Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի պատասխանատուն դատի է տվել իր ներկայացրած հիմնարկի տնօրինությանը

Դեկտեմբեր 28,2014 17:10

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել «ՀարավԿովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Վահե Դավթյանը:

Հայցը օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը բռնագանձելու, հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին է:

Ըստ հայցվորի, գործատուի մոտ աշխատելիս 2008թ.- 2014թ.-ի ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում ինքը մեկնել է բազմաթիվ ծառայողական գործուղումների: Մեկական անգամ եղել է Ուկրաինայի Օդեսսա քաղաքում, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Վրաստանի Բաթումի քաղաքում, «երեք անգամ եղել եմ Թբիլիսի քաղաքում, իսկ մնացած անգամները՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: Մոսկվա քաղաք գործուղվելու համար բոլոր ժամանակահատվածներում տրվել է ֆիքսված 24.000ՀՀ դրամ գումար օրապահիկ, իսկ մնացած քաղաքների համար 12.000 ՀՀ դրամ օրապահիկ»:

Մինչդեռ՝ ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման համաձայն տարբեր ժամանակահատվածներում սահմանված օրապահիկի չափերը անհամեմատ եղել են ավելի բարձր, քան գործատուի կողմից վճարված գումարները: Տարբերությունը, ըստ այդ հաշվարկի, չվճարված օրապահիկի պարտքը դրամային արտահայտությամբ կազմում է 2.656.000ՀՀ դրամ:

Պատասխանող ընկերությունից Վ.Դավթյանը պահանջում է գանձման ենթակա 2.656.000ՀՀ դրամը, որպես գործուղման համար չվճարված օրապահիկի գումար:Հայցապահանջներից մեկը վերաբերում է երեխայի ծննդյան կապակցությամբ չվճարված գումարը բռնագանձելուն:

Հայաստանի երկաթուղայինների և կապի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և գործատուի միջև կնքված 2012-2014թ.թ. կոլեկտիվ պայմանագրի 3.4.4.կետի համաձայն երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է նյութական օգնություն՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հայցվորի երեխայի ծննդյան պահի դրությամբ գործող «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն/գործել է 01.07.2013թ.- 01.07.2014թ.-ը ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 45.000 դրամ: Ուստի Վ. Դավթյանը գտնում է, որ իրեն պետք է վճարվեր 225.000ՀՀ դրամ գումար նյութական օգնություն, ինչը պատասխանող ընկերությունը չի կատարել:

Հայցվորի այլ պահանջների մասին կանդրադառնանք գալիք տարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031