ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 27-ին ամանորյա անակնկալ էր կազմակերպել դատապարտյալ անձանց անչափահաս երեխաների համար: Կենտրոնը նախաձեռնել էր ամանորյա ներկայացման դիտում, որից անմիջապես հետո երեխաները նվերներ են ստացել: Այս նախաձեռնությանն աջակցել էին ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) հայաստանյան ներկայացուցչությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը նշել է, որ ծրագրի նպատակներից մեկն այն է, որ ոչ մի երեխա չմնա առանց ամանորյա նվերի միայն այն պատճառով, որ ծնողը ազատազրկման վայրում է գտնվում: «Իհարկե, մենք չենք կարող ամբողջապես լրացնել ծնողի բացակայությունը երեխաների կյանքում, սակայն այս ուշադրությունը պետության կողմից շատ կարևոր է, որպեսզի երեխաները, և նրանց ծնողները զգան, որ իրենց երեխաները հասարակության և պետության կողմից մերժված ու միայնակ չեն»- նշել է Գայանե Հովակիմյանը:
Հովակիմյանի խոսքով՝ կենտրոնը նպատակ ունի նաև իր գործունեության շրջանակը մեծացնել հեռավոր մարզերում գտնվող դատապարտյալների ընտանիքների հետ աշխատելու համար: «Այս երեխաները մեր շահառուներն են: Մենք աշխատում ենք ոչ միայն այս երեխաների , այլ նաև նրանց ընտանիքների հետ: Հաճախ խորհրդատվություն ենք տրամադրում երեխաներին՝ տարաբնույթ հարցերի շուրջ, մինչև որ նրանց բացակա հայրը կամ մայրը կվերադառնան»-ասել է կենտրոնի տնօրենը:
Այսօրինակ միջոցառումները տարեցտարի հավակնում են ավանդույթի ուժ ձեռք բերել: «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնը», Արդարադատության նախարարության և միջազգային շահագրգիռ կառույցների օժանդակությամբ, շարունակելու է դատապարտված անձանց և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված միջոցառումների շարքը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն