Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության քառուղիներում

Դեկտեմբեր 29,2014 10:32

Citatum:                          Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար…

Ե.Չարենց

Citatum:                          «Մի օր էս Հայաստանը գնում ա դեպի պայծառ ապագա (իմա` դեպի Եվրոպա), մեկ էլ… Գայիշնիկը կանգնեցնում ա… »

Աշոտ Ղազարյանի հին անեկդոտներից

 

Իսկ իրականում տեղի է ունեցել հետևյալը:

Աշխարհաքաղաքական գործընթացները, իմա` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատացումը (օբյեկտիվ, մեզանից անկախ) բերեցին, հանգեցրեցին մի իրավիճակի, երբ եկավ օրհասական պահը կայացնելու քաղաքական որոշում` Հայաստանը չդարձնել Ուկրաինա (այն ժամանակ դեռ նույնիսկ պարզ չէր Ուկրաինայի ներկայիս ճակատագիրը): Նախագահ Սարգսյանը կայացրեց այդ որոշումը:

Սա է հանգուցային հարցը: Մնացած ամեն ինչը` ամեն «փաստարկ» քաղաքակրթական և արժեքային կողմնորոշումների, եվրոպական 500 մլն-անոց գնողունակ շուկայի, մարդու իրավունքների և ժողովրդավարության – մի կողմից, և ռուսական անծայրածիր շուկայի, տնտեսական ծաղկման և բարգավաճման և այլն – մյուս կողմից, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, քաղաքական շահարկումներ, ինչ-ինչ ուժերի և մարդկանց համար ականջահաճո ձևակերպումներ, ոչ ավելին:

Որովհետև քաղաքակրթական կամ ժողովրդավարական արժեքները, մենաշնորհների վերացումը, ազատ մրցունակ տնտեսությունը կամ իրական շուկայական հարաբերությունները ասոցացման համաձայնագրեր ստորագրելով չեն հաստատվում: Օրենքի գերակայությունը, իրավական պետությունը ու անկախ դատարանները այս կամ այն միությանը միանալով չէ, որ կայանում է:

Դրանք համապատասխան քաղաքական ու հասարակական կամքի և վճռականության պարագայում երկրի ներքին զարգացման ու բարեփոխումների արգասիքներ են, մեր հանրության ու հասարակության ներքին մղումներով ու համոզմունքներով հաստատվող արդյունքներ են: Քաղաքակրթական արժեքները, առհասարակ, չեն ներմուծում, դրանք մշակութային կատեգորիաներ են, դրանք ՄՇԱԿՈՒՄ ԵՆ` տարիներով, տասնամյակներով, դարերով (եթե ցանկանում են, իհարկե):

Citatum:                          «Ուզո՞ւմ ես ապրել քաղաքակիրթ եվրոպական երկրում – վերելակում մի թքիր, մի հայհոյիր, օրենք մի խախտիր, կաշառք մի վերցրու… և դու ինքդ էլ չես նկատի, թե ինչպես կհայտնվես եվրոպական քաղաքակիրթ երկրում»:

Ասել է, թե` էական չէ, որ միության կամ դաշինքի մեջ ես գտնվում, էականը` ո՞վ ես դու, ի՞նչ քաղաքակրթական ու արժեքային կողմնորոշումներ ունես, ինչպիսի՞ հանրություն ու հասարակություն ես, ի՞նչ են քեզ համար մարդը, պետությունը, հասարակությունը և այլն:

Խորհրդային միությանը բռնակցումը և ավելի քան հիսուն տարվա համակեցությունը չխանգարեց մերձբալթյան հանրապետություններին մնալ իրապես եվրոպական, քաղաքակիրթ հասարակություններ:

Ի՞նչն է մեզ խանգարել անկախության այս քսան և ավելի տարիների ընթացքում կառուցել իրապես ժողովրդավարական, իրավական պետություն, օրենքի գերակայությամբ ու անկախ դատական համակարգով, ազատ, մրցակցային տնտեսությամբ ու առանց մենաշնորհների: Երկիր, որտեղ մարդը և նրա իրավունքները իբրև բարձրագույն արժեք ոչ միայն հանդիսավոր հռչակված են, այլև` աներկբա կենսագործված: Արդյոք խնդիրը մեր ներսո՞ւմ չէ…

Ֆրանսիական լուսավորականության հսկաներից մեկը` Վոլտերը մի առիթով ասել է. «Ազատությունն այն չէ, ինչ քեզ տալիս են, ազատությունն այն է, ինչը չեն կարող քեզանից խլել»:

Այդպես է ցանկացած արժեքի պարագայում: Դու կամ դրա կրողն ես, կամ` ոչ: Համաձայնագիր ստորագրել-չստորագրելով այդ հարցը չի լուծվում:

Ես հակված եմ հարցը դիտարկել սոցիալ-հոգեբանական հարթության մեջ (Տես՝ «Պոստսովետիկուսի համախտանիշը» հոդվածը):

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “երբ եկավ օրհասական պահը կայացնելու քաղաքական որոշում` Հայաստանը չդարձնել Ուկրաինա …”: Մասամբ, գուցե և ճիշտ եք: Փաստորեն ասում եք որ, Հայաստանը, զոռով մտցրել են ԵՏՄ: Լավ դա ընդունենք որպես փաստ ու գրանցենք: Հետո պետք կգա … երբ ռուսական ավտորիտար համակարգը կսկսի ձեզ ջարդել ու ուղարկել սիբիրները, գոնե տղամարդկություն կունենաք ԵՏՄ պաշտպանողներին եդ ճշմարտությունը երեսներին հիշեցնեք: Պրիբալտիկայում սովետի ժամանակ այդ պատմությունները երկար հիշում էյին, ու առաջին հերթին իրենք կոաղմնորոշվեցին դեպի քաղաքակիրթ աշխարհ երբ հնարավորություն եղավ: Թույլ մխիթարություն է, բայց մեր իրականության դեպքում դա էլ քիչ չէ:

    իսկ այն, որ միայն մեզնից է կախված թե ինչքան քաղաքկիրթ ու զարգացած կլինենք, դա արդեն իրականությունը խեղաթյուրում եք: Կարող եք պնդել որ վատ շրջապատում մեծացած (կամ ասենք աղքատ ընտանիքում) երեխան նույնքան շանս ունի հաջողակ լինելու ինչքան ասենք հարուստ ընտանիքի լավ շրջապատում մեծացածը: Միշտ էլ լինում են դեպքեր երբ հաղթահարում ես նույնիսկ քո դեմ եղած շանսերը:

    Օրինակ բերենք մտածենք, ժողովուրդը փորձում է փոխել կոռումպացված, անպետք, բայց ԵՏՄ-ին նվիրնած ղեկավարիթյանը: Պարզ չե որ ռուսները կխոչնդոտեն: իրենց ինչ մեզ լավ կլինի թե չէ: Այդ մարդկանց համար իրենց կայսերական շահերն ավելի կարևոր են քան մեր բարեկեցությունը: Եվ այդպես շարունակ: Այնպես որ մեր ուզելով չի միայն, կա նաև բիրտ ուժով իրենը պնդող հյուսիսային հարևան, որ ինքը հետամնաց ու ավոտրիտար լինելով, չի վարանի Հայստանին էլ խանգարել դրական փոփոխություններ անել ու կպահպանի այստեղ այն ռեժիմը որն իրեն է ձեռնտու: Ըհը բախվեցին շահերը: Հիմա փաստորեն պարզվում է ասում եք բերենք սպասենք մինչև իրենք թուլանան նոր պայքարենք իրենց դեմ, որ ՈՒկրաինայի օրին չնկնենք:

    Ճիշտ եմ հասկանում, որ հիմա հույսներդ դնում եք որ իրենք մի էտապ էլ քանդվեն, որ մենք շունչ քաշենք?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031