Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաշենը ՆԱՏՕ-ի անդա՞մ, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Շավարշ Քոչարյանի նորամուծությունները

Դեկտեմբեր 29,2014 10:58
Karen Heqimyan

Եթե Դուք, օրինակ` Փարիզում կամ, ասենք, Հոնոլուլույում գնեք աշխարհի քարտեզը եւ, թեկուզ մակերեսորեն, դիտեք Հայաստանին վերաբերող հատվածը, ապա անպայման կտեսնեք Արծվաշենը, որն անկլավի տեսքով Հայաստանի մաս է կազմում:

Արծվաշենը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 25 կմ հյուսիս-արեւելք: Արծվաշենը զբաղեցնում է 40 կմ2 տարածք, 90 անգամ մեծ է Վատիկանի, մոտ 20 անգամ Մոնակոյի զբաղեցրած տարածքից եւ քիչ է զիջում Սան-Մարինոյին:

320px-ARTSVASHEN

Ամբողջ աշխարհը ընդունում է, որ Արծվաշենը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Սակայն, աշխարհն աշխարհով, բայց Հայաստանում Արծվաշենի նկատմամբ վերաբերմունքը այդքան էլ միանշանակ չէ: Իհարկե, կան պետական մարմիններ (օրինակ Տարածքային կառավարման նախարարությունը) եւ անհատներ, որոնք Արծվաշենի հանդեպ որդեգրել են նույն դիրքորոշումը, ինչ որ աշխարհում է, բայց հայաստանցիների զգալի մասը հետեւելով ՀՀ պետական որոշ մարմինների եւ գործող խոշոր կազմակերպությունների օրինակին, ունեն այլ դիրքորոշում, Արծվաշենի մասին կամ մոռացել են, կամ էլ համակերպվել այն՝ Ադրբեջանի կազմում տեսնելու մտքի հետ:

ՀՀ Ոստիկանությունը, Տրանսպորտի, Ֆինանսների, Առողջապահության, Գյուղատնտեսության, եւ մի շարք նախարարություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, «Վիվա-Սել ՄՏՍ», «Բիլայն» եւ այլ խոշոր կազմակերպություններ իրենց կայքերում, գովազդային պաստառներում եւ հոլովակներում ՀՀ քարտեզը պատկերում են առանց Արծվաշենի: Մեծ ջանքերի, մամուլում հրապարակումների շնորհիվ հնարավոր եղավ փոխել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ՝ Արծվաշենի մասով:

Հա, 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենը օկուպացվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ու ի՞նչ: Անհնար է պատկերացնել Ադրբեջանում, Ուկրաինայում, Վրաստանում կամ Մոլդովայում ինչ-որ մեկին, էլ չեմ ասում պետական կառույցի, որը հանրությանը իր երկրի քարտեզը ներկայացնի առանց համապատասխանաբար Ղարաբաղի, Ղրիմի, Աբխազիայի կամ Մերձդնեստրի: Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ: Արծվաշենի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը հետեւանք է անինքնասիրության, անարգանքի եւ անհետեւողականության:

Երբ խոսվում էր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին, դաշնակիցների մոտ առաջ եկավ պահանջ, ըստ որի ՀՀ-ն պետք է մտնի ԵՏՄ առանց Լեռնային Ղարաբաղի: Հայաստանն իր հերթին շտապեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի դիտարկել որպես ՀՀ մաս՝ իր բոլոր հետեւանքներով: Լավ, բա Արծվաշե՞նը: Ցավոք, մեր պետական այրերից եւ ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե որտե՞ղ է մնալու Արծվաշենը ԵՏՄ մտնելուց հետո:

Շատ ցավալի է, սակայն մեր հասարակության մեծ մասն այս հարցում եւս անտարբեր է: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ 1992թ. Հայաստանը ոչ թե կորցրել է Արծվաշենը, այլ փոխանակել այն ուրիշ տարածքների հետ: Փաստորեն նա այդ հայտարարությամբ մատնանշում է, որ նաեւ իր մասնակցությամբ կամ գիտակցությամբ կատարվել է հանցագործություն՝ ՀՀ Քր. Օր. 300.2 հոդվածի հատկանիշներով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ):

Պատկերացնում եք, ի՞նչ կլիներ Ադրբեջանում, երբ Ալիեւը հայտարարեր, որ Լեռնային Ղարաբաղը փոխանակված է, կամ, երբ Պոռոշենկոն ասեր, որ Ղրիմի տեղը Ուկրաինային այլ բարիքներ են հանձնված: Այդպիսի բան ուղղակի չէր լինի եւ վերջ: Իսկ Հայաստանում կլինի, քանի որ ՀՀ դատախազությանը չի հետաքրքրում ՀՀ առաջին նախագահի՝ հանցագործության մասին հայտարարությունը:

Համոզված եմ, որ չի հետաքրքրի նաեւ նախկին ՀՀՇ-ԱԺՄ-ԱԺԿ-ական, այժմ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Շավարշ Քոչարյանի միտքն առ այն, որ. «Արծվաշենը ներկայումս չի գտնվում ՀՀ արդյունավետ վերահսկողության ներքո»:

Պարզվում է, որ տարածքների վերահսկողության ձեւերի, դրանց իրավաչափության եւ սուբյեկտիվության հետ կապված հարցեր կան: Փաստորեն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի կան տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ-ի արդյունավետ կամ ոչ արդյունավետ վերահսկողության ներքո: Շավարշ Քոչարյանը նախադեպը չունեցող նորամուծություն է կատարել արտաքին քաղաքականության մեջ: Դա հնարավոր է հասկանալ նաև այս կերպ՝ ՀՀ-ի արդյունավետ վերահսկողության ներքո են գտնվում Հայաստանի 11 մարզերը, իսկ մնացած աշխարհը գտնվում է ՀՀ-ի ոչ արդյունավետ, սակայն, այնուամենայնիվ վերահսկողության ներքո:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ. Այս պատմության մեջ, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե որտե՞ղ մնաց Արծվաշենը՝ ԵՏՄ-ո՞ւմ, թե՞ ԵՏՄ-ից դուրս: Եթե ԵՏՄ-ի մեջ չէ, ապա կարո՞ղ է անդամակցել այլ դաշինքների՝ ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գևորգ Հովսեփյան says:

    Սեփական գիտելիքների պակասը հայրենասիրական պաթոսով լրացնելու անհաջող փորձ:

    • Թաթուլ Մկրտչյան says:

      Գևորգ Հովսեփյան, Ձեզնից չէի սպասում այսպիսի վիրավորական ու չհիմնավորված գնահատական, բայց շնորհակալություն, որ փորձել եք գնահատել: Կարեն Հքիմյանը այս հոդվածում ճիշտ դիրքորոշում է արտահայտում: Լավ կլիներ, որ նկատեիք քաղաքական խնդիրը՝ Արծվաշենը կորա՞ծ է, փոխանակվա՞ծ է, խլվա՞ծ է, թե՞ ոչ, դրանցից բխող հետեւանքներով: Իսկ այսօրվա իշխանությունների վերաբերմունքը մեղմ ասած ծածկադմփոց է, ինչն ազնիվ չէ արծվաշենցիների, քաղաքացիների, և միջազգային կառույցների նկատմամբ, որոնք Արծվաշենը համարում են հայրենիք-պետության մաս, Հայաստանի ճանաչված տարածք:

    • Karen Heqimyan says:

      Այս հարցում՝գիտելիքների պակաս լինելու իմաստով,կա մի քանի վարկած՝կամ Արծվաշենը ՀՀ-ին չի պատկանում եւ ես դա չգիտեմ,կամ էլ Դուք ինչ-որ բան գիտեք Արծվաշենի նոր կարգավիճակի մասին,ինչը ես չգիտեմ:Այլ մոտեցում չկա:Մնացած պնդումներն անհավասարակշիռ են եւ հիմնված միայն մեծամտության վրա:Եթե վերացնեք մեծամտությունը ու մեծահոգաբար բացատրեք այն ինչ Դուք գիտեք իսկ ես ոչ,շատ շնորհակալ կլինեմ:

    • Ruben says:

      Հավատամ իմ աչքերի՞ն,
      թէ՞ այն փաստին, որ դու շեկո ես:

  2. ArmFidayi says:

    Կարեն, Դուք կամ ընդհանրապես չեք ուսումնասիրել խնդիրը և տեղյակ չեք որևէ մանրամասնությունից, կամ զբաղվում եք հասարակ պոպուլիզմով: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում չարժեր նմանատիպ նյութ հրապարակել:

  3. Թաթուլ Մկրտչյան says:

    Սզբունքային մոտեցում է պահանջվում. կամ Արծվաշենը Հայաստանի մաս է, կամ ոչ: Կարեն Հքիմյանը պարզ և հասկանալի կերպով պաշտպանել է այդ մոտեցումը, ինչի համար պետք է առնվազն շնորհակալություն հայտնել իրեն: Ի դեպ՝ Կարեն Հեքիմյանի կողմից Արծվաշենի թեման բարձրացնելուց հետո 2012-ին Կառավարությունը Արծվաշենի հարցն ընդգրկել է օրակարգ և արծվաշենցի գաղթականներին տրամադրել սոցիալական որոշ աջակցություն:

  4. Տիգրան says:

    Ցավոք, հայ ազգը քարտեզագրությունից կաղում է: Մենք կամ քարտեզ չգիտենք, կամ էլ գիտենք այնքան, որքան ուրիշները մեզ թույլ են տալիս իմանալ: Կարեն Հեքիմյանի այս հոդվածը միշտ հրատապ է, անկախ այն բանից, թե Արծվաշենը դե ֆակտո կլինի մերը, թե ոչ: Իրականում այս հոդվածի ասելիքը շատ ավելի խորն է ու հիմնարար, քան կարծում են Գևորգ Հովսեփյանն ու ArmFidayiն: Տարածքի կորստյան գաղափարին մենք՝ հայերս, համակերպում ենք այսպես կոչված օնլայն ռեժիմով, իսկ մեր Հայրենիքի հետ բերած տարածքները չենք համարձակվում համարել մերը անգամ 20 տարի անց: Եւ բազմաթիվ ընդդիմադիրներ, նույնիսկ Շանթ Հարությունյանի նման մարդը, ով պատրաստ էր հեղափոխություն անելու եւ պայթուցիկներով էր քաղաք դուրս եկել, չի համարձակվում ասելու կամ չի մտածում այդպես, որ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մարզերից մեկն է, եւ ոչ երբեք այլ պետություն: Իսկ Կարենն պարզապես Արծվաշենից է խոսում, որը դե յուրե Հայաստանի Հանապետություն է, իսկ դե ֆակտո՞: Բա, հիմա, Գևորգ Հովսեփյան ու ArmFidayi, ոնց եղավ, որ ոչ Արծվաշենն է Հայաստանի Հանրապետություն, ոչ էլ Ղարաբաղը: Թե կա մեկը, թող բացատրի:

  5. Ruben says:

    Դուք ճիշտ եք, «Խենթը (Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը եւ փոխգնդապետ Յուրի Խաչատուրովը) մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել»:
    Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա, Վանոն վկա…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031