Կարծում է Գառնիկ Իսագուլյանը
Հասարակությանը ցնցեց օրեր առաջ «Արաբո» եւ «Ապարան» ջոկատների հրամանատարներ, ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու փաստը: Առավել ցնցեց նաեւ այն, որ պարզվեց, թե նրանց ծեծը կազմակերպողները ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի թիկնապահներն էին: Ու չնայած հանրությունը սպասում էր, որ ըստ էության Լեւոն Երանոսյանն այդ ամենը գոնե դատապարտող հայտարարությամբ հանդես կգա, կամ նրան պատասխանատվության կենթարկեին, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ ինքը հաթաթա տվեց. «Այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։ Արցախյան հերոսամարտ, շարժում տեսած հայ ազգը ինչո՞ւ է արժեքների անկման նման ճանապարհով գնում, երբ «ականջ կտրելը» դարձել է արժեք, ինչ-որ շրջանակներում նաեւ հպարտության առիթ:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Առավոտի» հետ զրույցում այս երեւույթները համարեց վերադասի նկատմամբ ունեցած քծնանքի, ստորադասության, նյութապաշտության դրսեւորումներ ու որպես հակադրություն՝ հիշեց 1988-ը, երբ շարժման ժամանակ միահամուռ կերպով, անգամ ԽՍՀՄ տարիներին հայ ժողովուրդը ամբողջությամբ կարողացավ դրսեւորել կամային բարձր հատկանիշներ:
Պարոն Իսագուլյանը պատմեց 1988-ից մի դրվագ. «Փետրվարին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ էին Ազատության հրապարակում, հարեւան շենքի բնակիչները մեծ ջերմեռանդությամբ ու սիրով էին վերաբերվում ցուցարարներին: Իրենց տներից ամեն ինչ բերում էին՝ ձու, թեյ, երեկոյան տաք հագուստ, նույնիսկ օրենքով գողերը հայտարարեցին, որ այլեւս որեւէ գողություն չի լինի, եւ 3-4 ամիս Երեւանում գողություն չկար: 1995-ից հետո արժեհամակարգը կամաց-կամաց սկսեց փոխվել. առաջին պլան եկան մարդիկ, ովքեր որեւէ արժանիք չունեին, եւ սկսեցին գնահատվել վերադասի նկատմամբ դրսեւորվող քծնանքը, ստորադասությունը, նյութապաշտությունը. այդ արժեքները գնալով մեծացան, եւ դրանք ամենացայտուն կերպով մեր օրերում են արտահայտվում»: Պարոն Իսագուլյանի կարծիքով՝ ներկայիս բարձրաստիճան զինվորականները կամ ոստիկանները, կամ այլ պաշտոնյաները այդ արժեքները չեն կրում եւ գնահատվում են՝ ըստ իրենց նվիրվածության իրենց վերադասին:
Կարդացեք նաև
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ այդ դրսեւորումները սկսում են բացահայտվել, երբ ռեալ վտանգ կա իշխանափոխության: Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում գեներալ Սեյրան Սարոյանի այն արդարացումներին, թե կռված տղերք էինք, «սաղ օր խմում իրար տփում ինք», պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Անընդունելի է, երբ մեր լավագույն հրամանատարների մասին արհամարհանքով ու քամահրանքով են խոսում:
Ես թե Ռազմիկին, թե Մանվելին շատ լավ ճանաչում եմ: Նրանք ամենաբարձր բարոյական հատկանիշներն ունեն, եւ եթե նույնիսկ սեղանի շուրջ ինչ-որ ալկոհոլ էլ օգտագործեն, երբեք չեն հասնի այն վիճակի, որ սայթաքեն, ընկնեն, ինչ-որ մեկին անվայել կամ անբարոյական խոսք ասեն: Փաստորեն, հայ գեներալը, ոստիկանության ներքին զորքերի հրամանատարը ազատամարտիկներին ճաշկերույթի է հրավիրում, իր հյուրի վրա հարձակվում են: Ու փոխանակ ծնկաչոք ներողություն խնդրեն, ասում են՝ տղաներ էին, դուրս եկան հարբած, ոտները սայթաքեց ընկան: Սա անարգանք է բոլորիս նկատմամբ, եւ դա գեներալի պահվածք չէ: Նույնիսկ եթե իրար հայհոյեին ամենավերջին բառերով, իրավապահ մարմնի գեներալը, որը պատասխանատու է կարգուկանոնի համար, պարտավոր էր կուլ տալ ու հանդուրժել եւ միայն օրենքի շրջանակներում պատասխան տալ: Բայց դա բավական չէ, հետո հայտարարում է, որ «ականջը կկտրի նրա, ով կհամարձակվի հայհոյել իմ նախագահին»: Դա իր նախագահը չէ, դա ՀՀ նախագահն է, ամեն մեկի նախագահն է»: Մեր այն հարցին՝ եթե Հայաստանում ամեն բան նորմալ լիներ, ապա Լեւոն Երանոսյանին ի՞նչ պիտի սպասվեր, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Նորմալ պայմաններում այդ մարդու նկատմամբ պիտի անմիջապես հարուցվեր քրեական գործ՝ մինչեւ դատարան եւ դատական դատավճիռ կայացներ: Ոչ միայն քրեական հանցանքի, այլեւ բարոյական առումով նա պիտի կրեր ամենամեծ պատիժը: Բայց, ցավոք, նրանք չեն պատժվում, քանի որ իրենք այն հենասյուներն են, որոնց վրա մեր իշխանություններն են այսօր կանգնած, առաջին հերթին՝ ՀՀ նախագահը: Բայց այդ փտած ու նեխած սյուները առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանը չի ցանկանում իր տակից հանել»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
27.12.2014
Հարկավոր տեղը մտնելու մանիան իրականում ահավոր հոգեբանական գործոն է, հատկապես երկար ժամանակ պագոնի տակ լինողի համար: Հիշեք Չեխովի «չինովնիկի մահը»: Իմ լավ ծանոթ ոստիկանը (ոչ շարքային!) մի անգամ այսպիսի բան ասաց անկեղծորեն: «Մենք շատ լավ գիտենք ով ինչ է անում ու ինչով է շնչում, կարող ենք ցանկացածին բռնել, վարի տալ, բայց նախ պիտի լավ գիտենանք թե ում ենք հարսնություն անում, ում պիտի բռնենք եւ ում կողքից անցնելու իրավունք չունենք: Սա է մեր առաջին խնդիրը, ով չի հասկանում, օրգանում մի օր մնալու իրավունք չունի:»
Գառնիկ ի՞նչ ես չքմեղացել: Դու չէիր, որ ասում էիր, որ ինչ ուզում եք արեք ժողովուրդ երկրորդ նախագահն էլ պիտի լինի ղարաբաղցի: էս ստոր ռեժիմի հիմնադիրներից մեկը հենց դու էս, և Հայկական պետականության կործանողներից մեկը անկասկած քո անձն է հանդիսանում: Եթե աստված տա վերականգնենք Հայաստանի ինքնիշխանությունը դու պետք է պատժվես քո երեք դավաճան նախագահների հետ միասին: