Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Օսիկյան. «Մենք առաջարկել ենք, որպեսզի ՔԿՀ-ները կամ հիմնարկի պետերը լինեն վարույթ իրականացնող մարմին»

Դեկտեմբեր 29,2014 13:00

Երեկ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության եւ անվտանգության ապահովման աշխատանքները: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց եւ դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 30-ը` ժամը 10:00-ից 17:00-ն:

Սուրբ Ծննդյան օրերի կապակցությամբ նաեւ հանձնուքներ կընդունվեն հունվարի 5-ին, ժամը 10:00-17:00-ն, ինչպես նաեւ հունվարի 6-ին, ժամը 10:00-ից 14:00-ն:

Osikyan

 

-Պարոն Օսիկյան, Ձեր նշանակումից 100 օր հետո Դուք մասնակցում էիք միջազգային համաժողովի, եւ ըստ էության, հնարավորություն չունեցաք ներկայացնել, թե ինչ է արվել: Ի՞նչ է տեղի ունեցել այդ կարճ ժամանակահատվածում քրեակատարողական ծառայությունում:

-Ինչպես ցանկացած պաշտոնատար անձ, կարծում եմ նաեւ քրեակատարողական վարչության պետը պաշտոնավարման հարյուր օրը լրանալուց հետո նախեւառաջ կներկայացներ, որ փորձեցի հասկանալ աշխատանքի կամ ծառայության խնդիրները, առանձնահատկությունները, կներկայացներ այն աշխատանքները, որոնք երեք ամիսների ընթացքում իրականացվել են եւ այն տեսլականը, որն ունի որպես ծառայության ղեկավար ապագայում իրականացվելիք ծրագրերի հետ կապված:Նշեմ, որ ինքս շուրջ քսան տարի պետական համակարգում եմ աշխատել, տարբեր ծառայություններում, օրենսդիր, գործադիր, իրավապահ համակարգում, միանշանակ կարող եմ ասել, որ այս ծառայությունն ունի առանձնահատուկ, իրեն բնորոշ խնդիրներ: Առաջինը, մենք գործ ունենք մի խումբ մարդկանց հետը, որոնք առանձնացվել են հասարակությունից իրենց ոչ ադեկվատ կամ բացասական վարքագծով:
Կարծում եմ, այս համակարգում քայլերը կամ մոտեցումները պետք է լինեն չափավոր եւ շատ զգուշավոր, առանձին դեպքերում շատ կտրուկ քայլերը կարող են ունենալ բացասական հետեւանքներ:

Այս ընթացքում վերլուծել ենք օրենսդրությունը, այն բացերը, որոնք առկա են: Մասնավորապես, պարզ դարձավ, որ կան մի շարք օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր, որոնք խոչընդոտում են լավ ծառայություն իրականացնել:
Մինչ օրս չկա այն վարչական մարմինը, որը պետք է վարչական վարույթ իրականացնի, երբ չթույլատրված, արգելված առարկաները, հանձնուքները, փոխանցում են քրեակատարողական հիմնարկ կամ՝ դատապարտյալներին: Սա լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի: Մեր կողմից նախաձեռնվեց օրենսդրական նախաձեռնություն, եւ մենք առաջարկել ենք, որպեսզի քրեակատարողական ծառայության, քրեակատարողական հիմնարկների պետերը լինեն վարույթ իրականացնող մարմին: Օրինակ, արգելված առարկաները, բջջային հեռախոսները, եթե փոխանցվում է, ապա առգրավվեն, վարույթ իրականացնեն: Կան այնպիսի խնդիրներ, որոնց ամեն օր մենք առնչվում ենք, սակայն օրենսդրական բացը կար, որեւէ մեկը ժամանակի ընթացքում շատ հետեւողական չի փորձել այս հարցին լուծում տալ:

-Որքան տեղյակ եմ, ԱԺ ներկայացվել էին ծառայության մասին օրենքի մասին փոփոխությունները, սակայն հետին պլան էր մղվել:

-Այո: Եթե օրենսդրական բլոկից խոսենք, ապա երկրորդ կարեւոր փոփոխությունը «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագծի ընդունումն էր, մենք նույնպես նախապատրաստել ենք, թեեւ վաղուց նման նախագիծ եղել է շրջանառության մեջ:Նախագիծ ենք պատրաստել եւ ուղարկել ենք ԱԺ շրջանառության:

-Ի՞նչին կվերաբերվեն հատկապես այդ լրացումները:

-Այն ծառայության կազմակերպման հետ է կապված, ծառայողական քննությունների հետ, որոշ դրույթների, որոնք իսկապես խոչընդոտում են արդյունավետ աշխատանքին:

-Իսկ կա՞ն լիազորությունների հետ կապված առաջարկներ:

-Այնպիսի լիազորություններով եւ գործիքներով օժտելն է ծառայությունը, որն ինքնին, թե հսկողությունը կուժեղացնի դատապարտյալների նկատմամբ, թե ինչ-որ առումով ավելի ազատ իրավիճակ, պայմաններ կստեղծի դատապարտյալների համար:

-Ի՞նչի մասին է խոսքը:

-Աշխարհում կա փորձ, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց, որոշակի կատեգորիայի դատապարտյալների նկատմամբ օգտագործվում են հատուկ էլեկտրոնային հսկողության միջոցներ: Խոսքը ազատազրկման ձեւով պատիժը կրողներին է վերաբերում: Մենք նախապատրաստել ենք փոփոխություններ քրեակատարողական օրենսգրքում, որը թույլ է տալիս չորս խումբ անձանց համար կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ:Դա կարող է լինել համապատասխանաբար ձեռքին կամ ոտքի վրա, ինչը կարող է հսկողություն իրականացնել, արբանյակային հսկողություն իրականացնել արբանյակային առցանց եղանակով, ծառայության մեջ գտնվելով, որը հեշտացնում է քրեակատարողական ծառայության գործը, եւ մյուս կողմից հնարավորություն է տալիս, որ առանձին դեպքերում դատապարտյալներին ազատորեն օգտվել իրենց իրավունքներից . օրինակ, կարճաժամկետ մեկնում, կամ՝ երկարաժամկետ, երբ խոսքը գնում է բաց ռեժիմով դատապարտյալների մասին, կամ երբ դատապարտյալը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում կամ այնպիսի դատապարտյալների մասին, որոնք գտնվում են առանց ուղեկցման, եւ մենք նախանշել էինք նախագծում չորս խումբ դատապարտյալներ, որոնց նկատմամբ կարելի է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ:

-Պարոն Օսիկյան, ե՞րբ կկիրառվի:

-Ստացվել է համապատաասխան միջոցի հետ կապված համապատասխան գրություն մի շարք կազմակերպություններից, որոնք պատրաստ են համագործակցել, եւ թե ծրագրային ներդրում իրականացնել, թե ապահովել համապատասխան միջոցներով: Բայց, մինչ այդ, մենք պետք է համապատասխան փոփոխություններ ունենանք օրենքի տեսքով ընդունված, որովհետեւ սա առնչվում է դատապարտյալների՝ մարդու իրավունքների հետ:

Շուրջ երկու ամիս է նախագիծն ուղարկվել է արդարադատության նախարարություն, որպեսզի շրջանառության մեջ դնենք, դեռեւս կառավարության կողմից նախագիծը հավանության չի արժանացել եւ ԱԺ չի ուղարկվել: Երբ արդեն իսկ կունենանք օրենքն ընդունված, ապա այս միջոցները կարող են կիրառվել:

Սա հնարավորություն կտա, որ շատ դատապարտյալներ, առանձին խումբ դատապարտյալներ օգտվեն որոշ արտոնություններից, որոնք ուղղակիորեն նախանշված են քրեակատարողական օրենսգրքում:

Մյուս փոփոխությունը, որը կցանկանայի նշել, դա կառավարության որոշման նախագիծն է, առցանց էլեկտրոնային եղանակով գնումներ կատարելու մասին է, եւ այդ եղանակով հանձնուքներ հարազատներին փոխանցելու:

-Ի՞նչի մասին է խոսքը:

-Դուք գիտեք, որ այսօր շատ դեպքերում քաղաքացիները որոշակի տարածք կտրելով, գնում են իրենց հարազատների մոտ, որպեսզի փոխանցեն հանձնուքը: Մենք ունենք այստեղ մի շարք կարեւոր խնդիր լուծելու. նախ, սոցիալական, որ հարազատները վատնում են ժամանակ եւ միջոցներ, եւ առկա են որոշակի ռիսկեր, երբ լինում են պայմանավորվածություններ քրեակատարողական ծառայողների եւ հարազատների միջեւ, հանձնուքը չստուգելու հետ կապված, կամ արագ փոխանցելու, եւ կա խնդիր, երբ հանձնուքների մեջ, մարդը, որը փոխանցում է, փորձում է ինչ-որ ձեւով արգելված առարկաներ, ինչու չէ թմրամիջոցներ դնել(նշվեց երկու օր առաջ փաստաբանի միջոցով հանձնուքը փոխանցելու դեպքը-Ռ.Մ.):

Նման էլեկտրոնային խանութի գոյությունը թողնում է ինչ-որ հարց լուծել:
Հակակոռուպցիոն ուղղվածություն ունի, սոցիալական, քրեաիրավական տեսանկյունից: Ինտերնետ խանութը թույլ է տալիս որոշակի խնդիրներ լուծել՝ տարածք, ժամանակ, միջոցներ:

Ծրագրային ապահովումն արդեն իսկ ունենք: Պատրաստ է պայմանավորվածությունը բանկերի հետ, եւ ցանկացած դատապարտյալի հարազատ, որը նույնիսկ չի գնում հատուկ փոխանցման միայն այն պատճառով, որ չի ցանկանում շփվել կամ շփվել քրեակատարողական համակարգի հետ, տվյալ դեպքում. եթե ունի ինտերնետ վճարային քարտ, կարող է վճարել եւ պատվիրել:

Մենք կունենանք համապատասխան աշխատակիցներ բոլոր քրեակատարողական հիմնարկներում, որոնք պատասխանատու են այս կարգի համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Պարոն Օսիկյանի հետ հարցազրույցում անդրադարձ կար «տեսողական» արտադրությունների, քրեակատարողական հիմնարկների, ծանրաբեռնվածության, արգելված իրերի, խրախուսման, ՔԿՀ ֆոնդի մասին, պաշտոնական կայքէջի մասին՝ ced.am-ի: Ըստ նրա, առաջինը, որ ցույց է տալիս, դա «թափանցիկ աշխատանքն» էր, հանրության իրազեկումն էր, թե ինչ է կատարվում ՔԿՀ-ում:
Կարեւոր էր «Թեժ գիծը»:Հիմնականում դատապարտյալները դժգոհում են մեր ծառայողներից, պահելուց, իրենց դատավճիռներից. «Սա կարեւոր գործիք է վերահսկողությունն իրականացնելու», -ասում է ՔԿՀՎ պետը:

«Առավոտ»

27.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031