Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող երեխան էլ պետք է գնդակի հետեւից վազի, ոչ թե կողքից նայի եւ իրեն օտարված զգա»

Դեկտեմբեր 29,2014 13:30

«Պարտադիր չէ՝ գնանք եկեղեցի մոմ վառենք կամ մատաղ անենք բաժանենք, որ Աստծո կողմից ընդունվի, երբ մենք հաշմանդամություն ունեցող երեխաների համար հոգ ենք տանում, ամեն ինչ անում ենք, որ նրանք ներառվեն հասարակություն, դա նույնպես, աստվածահաճո գործ է: Կարեւորը նրանց կյանք մտցնելն է»,- չորս տարի առաջ այսպիսի համեմատությամբ է փորձել ծնողների մեջ վերաբերմունքը փոխել մանկապարտեզի տնօրենը, երբ ծնողները՝ իմանալով, որ մանկապարտեզում իրենց երեխաների հետ հաճախելու են նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներ, ընդդիմացել են: Այսօր արդեն Կարինե Պետրոսյանը, որը թիվ 114 մանկապարտեզի տնօրենն է, մեծ փոփոխություններ է նկատում այդ նույն ծնողների վերաբերմունքի մեջ, որոնց երեխաները հոգատար ու ջերմ վերաբերմունք են ցուցաբերում հատուկ կարիքներով երեխաների նկատմամբ:

«Երեխաներին ոչ ոք ոչինչ չի բացատրում, նրանք ի սկզբանե կարծրատիպեր չունեն, այդ մեծերն են նրանց մեջ նման վերաբերմունք ձեւավորում: Բայց հաշմանդամություն ունեցող երեխան մեղավոր չէ, որ այդպիսին է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է տիկին Պետրոսյանը: Այս մանկապարտեզ 335 երեխա է հաճախում, որից 37-ը հատուկ կարիքներով են: Մանկապարտեզի տնօրենը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ինտեգրումը հասարակություն հենց նախադպրոցական տարիքից պետք է լինի: Երբ երեխայի գիտակցությունը սկսում է ձեւավորվել, Կարինե Պետրոսյանի խոսքերով՝ նա պետք է տարբերություն չզգա իր եւ մյուս երեխաների միջեւ, չպետք է մեկուսացված լինի, եւ նախադպրոցական հաստատությունները այդ հնարավորությունն ընձեռում են հատուկ կարիքներով երեխաներին. «Երեխային պետք է ընկերական շրջապատ, պետք է իր աշխարհը, որտեղ նրա հասակակիցներն են: Այդ ընկերական շրջապատում երեխան իրեն ավելի ազատ է զգում, խաղալիքը հավասարը հավասարի հետ կիսում է, կարող է ուտել մյուսների նման, տեսնել, ընդօրինակել, այսինքն՝ ինքը պետք է իր պարփակված ինքնաշխարհից դուրս գա ու մտնի ընկերական շրջապատ:

Հաշմանդամություն ունեցող երեխաներն էլ պետք է մյուսների պես սողանցեն աթոռների վրայով, տակով, ինքը պետք է գնդակի հետեւից վազի՝ ինչպես մյուսները, եւ նա պետք է հասկանա, որ դա պետք է անի եւ ոչ թե կողքից նայի ու օտարված զգա այս կյանքից»:

Տնօրենը պատմեց, որ ինքն էլ ամենասկզբում մտավախություն է ունեցել, որ հանկարծ երեխաները չծաղրեն. «Երբ իմացանք, որ պետք է հաշմանդամություն ունեցող խնդիրներով երեխաներ հաճախեն մեր մանկապարտեզ, մի քիչ վախեցա, մտածեցինք՝ հանկարծ մյուս երեխաները չծաղրեն, բայց հիմի զգում եմ, որ ամենակարեւոր քայլն էր, որ երբեւէ արվել է, որովհետեւ մյուս երեխաների մոտ զարգանում է ընկերասիրությունը, օգնելու հատկությունը»:

Թե ինչպես են երեխաները վերաբերվում իրենց հասակակից հատուկ կարիքներով երեխաներին, տիկին Պետրոսյանը փորձեց մի քանի օրինակով ներկայացնել:
«Տարեվերջին ունեինք հրաժեշտի միջոցառում՝ «Ցտեսություն մանկապարտեզ» խորագրով: Միջոցառման վերջում պետք է բոլոր երեխաները ձեռքերը բարձրացնեին ու ծափահարելով դուրս գային: Մի աուտիզմով հիվանդ երեխա ունենք, որը շարքի մեջ ձեռքերը ներքեւ քայլում էր: Հետեւի աղջիկը անմիջապես նրա ձեռքերը բարձրացրեց վերեւ եւ սկսեց նրա ձեռքերով ծափահարել: Սիրտս լցվեց, հուզվեցի, ոչ ոք նրան չէր ասել այդպես անել, նրանք զգում են՝ ինչպես պետք է օգնեն իրենց ընկերներին»,- պատմեց տիկին Պետրոսյանը:

Տնօրենը վստահեցնում է, որ մանկապարտեզն ավարտելով՝ հատուկ կարիքներով երեխաները հաճախում են ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ:

«Ունեինք աուտիզմով հիվանդ երեխա, որը մանկապարտեզ հաճախելուց հետո տարեվերջին հանդեսի բացման խոսքը ասաց եւ մյուսների հետ հավասար երգեց, պարեց»,- ասում է տիկին Պետրոսյանը:

Մանկապարտեզում երեխաների հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը՝ հոգեբան, լոգոպեդ, մանկավարժ: Տնօրենը պատմում է, որ հատուկ կարիքներով երեխաները չեն առանձնացվում եւ բոլոր պարապմունքներին մասնակցում են, սակայն երբ հարմար ժամանակ է լինում, ամեն երեխայի հետ՝ կախված նրա կարիքից, անհատական աշխատանք է տարվում: Յուրաքանչյուր երեխայի համար անհատական պլան է կազմվում, եւ ամեն մեկն ունի իր անհատական թերթիկը, որտեղ նշվում է նրանց հետ կատարված աշխատանքը, թե ինչ արդյունքների են եւ այլն. «Ճիշտ է, շատ դանդաղ է լինում, բայց կարեւորն այն է, որ 2-3 տարվա ընթացքում կարող ենք լավ արդյունքի հասնել, երեխան կարող է լիարժեք մտնել հասարակություն: Կարեւորը երեխան տեսնի եւ հասկանա, որ ինքը հասարակության լիարժեք անդամ, կյանքի բոլոր բնագավառներում, բոլորի հետ հավասար կարող է օգտվել կյանքից»:

Տիկին Պետրոսյանը պատմում է, որ երեխաները նույնիսկ վերահսկում են հատուկ կարիքներով այն երեխաների սննդակարգը, որոնք պետք է հատուկ սննդակարգով սնվեն, ինչ է թե՝ լսել են, որ ծնողները դաստիարակներին զգուշացրել են, որ հետեւեն. «Դաունի համախտանիշով երեխաներին շատ հացամթերք արգելվում է: Լսել են, որ այդ երեխայի մայրը դաստիարակին զգուշացրել է, որ շատ հացամթերք չտան, հենց տեսնում են, որ երեխան երկրորդ կտոր հացն է վերցնում, վերցնում են՝ դնում տեղը»:
Կարինե Պետրոսյանի խոսքերով՝ նույնիսկ եթե մանկապարտեզը երեխայի ընդունելության համար տեղ չի ունենում, հաշմանդամություն ունեցող երեխա դիմելիս անպայման աշխատում են վերցնել. «Եթե մի առողջ երեխա մնա տանը՝ տատիկի պապիկի մոտ, չի տուժի, բայց հատուկ կարիքներով երեխային եթե մենք չընդունենք, կտրենք նրան այս ամենից, հասարակությունից, նա կտուժի»:

Տիկին Պետրոսյանը մի պատմություն էլ պատմեց. «Ձորաղբյուրից մի երեխա էին բերել, երեխան միայն ռուսերեն էր խոսում: Ծնողներն ասում էին՝ գյուղի մարդիկ ենք, անասուն ենք պահում, ոչ ես ռուսերեն գիտեմ, ոչ կինս, բայց մեր երեխան ռուսերեն է խոսում: Մենք այդ ժամանակ տեղ չունեինք, բայց այդ երեխային վերցրինք, որ ծնողներին ապացուցենք, որ մենք կարող ենք երեխայի խնդիրը շտկել պարապմունքներով: Եվ հիմա երեխան անգլերենի բաց պարապմունքին մասնակցել է անգլերեն լեզվով, իհարկե՝ եւ հայերեն էր խոսում: Ծնողները հուզմունքից լաց էին լինում, թե ինչպես է իրենց երեխան հաղթահարել այդ խնդիրը եւ մտել կյանքի մեջ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

27.12.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031