Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորները՝ Վահան Հովհաննիսյանի մասին

Դեկտեմբեր 29,2014 12:57
vahan hovhannisyan

ԱԺ պատգամավորները երեկվանից Ֆեյսբուքի իրենց էջերում ցավակցական խոսքեր են հրապարակում կյանքից վաղաժամ հեռացած իրենց գործընկերոջ՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի մասին: Ահա մի քանիսն այդ գրառումներից:

Karen Avagyan

Կարեն ԱՎԱԳՅԱՆ. – Եթե տեսնեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան: Վահան Հովհաննիսյան. «Կասեի, որ ոչ շատ արագ եւ ոչ հեշտությամբ, սակայն հավատացի եւ հավատում եմ նրա գոյությանը եւ այն բանին, որ աշխարհը ստեղծվել է իր կողմից: Անգամ իմ մասնագիտությունը, որը, կարծես թե, պիտի շեղեր ինձ այդ հավատքից, շատ հստակ հաստատում է իր գոյությունը». «Մեդիամաքս» Մարտ 11, 2012

Աստված հոգիդ լուսավորի Ընկեր Վահան»:

Margarit-Yesayan

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ. «ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ….. տխուր եւ տխուր լուր, ցավալի, ցավոտ եւ ցավեցնող մահ… Երբ ինձ հարցում էին ով է ամենախարիզմատիկ եւ տպավորիչ քաղաքական գործիչը, միշտ պատասխանել եմ՝ Վահան Հովհաննիսյանը, ինքը անհատականություն էր, բարդ, չմարսվող, չուտվող, ուժեղ… ինքը այն կերպարն էր, որ երբ մոտենում էր ԱԺ ամբիոնին, բոլոր լրագրողները, նաեւ՝ իր գործընկեր պատգամավորները համակ ուշադիր էին դառնում՝ Վահանն է խոսում, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում նրա վարած նիստերը նիստ վարելու մաստեր-կլաս էին, հումորով, խելքով, մտքով, կծոցներով եւ աչքերի խորը քմծիծաղով:

Դեկտեմբերի նույն այս օրը ուղիղ մեկ տարի առաջ նա նշանակվեց ՀՀ դեսպան Գերմանիայում, բոլորս հույս ունեինք, որ այս նշանակումը նաեւ նրա առողջության համար նպաստավոր կլիներ, ցավոք՝ կարճ…..

Տարիներ առաջ, դատարանում, վերջին նիստին, որից հետո իրավիճակի փոփոխության շնորհիվ ընկեր Վահանը եւ մյուսները ազատ արձակվեցին, ես ներկա եմ եղել, այդ օրն ենք ծանոթացել, Բագրատ Եսայանը մեզ ծանոթացրեց … շատերի հետ եմ ծանոթացել, բայց Վահան Հովհաննիսյանի հետ այս ծանոթությունը մնաց հիշողությանս մեջ, շատ տպավորված էի:

Հետագայում հարցազրույցների համար հանդիպում էինք, այնքան էինք խոսում առանց ձայնագրիչի, որ վերջում մնում էի առանց այդ օրվա նյութի…. Հայ քաղաքական կյանքից հեռացավ խարիզմատիկ քաղաքական գործիչը, ուժեղ անհատը, մարդը, միտքը»:

 

Naira-Karapetyan

Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «Վահան Հովհաննիսյանի հեռանալը ցավ է բոլորիս համար։ Ինձ բախտ վիճակվեց թեկուզ և կարճ ժամանակով ծանոթ լինել, շփվել, սովորել..

Ցավակցում եմ հարազատներին, բոլոր ընկերներին և մտերիմներին։ Իրոք, մեծ է կորուստը։
Հանգչեք խաղաղությամբ, ընկեր Վահան»:

Ruben-Hakobyan

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ. «ՎԱՀԱՆԸ: 97թ. էր: Բանտում էիր: Իշխանությունը քաղաքական ինչ-որ պայմաններ էր դրել՝ քեզ ու Հրանտին վաղաժամկետ ազատելու համար: ԳՄ-ին նամակ գրեցիք՝ հատու, հայհոյանքախառն՝ «Իշխանության որեւէ պայմանի չհամաձայնեք»: Շարունակությունը՝ քաղաքային ֆոլկլորին հատուկ, քո՝ երեւանյան բառ ու բանով` պայմանադիրներին ուղղված «հաճոյախոսություններ»:

Բանտից դուրս եկար՝ հումորդ պինդ պահած՝ «…Շան տղեքը մի երկու ամիս ավել պահեին՝ իսպաներեն էլ կսովորեի»: Անգլերենին արդեն հասցրել էիր տիրապետել:
Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարհանքով: Մնացիր վեհանձն, երբեք քինախնդիր չդարձար…

Բանտարկությանս երրորդ օրը աննկարագրելի դժոխային մի խցից ինձ տեղափոխեցին մեկ այլ՝ համեմատաբար կոկիկ, մաքուր, պատին՝ Մեծ Հայքի փոքրիկ քարտեզով մենախուց: Դու արդեն տեղի հնաբնակներից էիր: Հաջորդ օրը ստացա առաջին «քսիֆը»՝ «Աչքդ խցիս վրա էր, հա… Խմբի առաջիկա ժողովին… կստանաս»: Պարզվեց՝ քո նոր խուցը անտանելի էր՝ վխտացող մուկ ու առնետով: Հիշեցի՝ բարետես մկներից մեկին էլ Շողո փաղաքշականով էիր դիմում, հաճոյախոսում…Խմբի ժողովները «քսիֆներով» էր՝ բանտախցերը հիմնականում լցված էին դաշնակցականներով:

Սիրում էիր կյանքը ու քո կերպարով մյուսներին էլ կյանքը համոզիչ էիր դարձնում:
Քեզանով հայկական քաղաքական եւ, հատկապես, պառլամենտական մշակույթը ինտելեկտուալ ու հռետորական արվեստի նոր գույներով հարստացավ: Լինելով պատմաբան՝ ողնաշարով էիր զգում հայրենի Անկախ պետականության բացառիկ արժեքը եւ քո ամբողջ կարողություններով պայքարում՝ այն պաշտպանելու եւ կայացնելու համար…
Լույսերի մեջ հոգիդ՝ Վահան, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ»:

 

Arpine-Hovhannisyan

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Նոյեմբերին, երբ Բեռլինում էի, մեր հյուպատոսին հարցրեցի Վ. Հովհաննիսյանի մասին, խնդրեցի փոխանցել բարևներս՝ հուսալով, որ միայն լավն եմ լսելու ու լավ եմ տեսնելու…. ցավոք նա գնաց, մարդ, ով ինձ հիացնում էր, եզակի ինտելեկտ, խորը էություն, անսպառ սեր դեպի հայրենիքը, անկրկնելի խարիզմա… Հպարտ եմ, որ առիթ եմ ունեցել ճանաչել նրան, խոսել, լսել… Հանգչեք խաղաղությամբ պարոն Հովհաննիսյան… Ձեր տեղը հայ իրականության մեջ դատարկ կմնա դեռ շատ երկար»:

 

Edmon-Maruqyan

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ. «Փոքր էի, չեմ էլ հիշում թե քանի տարեկան, մեծ եղբորս ու հորս հետ մասնակցում էի Վանաձորի բանտի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային, որտեղ էլ առաջին անգամ իմացա Վահան Հովհաննիսյանի քաղաքական գործունեության մասին, երբ մեր քաղաքի ՀՅԴ-ի, ԱԻՄ-ի ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների կողմից բողոքի ակցիա էր իրականացվում «Ազատություն Վահանին» պաստառների ներքո: Ինքս էլ չէի պատկերացնի, որ մի օր պատգամավոր կընտրվեմ և կդառնամ այդ նույն Վահանի գործընկերը…

Իրապես ինձ բախտ վիճակվեց մեկ տարուց ավելի աշխատել Վահան Հովհաննիսյանի հետ, որպես երիտասարդ քաղաքական գործիչ, պետք է ասեմ, որ շատ բան եմ սովորել նրանից և հիմա մեծ ցավով գիտակցում եմ, որ մեր պետությունը կորցրեց Վահան Հովհաննիսյանի նման պետական գործիչ…

Ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրան գնահատողներին»:

Samvel Farmanyan

 

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ. «Մահացել է Վահան Հովհաննիսյանը…. Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենաարժանավոր զավակներից մեկին՝ անդավաճան մտավորականին, ապշեցուցիչ գիտելիքների տեր հնագետ-պատմաբանին, խարիզմատիկ քաղաքական գործչին ու իմ ճանաչած լավագույն խորհրդարանականին, ժամանակի ու բարքերի հետ անխռով կռիվ տվող մեծ երազողին, ինտելեկտուալ սարկազմի ու հումորի մեծ վարպետին, հայ ժողովրդի պատմության մթում ու լույսում խճճված մեծ ճանապարհորդին ու փնտրողին, մեծ հայրենասերին… Մարդուն:

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը այսօր արթնացան ավելի աղքատացած: Չգիտեմ՝ ով, երբ և ինչպես կարող է լրացնել այն ահռելի վիհը, որ թողեց Վահան Հովհաննեսյանն իր անժամանակ մահով:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մահից հետո բոլորը «սրբեր» են : Հայաստանյան պառավական վայ-վույներ:

    Դաշնակները հային ու Հայաստանին այնքա՜ն ցավ են պատճառել,որ դրանց կուսակցությունը վաղուց արգելված պիտի լիներ: Դրանք միայն հայ ծեծել ու հայի ունեցվածք պայթեցնել գիտեն՝ նույն չեկա-իստներն են. տարբերությունն այն է,որ հայերեն են խոսում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031