Ինչքան էլ կյանքը մեր հույսերը հերթով փոշիացնում է, ամեն նոր տարուց առաջ մենք մեզ նորանոր հույսերով ենք տոգորում ու լիցքավորում, եւ եթե մեր էս ամենանգամյա լիցքավորումները չլինեին, մենք էս իրականությանը դժվար թե դիմանայինք:
Իրականությունը բոլորի համար նույնն է: Հայաստանյան իրականությունը՝ նմանապես: Բայց, բոլորի համար նույնը լինելով, իրականությունը տարբեր կերպ ու տարբեր չափով է ժպտում մարդկանց: Ավելի ճիշտ՝ իրականությունը ոմանց ժպտում է, իսկ ոմանց՝ ոչ: Հայաստանյան իրականությունը՝ հատկապես: Բայց տարեմուտին բոլորն են հույսերով տոգորվում ու լիցքավորվում: Ավելի ճիշտ՝ բոլորն են փորձում հույսերով տոգորվել ու լիցքավորվել: Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ: Բոլոր դեպքերում, փորձը պարտադիր է:
Շատ ենք խոսում այն մասին, որ Հայաստանը դատարկվում է: Նաեւ նշում ենք, որ գնալով ավելի ու ավելի է դատարկվում: Նաեւ նշում ենք, որ Հայաստանի բնակչության թիվը վիճակագրորեն կեղծվում է. իրականում Հայաստանում ավելի քիչ մարդ է ապրում, քան հայտարարվում է:
Իշխանամետները մեր բնակչության թիվն ավելացնում են, ընդդիմադիրները՝ պակասեցնում, բայց իրական թիվը ոչ ավելացնողների ավելացնելով է ավելանում, եւ ոչ էլ պակասեցնողների պակասեցնելով պակասում է:
Այսինքն՝ իրական թիվ կա, գոյություն ունի, եւ եթե իրական թիվ գոյություն չունենար, ոչ իշխանություն կունենայինք եւ ոչ էլ ընդդիմություն: Ուռճացնողները շատ ճիշտ են անում, որ Հայաստանի ներկայիս բնակչության թիվն ուռճացնում են. է՛լ ավելի պիտի ուռճացնեին, Հայաստանում մնացած յուրաքանչյուր քաղաքացու կրկնակի պիտի հաշվեին, որովհետեւ Հայաստանում մնացածներս սովորական քաղաքացիներ չենք:
Մեզ՝ Հայաստանում մնացածներիս, հերոսի կոչում է հասնում: Բոլորիս անխտիր: Որովհետեւ հերոսաբար դիմացել ու դիմանում ենք: Հերոսաբար դիմադրել ու դիմադրում ենք: Չդիմացածներն ու չդիմադրածները լքել են Հայաստանը: Չդիմացողներն ու չդիմադրողները լքում են: Դիմացողներս ու դիմադրողներս շարունակում ենք դիմանալ ու դիմադրել: Համառորեն ու հերոսաբար:
Բայց եկեք ինքներս մեզանով շատ չհիանանք: Որովհետեւ չդիմացածների ու չդիմադրածների, Հայաստանում չմնացածների ու Հայաստանից հեռացածների մեջ էլ մեզանից ոչ պակաս հերոսներ կան, որոնք օտարության մեջ դիմանալով ու դիմադրելով՝ ոչ միայն իրենց գլուխներն են պահում, այլեւ իրենց դժվարին վաստակի մի զգալի մասն էլ մեզ՝ դիմացողներիս ու դիմադրողներիս են ուղարկում, որպեսզի շարունակենք դիմանալ ու դիմադրել:
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ բոլորս հերոսներ ենք: Գրեթե բոլորս՝ հեռացածներն ու մնացածները, դիմացածներն ու չդիմացածները, դիմադրածներն ու չդիմադրածները, եւ հատկապես նրանք, ովքեր իրենց հերոս լինելը չեն գիտակցում եւ երբեւէ իրենց հերոս լինելը չեն ենթադրել:
Այսինքն՝ եթե հայ ես, կնշանակի՝ հերոս ես: Եթե դիմացել ու դիմանում ես ինքդ քեզ ու համայն աշխարհին, ուրեմն հերոս ես:
Բայց մենք կրկնակի, եռակի ու բազմակի հերոսներ ենք, որովհետեւ սերնդեսերունդ՝ դարեր շարունակ ենք դիմադրել ու դիմացել:
Որովհետեւ հավատում ենք ապագային:
Մեր ապագային:
Հազարամյակներ շարունակ ենք հավատացել:
Եվ շարունակում ենք հավատալ:
Եվ հատկապես ու առանձնապես յուրաքանչյուր նոր տարվա շեմին ենք հավատով լցվում:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
27.12.2014
‘որոնք օտարության մեջ դիմանալով ու դիմադրելով՝ ոչ միայն իրենց գլուխներն են պահում, այլեւ իրենց դժվարին վաստակի մի զգալի մասն էլ մեզ՝ դիմացողներիս ու դիմադրողներիս են ուղարկում, որպեսզի շարունակենք դիմանալ ու դիմադրել’.