Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը անհամաչափ է եւ ոչ իրավաչափ միջամտություն է նախատեսում

Դեկտեմբեր 28,2014 12:40

Այս տարվա  նոյեմբերի 18-ին ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց «Հասարակական կազմակերպությունների Մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ոը դարձավ քննարկման առարկա հատկապես հ/կ-ների ներկայացուցիչների կողմից: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն եւս քննության է առել օրենքի այս նախագիծը եւ պատրաստել «կարծիք -զեկույց» դրա մասին:

Մասնավորապես գնահատվել են օրենքի նախագծի 13-րդ, 17-րդ, 23- րդ, 25-րդ, 26-րդ և 30-րդ հոդվածների (ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենքը «Ինտերնետով հրապարակային եվ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին) կարգավորումները՝ հասարակական կազմակերպությունների գործունեությանը վերաբերելի միջազգային ստանդարտների և սկզբունքների համակցությամբ:

Հասարակական կազմակերպությունը քննության է առել նախագիծը՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք օրենքի փոփոխություններով սահմանվող կարգավորումները համահունչ են միավորումների ազատության իրավունքի իրացման հետ, արդյո՞ք սահմանված միջամտությունն անհրաժեշտ է և անհամաչափ սահմանափակում չի  նախատեսում հասարակական կազմակերպությունների գործունեության համար ևարդյո՞ք  չի հանգեցնում պետության կողմից խտրական վերաբերմունքի: Համադրելով միջազգային  փաստաթղթերում հ/կ-ի կարգավորումներին վերաբերող սկզբունքների հետ՝ հ/կ-ն նկատում է, որ նախագծի վերը նշված հոդվածները հակասում են միջազգային ստանդարտներին, մասնավորապես դրանք գնահատում է արտաքին միջամտություն կազմակերպության գործունեության մեջ: Նախագծի հոդվածներով պահանջներ է դրվում, օրինակ ՝վարել կազմակերպության անդամների  և կամավորների հաշվառումը, հրապարակել հաշվետվություն, օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի, հ/կ-ի որոշումների պատճենները եւ փաստաթղթերը ներկայացնել Լիազորված մարմնին՝ իր պատճառաբանված պահանջով,  ամեն տարի Կազմակերպությունը պետք է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ներկայացնի տարեկան մուտքերի (այդ թվում` մասնակիցների (անդամների) վճարումներից (անդամավճարներից), Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը, իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը (աուդիտի ենթարկվելու դեպքում), եթե Կազմակերպության մուտքերի արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը եւ այլն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն բերում  է միջազգային փաստաթղթերում ամրագրված հ/կ-ների գործունեության  սահմանափակումները կամ միջամտությունների դեպքերը, որոնք իրավաչափ են եւ թույլատրելի. «Միավորումների ազատության, այդ թվում նաև հասարակական կազմակերպությունների գործունեության արդարացված սահմանափակումների և միջամտության համար պետք է համակցությամբ բավարարվեն հետևյալ պայմանները. ա)այն պետք է նախատեսված լինի օրենքով, բ) պետք է հետապնդիր իրավաչափ նպատակներ, որոնց թվում՝ ի շահ պետական և հասարակական անվտանգության, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, գ) պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությանը (CCPR/C/90/D/1296/2004, UN Human Rights Committee, Ninetieth Session 9-27 July 2007):

Ընդ որում, Եվրոպական դատարանը սահմանում է նաև «սուր սոցիալական պահանջի» հիմքով այդ իրավունքի միջամտության/սահմանափակման հավանականությունը: Սա ենթադրում է, որ պետության կողմից պետք է ներկայացվեն հնարավոր ապացույցներ այն մասին, որ միավորման գործունեությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում պետության համար և անհամատեղելի է «ժողովրդավարական հասարակության» հետ:

Ինչ վերաբերում է հ/կ-ների գործունեության թափանցիկությանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն  գրում է՝ «Միջազգային ստանդարտների ներքո ընդունելի է, որ հասարակական կազմակերպության գործունեության համար սահմանվեն իրավական կանոնակարգման և վերահսկողության մեխանիզմներ: Այնուամենյանիվ, պետք է ապահովեն նաև հասարակական կազմակերպության գործունեության անհարկի միջամտությունից պաշտպանելու երաշխիքները: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարբերական վերահսկողության և հաշվետվողականության պահանջին ենթակա է միայն հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը և ոչ թե ներքին կառավարման մարմինների գործունեությունը: Մասնավորապես` կազմակերպությունները հարկային օրենսդրությանը համապատասխան ներկայացնում են ֆինանսական ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ, սակայն անընդունելի է կազմակերպության ներքին կառավարման մարմինների գործունեության միջամտությունը կամ վերջիններիս կողմից կայացված որոշումների պարտադիր ներկայացման պահանջը, քանի դեռ առկա չէ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Թեև կառավարման համար իրավական օրենսդրական ձևական պահանջների և կանոնների սահմանումն ընդունելի է, այնուամենայնիվ, այդ պահանջների սահմանումը չպետք է հանգեցնի հասարակական կազմակերպությունների գործունեության անհարկի և անհամաչափ միջամտության»: Հ/կ-ն իր զեկույցում նշում է՝ ընդունելի է, որ ընդհանուր քաղաքացիական օրենսդրությամբ, ինչպես մնացած իրավաբանական անձանց, այնպես էլ հասարակական կազմակերպությունների համար օրենքը սահմանի կառավարման ընդհանուր սկզբունքները:

Հասնելով  կազմակերպությունը պարտադիր  ֆինանսական աուդիտի ենթարկելու օրենքի  կետին հ/կ-ը նկատում է, որ գործող օրենսդրության կարգավորումները և վերահսկողության համակարգը վկայում է, որ կիրառվող օրենսդրության շրջանակներում հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունն արդեն իսկ արդյունավետորեն ապահովված է: Պետության կողմից, հանձինս Հարկային տեսչության, ապահովվում է ֆինանսական գործունեության հաշվետվողականությունն և վերահսկողությունը` միասնական կարգի կիրառմամբ:

«Բացի այդ, առանձին օրենսդրական կարգավորումներ, որպես բացառություն, հստակ սահմանում են այն կազմակերպությունների տեսակները, որոնք ենթակա են պարտադիր ֆինանսական աուդիտի: Նույն տրամաբանությամբ, վերջիններիս գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, սահմանվում են նաև նրանց նկատմամբ լրացուցիչ վերահսկողության կամ ստուգումների ծավալներն ու կարգը: Հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանված բացառությունների մեջ չի մտնում գործունեության բնույթից ելնելով, և օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով վերահսկողության ենթակա է ավելի պարզեցված կարգով: Այս առումով, անհասկանալի է, թե ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման և հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից լրացուցիչ վերահսկողության սահմանումը իրավաչափ ինչ նպատակ է հետապնդում: Առավել ևս, երբ գործող օրենսդրական կարգավորումներով իրավաբանական այլ անձանց, այդ թվում նաև առևտրային ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար նմանատիպ լրացուցիչ վերահսկողության պահանջներ չեն կիրառվում:

« Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն կարծում է,  որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի առաջարկվող նախագիծը հակասում է ոչ միայն քաղաքացիական օրենսդրությամբ իրավաբանական անձանց, այդ թվում նաև առևտրային կազմակերպությունների, լիակատար ընկերակցությունների սահմանված կարգավորումներին, այլև  կազմակերպության ազատության միջամտություն է: Բացի այդ՝ հ/կ-ն նշում է, որ գործող օրենսդրության սահմաններում արդեն վերահսկվում են կազմակերպությունները , եւ  օրենքը լրացումների կարիք չունի:

 Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի կարծիքը կարող եք կարդալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031