Պարույր Հայրիկյանի բողոքը՝ բոլոր ուժերին
«Նախագահական ընտրություններում ինձ չեք աջակցել: Ինչո՞ւ, որովհետեւ անշնորհք եք: Բոլոր կարգին մարդիկ պարտավոր էին Հայրիկյանին թեւ ու թիկունք կանգնել: Դուք գիտեիք, չէ՞, ով էր Հայրիկյանը: Եթե գիտեիք, ինչո՞վ էիք զբաղված: Ուրեմն անշնորհք եք բոլորդ՝ վերից վար՝ մեղմ ասած»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպիսի մեղադրանքով դիմեց բոլոր քաղաքական ուժերին, հատկապես եռյակին:
Նա եռյակից առանձնացնում է միայն «Ժառանգությանը»: Մեր հարցին, թե ինչո՞ւ է այդ ուժը տարբերվում, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Որովհետեւ պուտինիզմին դեմ քվեարկեցին: Ես ստրատեգիական հարցերով եմ գնահատական տալիս: Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» դեմ քվեարկեց՝ անկախ նրանից, որ Ռուբեն Հակոբյանը երբեմն խոսում էր կողմ, ի վերջո քվեարկության պահին դեմ քվեարկեց: Նրանց պիտի առանձնացնենք, «Ազատ դեմոկրատները», ՀՀՇ-ից որոշ մարդիկ»:
Չնայած ԵՏՄ անդամակցությունն արդեն փաստ է, բայց Պարույր Հայրիկյանը որոշել է «ռուսական իմպերիալիզմի պուտինյան դրսեւորման» դեմ քաղաքական ուժերի հետ քննարկում անել եւ հետագա անելիքները որոշել՝ ստեղծելով միասնական ճակատ: Պարույր Հայրիկյանը շուտով այդ հարցով գրավոր կդիմի ՀՀՇ-ին, «Ազատ դեմոկրատներին», «Ժառանգությանը», Նախախորհրդարանին, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը եւ հասարակական կազմակերպություններին:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ուշացած չէ՞ այդ նախաձեռնությունը, նա պատասխանեց. «Իհարկե, ուշացած է, որովհետեւ երբ 1987-ին մենք ստեղծում էինք ԱԻՄ-ը, 67 տարի ուշացած էինք, պետք է 1921-ին ստեղծեինք: Ճիշտ եք, ուշացած է ընդհանրապես, բայց ասում են՝ ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած: Հիմա սա ուշացած է, բայց ոչ՝ անդառնալի, ոչ՝ անշրջելի»:
Թե ինչու, այնուամենայնիվ, ԵՏՄ-ին անդամակցության դեմ մարդաշատ հավաքներ չկազմակերպվեցին, թեկուզ ԱԺ-ում այդ հարցի քվեարկության օրը ընդամենը 1 տասնյակի հասնող մարդկանցով էին մուտքի մոտ պատգամավորներին կոչ անում, որ դեմ քվեարկեն՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Մենք մասնակցեցինք»: Մեր դիտարկմանը, որ շատ փոքրաքանակ ցույցեր էին, Պարույր Հայրիկյանը հակադարձեց. «Եթե մենք մասնակցեցինք, էլ ի՞նչ փոքրաքանակ: Ես եթե այնտեղ էի, արդեն մեծաքանակ էր: Բա ոնց: Սախարովի մասին լուր ունե՞ք, որ Սախարովը երբեւէ մեծ ցույց արած լինի: Չի արել: Սախարովը որ ներկա էր, դա նշանակում էր… Սախարովը եղել է Սովետական Միության ընդամենը իրավապաշտպան՝ շարժման լիդերը, իսկ ես եղել եմ Սովետական Միության ազգային-ազատագրական, ժողովրդավարական եւ իրավապաշտպան բոլոր շարժումները միավորող կենտրոնի նախագահը: Դրա համար գլուխները կորցրած՝ ինձ արտաքսեցին»:
Իսկ թե ինչու չհաջողվեց ԵՏՄ-ի դեմ բողոքի մեծ ալիք բարձրացնել՝ Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ «Մարդիկ չեն հավատում, որ աշխարհին հակադրվող այս պուտինիզմը պիտի հաջողություն ունենա: Մտածում են՝ Պուտինը ո՞նց կարող է հակադրվել ամբողջ աշխարհին, մեկ է՝ դա չի կայանալու, ի՞նչ կարիք կա, որ ես նեղություն քաշեմ: 1920-ին, երբ Դաշնակները երկիրը ծախում էին, ավելի ճիշտ՝ տալիս էին եւ հույս ունեին, որ իրենց էլ մի փայ կտան, ոչ ոք չընդվզեց: Բայց ընդամենը 2 ամիս հետո երբ տեսան՝ ինչ է բոլշեւիզմը, բոլորը ոտքի ելան, ու գիտեք՝ 21-ի ապստամբությունը: Այնպես որ…»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
27.12.2014
Վույ ,քա…Ինչ կոսե?Այո,մենք չգիտեինք,թե ով է Պարոյր Հայրիկեանը:Հիմա արդեն գիտենք:
Պարույր, մի տեսակ կրկնվում ես(կամէլ նմանվում ես).Այսօր քեզ հուզող հարցերը ժամանակին տալիս էր հայտնի ,,սագագող,,Պանիտովսկին:Ուրիշի թևավոր խոսքերը գողանալը դեռ ոչ մեկին պատիվ չի բերել: