Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սկսվեց ՀՖՖ 2014 թվականի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հրապարակվեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքներով հաղթողների անունները:
Մրցաշրջան 2014-ում 5-րդ անգամ «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում «Ոսկե գնդակ» մրցանակը եւ 4 մլն. դրամական պարգեւը շնորհվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին (նկար 1), «Արծաթե գնդակ» մրցանակը շնորհվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որի բացակայության պատճառով այն եւ 2,8 մլն. դրամական պարգեւը փոխանցվեց նրա եղբորը՝ Ալեքսանդր Բերեզովսկուն (նկար 2), իսկ «Բրոնզե գնդակին» եւ 2 մլն. դրամական պարգեւին արժանացավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Մրցաշրջան 2014-ի Հայաստանի «Լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ, ոչ հեռու անցյալում լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը:
Դափնեկիրներին մրցանակները հանձնելուց հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորեց նրանց, հայ ֆուտբոլասերներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ եւ մաղթեց, որպեսզի 2015 թվականը լինի վնասվածքներից զերծ եւ հաղթանակների տարի: «2014 թվականը մեր ազգային հավաքականի համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այնքան էլ հաջող տարի չէր: Բայց առջեւում դեռ շատ բան կա անելու: Ֆուտբոլը բոլորին միացնող օղակ է, եւ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիայի աշխատակիցները եւ ես պետք է անենք ամեն բան մեր երկրպագուներին ուրախացնելու համար» – ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ