Քանի որ այսօր դրական հույզերը պակասում են մարդկանց կյանքից, իսկ սոցցանցերի ագրեսիվ գրառումներն աճում, որոշեցինք երկրում հայտնի մարդկանց շնորհավորանքների միջոցով դրական «ֆոն» ստեղծել:
Արմինե Հովհաննիսյան, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր. – 2015 թվականը մեր ժողովրդի համար պատմական եւ նշանակալից տարի է լինելու. ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անհրաժեշտ է վերանայել եւ վերաարժեւորել մեր անցած ճանապարհը:
Անհերքելի փաստ է, որ վերջին 100 տարիների ընթացքում մենք հաղթանակել ենք, երբ կազմել ենք կուռ միասնություն՝ փրկվել ենք ցեղասպանությունից եւ ոչնչացումից, հռչակել ենք մեր անկախ պետականությունը եւ հաղթանակել ենք Արցախյան պատերազմում: Հայերս ապացուցել ենք, որ վտանգի պահին կարող ենք ուժեղ եւ միասնական լինել: Եկեք հետադարձ հայացք գցենք մեր պատմությանը եւ դասեր քաղենք անցյալից:
Լինենք միասնական, որպեսզի կարողանանք արժանապատվորեն դիմակայել դժվար տարուն: Ամանորին չմտահոգվենք մեր ճոխ տոնական սեղանների մասին, այլ աղոթենք, որ «ճոխ սեղաններ» ունենանք մեր «ներսում»:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:
Կարդացեք նաև
Ռուզաննա Սիրունյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն.- Ցանկանում եմ, որ մեր ժողովրդի համար գալիք 2015թ. լինի ավելի քիչ հոգսաշատ տարի, նրանց հոգիներում այնքան խաղաղություն ու բարություն լինի, որ մեծ տեղ մնա բարձրարվեստ, դասական երաժշտություն ունկնդրելուն:
Նելլի Խերանյան, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ. – Ամանորի եւ Սուրբ ծննդի շնորհավորանքներս բոլորին՝ անկախ տարիքից ու սեռից, մասնագիտությունից եւ կուսակցական պատկանելությունից:
2015-ը թող լինի սեփական ուժերի նկատմամբ վստահության, համբերության տարի, արժանապատիվ ապրելու հնարավորության տարի եւ, իհարկե, հիշողության. խնկարկելու ենք անմեղ զոհերի հիշատակը: Աստված բոլորիս պահապան:
Անդրանիկ Արզումանյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն.- Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ երջանիկ եւ արվեստով լի տարի: Սա իսկապես այն կարեւոր առիթն է, երբ պարտավոր ենք հետադարձ հայացք դարձնել անցնող տարվան եւ գնահատանքի խոսքեր ասել մեր արվեստն ու մշակույթն ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում եւ աշխարհում լավագույնս ներկայացրած արտիստներին: Ուզում եմ շնորհավորել նաեւ մեր հանդիսականներին՝ խոստանալով, որ առաջիկա տարում մեր արդեն հայտնի խաղացանկային ներկայացումներից բացի, նրանց դատին կներկայացնենք նաեւ պրեմիերաներ:
Մարիամ Շահինյան, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ.- Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ: Ցանկանում եմ խաղաղություն, հանդուրժողականություն, ու թող յուրաքանչյուր ոք երբեք չկորցնի երազելու ունակությունը, ստեղծագործողն էլ՝ մտքի թռիչքը: Հիշենք. աշխարհը փրկում է ոչ միայն գեղեցկությունը, այլեւ մշակույթը:
Դավիթ Գյուրջինյան, լեզվաբան, հայագետ.- Ամանորը մանուկների ամենասիրելի տոնն է: Բոլոր երեխաներն անխտիր անհամբերությամբ ու սրտի թրթիռով սպասում են կախարդական այն պահին, երբ Ձմեռ պապն այցելում է յուրաքանչյուր տուն եւ նվերներ բաշխում (կամ՝ ծածուկ թողնում հեռանում): Տոնածառը մենք ավելի շուտ երեխաների համար ենք այդպես վառվռուն ու գեղեցիկ զարդարում: Երեխաների համար են ուրախ երգերը, զանգակները, փայլն ու զարդարանքը: Եվ տոնական սեղանների քաղցրավենիքը, հրուշակեղենը, պես-պես պտուղները…
Ահա այս հիմնավորումով էլ Ամանորի մաղթանքներս ուղղում եմ Հայաստանի մանուկներին: Մաղթում եմ, որ նրանց անմեղ երազներն ու երազանքները իրականություն դառնան, որ երբեք չկորցնեն երազի ճամփան… Մաղթում եմ, որ բարօրություն լինի հայաստանյան ընտանիքներում, կյանքն իր դժվարություններով հայ մանուկներին շուտ չհասունացնի…
Մաղթում եմ, որ հայրերը ընտանիքում լինեն եւ ոչ օտար երկրում` արտագնա աշխատանքի, որ ընտանիքը լիակազմ լինի…
Մաղթում եմ, որ խաղաղ ու անամպ լինի հայոց երկնակամարը, որ մեր մանուկները երբեք ու երբեք պատերազմ չտեսնեն… Ոչ մի մանուկ չորբանա…
Մաղթում եմ, որ հայ մանուկներն աճեն ու զորանան հայրենի հողի վրա, որ հայ մանուկները, որտեղ էլ լինեն, հայերեն խոսեն…
Երազում եմ, որ Հայաստանի մանուկներին ուղղված մաղթանքներս 2015-ից սկսած՝ հրաշքով իրականություն դառնան:
Շոթա Ոսկանյան, գեղանկարիչ.- Մաղթանքս ավանդական է… Երազում եմ, որ լինենք իսկապես քաղաքակիրթ ազգ, ինչին հասնելու համար, բացի լավ մարդ լինելուց, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր տեղում լինի, անկախ իր կրթական մակարդակից՝ ձգտի ավելի կատարելագործվել ու զորացնել մեր երկիրը:
Պատրաստեցին
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
եւ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ»
27.12.2014