Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է զանգվածային թունավորման

Դեկտեմբեր 28,2014 12:23

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսևորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ  ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ:

Մանկապարտեզում խախտվել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է  հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ն.Առաքելյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և դեկտեմբերի 16-ին նրան նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Մանկապարտեզի տնօրենը չի ներկայացել վարույթ իրականացնող մարմնին՝ տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: Մ.Մանուկյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Միաժամանակ հանձնարարվել է պատկան կառույցներին` մանկապարտեզում իրականացնել համապատասխան ստուգումներ և միջոցներ ձեռնարկել՝ հակասանիտարահամաճարակային իրավիճակը վերացնելու ուղղությամբ, որից հետո մանկապարտեզը կվերսկսի իր բնականոն գործունեությունը:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031