Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան հաշվետվություն մեզանից՝ մեզ…

Դեկտեմբեր 29,2014 00:03

    Ճիշտը՝ պահի կտրվածքով հաշվետվությունն է…

Մի տարով էլ մոտեցանք մայր գերեզմանին…: Մի տարով էլ մեծացանք, իմաստնացանք, հմտացանք, խելոքացանք, ավելի փորձառու դարձանք …: Մի տարով էլ աղտոտվեցինք ու փոշոտվեցինք…: Մեղքերի դաշտում անգամ՝ մեղք ենք և ափսոս տեղյակ չենք, թե ամենքիս ինչքան է մնացել մինչև մեղքերի վերին սահմանը …: Երևի մեկ մեղքը բավական է, որ հպվենք մեղքերի սահմանին …: Սակայն, Տերը բարեգութ է և գտել է մեզ ներելու՝ փրկելու ճանապարհը: Մեր գործած ամեն մեղքի հետ՝ Տերը մի փոքր բարձրացնում է մեղքերի վերին սահմանը, որպեսզի տարածություն մնա և ժամանակից շուտ չհպվենք այդ սահմանագծին ու մեր մաշկի վրա չզգանք պատժի սարսափը: Տերն այդպես անում է մի պատճառով միայն, որպեսզի չնկատենք իր օգնության հանգամանքը, հույսը մշտապես չդնենք նրա վրա և չփորձենք  արհեստականորեն պատնեշել մեր մեջ գլուխ բարձրացնող մեղքերի շքերթը, որտեղ նրանք չափազանց անհամբեր սպասում են իրենց հերթին: Գթառատ Տերը՝ մարդուն նաև հնարավորություն է տվել՝ վաղ, թե ուշ զգալու իր գործած մեղքը, որպեսզի  աղոթքով, մտքով, հոգով, այլ կերպ ասած՝ ինքնուրույն փորձի պատնեշել դրանց ծնունդն ու հետագա իրագործումը, քանզի միայն այդկերպ է հնարավոր ավելի երկար դիմակայել գործած մեղքերի հետևանքներին և հետագայում՝ թեկուզ մեծ ճիգերի գնով, զերծ մնալ դրանցից: Հակառակ պարագայում, մարդն ի զորու չի լինի դիմակայել մեղքերի հետևանքով՝ տարբեր ուղղություններով եկող հարվածներին և անհուսությունից կոչնչանա: Տերը համաչափորեն և մշտապես օգնում է բոլորիս, որպեսզի իր իսկ կողմից մեզ տրված բնազդները լիարժեք գործեն և փրկության մեծագույն հնարավորություններ ստեղծեն: Ցավոք, երկրի և ժողովրդի այսպիսի անհուսալի վիճակում, մարդն ավելի է թուլանում և ավելի հեշտությամբ է հանձնվում մեղքերի գայթակղիչ հոսանքին: Պետք չէ մոռանալ, որ մեղքերն ավելի են թուլացնում մարդուն և մեծագույնս նպաստում նրանց աննկատ գահավիժող կործանմանը: Մեկ վայրկյան շուտ կանգ առնելը և Տիրոջն աղոթելը՝ փրկության այն եզակի գրավականն է, որը պետք է անմիջապես դառնա անհապաղ իրագործման ենթակա քայլ: Մնացած բոլոր ճանապարհները մարդուն կտանեն կործանման: Սա մի անվերջանալի թեմա է, որը կավարտվի միայն կյանքի ավարտի հետ մեկտեղ…:

Վերը ներկայացված տխուր նոտայով կյանքը չի սահմանափակվում, ավելին՝ չի վերջանում: Որտեղ կա մութ, կա նաև լույս և հակառակը: Ինչպես ասում են, թունելի վերջում միշտ լույս կա: Պետք է գնալ դեպի նրան, պետք է հաստատակամորեն ձգտել դրան, քանզի այն հիմնականում դժվարությամբ է տրվում:

Ավարտել տարին, նշանակում է շրջել կյանքի հերթական՝ մեկտարյա  էջը: Արդյո՞ք մենք կարդում, հետո՞ ենք շրջում այն, թե՞ …: Ահա, այս հարցի մեջ է խտացված սույն հոդվածի ողջ ասելիքը: Ուղղակի հիշենք, որ տարին՝ պարզապես օրերի հանրագումար չէ, նրա ամեն օրը՝ մի կյանք է:

Այն, ինչ ասվեց, կյանքի չգրված նորմերի հանրագիտարանից մեջբերած մի փոքրիկ փունջ է և երանի թե, գոնե դրանց մի մասը մեր կողմից կյանքի կոչվի:

Եվ այսպես. Ի՞նչ արեցինք, ի՞նչ ունեցանք և ի՞նչ տվեցինք աշխարհին, մարդկությանը, մեր երկրին ու ժողովրդին, մեր շրջապատին, մեր ընտանիքին և վերջապես, ինքներս՝ մեզ: Խորհում եմ, տանջվում եմ, չարչարվում ու այդպես էլ այս հարցերից գոնե մեկին հուսադրող պատասխան չեմ տեսնում: Բայց այս հարցերը պատասխան են ուզում և իրավունք չունեմ չպատասխանելու: Ես դա անում եմ լուռ,  ինքս՝ ինձ համար, միաժամանակ բարձրաձայնում՝ գրում ձեզ համար…: Ինչ-որ ուզեցինք և փորձեցինք անել՝ չստացվեց: Իսկ քանի որ չստացվեց, ուրեմն՝ ոչինչ չունեցանք: Իսկ քանի որ ոչինչ չունեցանք, ուրեմն՝ ոչինչ չտվեցինք աշխարհին, մարդկությանը, մեր երկրին ու ժողովրդին, մեր շրջապատին, մեր ընտանիքին և նաև, ինքներս՝ մեզ: Լավ, ուզեցինք, փորձեցինք,…չստացվեց…չունեցանք…չտվեցինք, բայց կարո±ղ էինք գոնե որոշ բաներ փոխել, շտկել…, որոշակի արժեքներ փրկել, պահպանել…: Կարող էինք…ավաղ՝ չուզեցինք, չփորձեցինք, չփոխեցինք, չշտկեցինք, չփրկեցինք, չպահպանեցինք…: Բա, հետո…, վերջը ի՞նչ է լինելու: Ուզում ենք չէ՞, որ ամեն ինչ լավ լինի: Բայց այսպիսի մոտեցումն ու այս ճանապարհն ինչպե՞ս կարող են   մեզ ճիշտ տեղ տանել: Ճիշտ տեղ գնալու համար պետք է ճիշտ քայլեր անել և ճիշտ ճանապարհով ընթանալ: Մի՞թե դժվար է այս տարրական աքսիոմը հասկանալ: Բոլորս ուզում ենք լավ ապրել՝ առանց աշխատելու: Բայց չէ՞, որ գողության՝ այդքան հնարավորություն չկա: Ուզում ենք ազատ ու հպարտ ապրել՝ առանց պայքարելու: ՉԷ՞, որ այդպես էլ չի լինում: Ուզում ենք աշխատել՝ գործազուրկ չդառնալ,…չեն թողնում, բայց չէ՞ որ, չենք էլ պահանջում: Կապիտալիզմի ժամանակ, այն էլ՝ վայրի, էդպես՝ ուղղակի չի լինում: Ուզում ենք հայրենիքում ապրել՝ չարտագաղթել, ոչ մի կերպ չի լինում: Ոչ դիմադրում ենք, ոչ էլ պահանջում ու ասում ենք չի լինում: Բա էդպես՝ ո՞նց պետք է լինի: Ախր, մի՞թե դպրոցում չենք անցել, որ ոչնչից՝ ոչինչ չի ստեղծվում: Եվ էս ամենը նրանից է, որ բոլորս մեղքերի մեջ ենք, մի մասս՝ մեծ, մյուս մասը՝ փոքր, իսկ մեղքը՝ մնում է մեղք:

Բավական է, վերջապես բերեք մի փոքր մտածենք: Առջևում՝ Մեր Տիրոջ ծնունդն է, բերեք, գոնե՝ հանուն այդ փառահեղ տոնի, մի քիչ մաքրվենք, փոխվենք, մեր ցանկությունները սահմանափակենք, վերջ տանք սնափառությանն ու ագահությանը, շնանալուն, որկրամոլությանը, եսասիրությանը, փառասիրությանը, ստախոսությանն ու խաբեությանը: Վերջապես, սիրենք մերձավորներին, ինչու չէ, նաև՝ միմյանց: Չէ՞ որ, բոլորս Տիրոջ ծնունդն ենք, հետևաբար, բոլորս՝ քույր-եղբայրներ ենք:

Եվ, եթե մեկնումեկին կամ մի քանիսին թվում է, որ իրենք անմահ են, ապա հայտարարում եմ. նրանք արդեն մահացած են…: Սա է ճշմարիտ ապրելու բանաձևը…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031