացի հետընթաց: Նա նկատեց, որ անդամակցությունը փաստացի դիմադրություն չստացավ, ըստ նրա, եթե դիմադրություն տեղի ունենար, ապա ԱԺ-ն դա չէր վավերացնի:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Զարուհի Փոստանջյանի կարծիքով 2015 թվականին ինչպե՞ս կզարգանան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նա պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի Դաշնությունը եւ ինչ իրադարձություններ տեղի կունենան ՌԴ քաղաքական դաշտում. «Հայաստանի համար ավելի նպաստավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում այնպիսի քաղաքական իրադարձություններ տեղի ունենան, որոնք ՌԴ քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ապրել ոչ թե ավտորիտար ռեժիմի ներքո, այլ՝ ժողովրդավար: Եթե ժողովրդավար կարգերն այնտեղ գործեն, ապա մեր հնարավորությունները քաղաքակիրթ աշխարհի հետ հավասարը հավասարի հետ շփվելու, իհարկե՛, կընդլայնվեն: Իսկ եթե ավտորիտար ռեժիմն ավելի է խորանում, ապա մեր հնարավորությունները, իհարկե՛, կնվազեն եւ արդեն մենք չենք որոշումներ ընդունելու, այլ մեր տեղը ինչ-որ մեկը պետք է որոշումներ ընդունի: Տվյալ պարագայում՝ այդ մեկը Ռուսաստանի Դաշնությունն է»:

Նրա խոսքերով «ե՛ւ, ե՛ւ»-ը կամ «կա՛մ, կա՛մ»- ն այսօրվա քաղաքականության մեջ  եւ ընդհանրապես գոյություն չունեն. «Դու պետք է հստակ քո համար ընտրես այն քաղաքականությունը եւ այն մոդելը, որի ներքո ցանկանում ես զարգանալ: Մենք ցանկանում ենք զարգանալ որպես ազատ, անկախ պետություն, մինչդեռ այս գործընթացները, որոնք անցյալ տարվանից սկիզբ են առել ենթադրում են ոչ անկախ եւ ոչ ազատ պետություն, ենթադրում է ինչ-որ մի տարածքի բռնակցված մաս կազմել, դեռ ավելին՝ այդ տարածքում իշխում են ավտորիտար կարգեր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031