Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ամանո՞ր, թե՞ Սուրբ ծնունդ

Դեկտեմբեր 29,2014 15:00

30-40 տարվա սովորություններն
առայժմ գերակշռում են դարավոր ավանդույթները

Կան հարցեր, որտեղ մենք՝ հայերս, կարելի է ասել, «ավելի ճիշտ եվրոպացի» ենք, քան իրենք՝ ժամանակակից եվրոպացիները: Սուրբ ծննդի օրը, ինչպես հայտնի է, հենց այդ դեպքն է: Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաներն այդ տոնը նշում էին հունվարի 6-ին: Եվ հետո միայն հեթանոսական ավանդույթները խափանելու համար հռոմեացիները տոնը տեղափոխեցին Արեւի պաշտամունքի օրը, որպեսզի վերջինս մոռացվի: Արժե՞ արդյոք ավելի «զարգացած» երեւալու համար Սուրբ ծնունդը նշել նաեւ դեկտեմբերի 25-ին: Ինձ թվում է՝ ոչ: Եվրոպացիներից այդ փոխառությունը մեր հոգեւոր կյանքին, մեր մշակույթին ոչինչ չի ավելացնում: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, հարսանիքի ժամանակ հարսի կողմից «հետեւանց» ծաղիկ նետելը:

Բայց այս նույն ոլորտում կա մի ավանդույթ, որը գալիս է խորհրդային ժամանակներից, եւ որը ցանկալի է փոխել՝ եվրոպացիների օրինակով: Մինչեւ 80-ականների վերջը մենք (համենայնդեպս, խորհրդային մարդկանց մեծամասնությունը) ընդհանրապես Սուրբ ծնունդը չէինք նշում: Եվ հիմա էլ, հին իներցիայով, Նոր տարին մեզ համար ավելի կարեւոր տոն է, քան Սուրբ ծնունդը: Նյութական եւ, համապատասխանաբար, մթերային մեր ամբողջ «ներուժը» ծախսվում է ամանորյա սեղանի վրա: Մինչդեռ, իմ կարծիքով, եկեղեցական տոներն իրենց իմաստով ավելի կարեւոր են, եւ Եվրոպայում շեշտը դրվում է հենց դրա վրա՝ ինչ-որ պոզիտիվ տրամադրություն ստեղծելով ամբողջ տարվա համար:

Հետաքրքիր է, մեր ազգը գոյություն ունի հազարամյակներ, այդ հազարամյակներից 17 դար քրիստոնեություն է դավանում, այդ 17 դարից առավելագույնը 30-40 տարի Ամանորը դիմավորում էր Կրեմլի ժամացույցի զարկերով եւ «Օլիվյե» («Մայրաքաղաքային») աղցանով: Բայց այս մի քանի տասնամյակները մեր հոգեբանության վրա ավելի մեծ ազդեցություն են թողել, քան դարերն ու հազարամյակները: Պատճառը, հավանաբար, այն է, որ հին ավանդույթները «ամրապնդող» պետություն չկար, իսկ նորերի համար կար պետություն (կայսրություն), որի օգնությամբ քաղաքակրթությունը մեր տուն էր գալիս նույն Կրեմլի միջնորդությամբ եւ համապատասխան լեզվով:

Մինչդեռ Նոր տարին ընդամենը օրացուցային թվի փոփոխությունն է, իսկ Սուրբ ծնունդը՝ առիթ «մտքերը հավաքելու», հոգեւոր հարցերի շուրջ խորհելու, ներողություն խնդրելու եւ ներելու: Հանգստյան, տոնական օրերն, ինձ թվում է, հենց դրա համար են, եւ դա է լավագույն եվրոպական ավանդույթը, որը մենք պետք է պարզապես վերհիշենք, որովհետեւ դա նաեւ մե՛ր ավանդույթն է:

Այդ ձեւով մոտենալով Ծննդյան տոներին՝ կարելի է կամաց-կամաց վերանայել ուտելիքի պաշտամունքը, որը մեզանում ձեւավորվել է «Օլիվյե» աղցանի ժամանակներից: Եթե տոնը հոգեւոր է, ապա ինքնին վերանում է սեղանը ծանրաբեռնելու եւ դրանից առաջ խանութներով ու շուկաներով վազվզելու անհրաժեշտությունը: Սուրբ Հարության տոնից առաջ մենք այդպես չենք վարվում, չէ՞:
……Եվ վերջում՝ մի պատմություն, որը ներկայացրել է ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլը: Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում, որտեղ հայտնվել էր գիտնականը, բարաքում սկսվել էր տիֆի համաճարակ: Բոլորը գիշերը զառանցում էին բարձր տաքությունից, սակայն մեկը (հավանաբար, ինքը՝ գիտնականը) օգտագործում էր ուղեղի այդ գերլարված վիճակը՝ վերականգնելու համար իր այն աշխատությունը, որը գերմանացիները նրանից խլել էին ճամբարում հայտնվելուց առաջ: 16 «զառանցանքային» գիշերում նա թղթի փոքրիկ կտորների վրա վերստեղծել էր իր աշխատությունը:

Չգիտես ինչու, ինձ թվում է, որ դա սուրբծննդյան պատմություն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»

27.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Vagarshak Khourdoian says:

    Այո պետք է վերադառնալ մեր ավանդույթներին և վերջ դնել այս անիմաստ սեղանա-մրցույթին: Մանավանդ որ ընտանեկան տարեկան ծախսերի մի զգալի մասը գնում է մեկ շաբաթվա ընթացքում գրեթե նույն ուտեստեղենի (բուդ, բլինչիկ, պասուց տոլմա, ստոլիչնի) ոչ թարմ վիճակում սպառման համար: Սա իսկապես անիմաստ է:

  2. Արթուր Ղազարեան says:

    Բայց ինչո՞ւ ՊՈԶԻՏԻՎ: Անկեղծ ասած չեմ պատկերացնում «պոզիտիվ» գրելու շարժառիթը: Կիրթ, ուսեալ մարդ էք: Ի՞նչն է խանգարում «positive»-ի փոխարէն գրել ԴՐԱԿԱՆ:

    Նոյն իմաստն է, նոյն ծագումնաբանութիւնը՝ լատ. Positivus – ԴԻՐՔ բառից (հմմտ. ՊՈԶԻՑԻԱ, ՊՈԶԱ բառերի հետ): Մեր բառի ԴՐ արմատն էլ նոյն ԴԻՐՔ բառից է (հմմտ. ԴԻ՛Ր, ԴՆԵԼ բառերի հետ):

    Շնորհաւոր Ամանոր եւ Սբ. Ծնունդ: ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ եմ մաղթում Նոր տարում 🙂

  3. Աբո says:

    Որքան ես գիտեմ տարբերությունը միայն օրացույցներում է (Գրիգորյան և Յուլյան ):Սուրբ Ծնունդը՝երկու դեպքերում էլ նշում են, նոր տարուց յոթ օր առաջ է:Իմ տրամաբանությամբ,եթե ցանկանում ես՝Սուրբ Ծնունդը նշել հունվարի 6-ին,բարի եղիր նոր տարին նշել հունվարի 13-ին:
    Նոր տարվա սեղանների անիմաստ ճոխությունը տեսնելով,միշտ հիշում եմ.

    Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,
    Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ: Ավետիք Իսահակյան

    • Dr. H. says:

      Օրացույցային տարբերությունը (հին տոմարով նշելը) ռուսական եկեղեցու մոտ է, այդ պատճառով էլ նրանք Ս. Ծնունդը նշում են Հունվարի 7-ին

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Սիրելի բարակամներ, ես վաղվանից մինչեւ հունվարի 6-ը չեն բացելու Առավոտի կայքի մեկնաբանությունների էջը: Հուվարի 6-ին կկարդամ ձեր մեկնաբանությունները, եթե լինեն: Շնորհակալ եմ իմ հոդվածները կարդալու եւ ակտիվորեն քննարկելու համար: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

  5. Սամվել Մարգարյան says:

    Ցանկացած նորացում փառաբանելու մարդկային անգիտակցականի մղումը շատ ավելի խորն արքետիպիկ հիմքեր ունի, քան անգամ Քրիստոսի ծնոունդը։ Ներկայումս նորացում խորհրդանշող ամենակարևոր տոնը Նոր Տարին է և, ըստ երևույթին, Քրիստոսի ծնունդն է հարմարեցվել Ամանօրին՝ նորացումն էլ ավելի իմաստավորելու նպատակով։ Նոր Տարվա առատ սեղանը նույն խորքային հոգեբանական իմաստն ունի, ինչ մարդու մահվանը հաջորդող հոգեհացը։ Մահվան-Ծննդյան ու առատության երկակի վերապրումը խորհրդանշում են Հավերժ Վերադարձին մեր մասնակցությունը, որը բոլոր ազգերի նախնիները նշել են կամ սննդային խրախճանքով կամ սեքսուալ օրգիաներով։ Բանայնական տեսանկյունից սա անհեթեթություն է, սակայն նույն կերպ անհեթեթ է նաև եվրոպացիների կողմից միլիարդներ ծախսելը ֆուտբոլի վրա։ Անգլիացիներն օրինակ շատ ուտելու փոխարեն մտածել են Boxing day, որը 10-12 օր ուղեկցվում է ֆուտբոլային անվերջ խրախճանքով։ Իսկ թե ինչու՞ ենք մենք նախընտրում սեղանը, անգլիացիները՝ ստադիոնը՝ այլ խոսակցության թեմա է։

  6. Ջիվան Նադարյան says:

    Այո միանշանակ Սուրբ Ծնունդն ավելի կարևոր և իմաստալից տոն է քան Նոր Տարին: Վստահ եմ, որ ամեն քրիստոնեա հավատացյալ ավելի ուրախ և ոգևորված պետք է նշի մեր փրկչի` Հիսուս Քրիստոսի ծնունդը, քանի որ Նա իր ծնունդով և հայտնությամբ մեծ ու շրջադարձային փոփոխության սկիզբը դրեց: Այո սկիզբ դրվեց մարդկության փրկությանը և ոչ միայն …
    Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031