– Եթե մի փոքր ուշ գայիք, գնացած կլինեի:
– Ինը չկա:
– Մոռանո՞ւմ եք` նախատոնական օր է:
– Հակառակը չպիտի՞ լիներ. համոզված էի` մինչև տասներկուսը կաշխատեք:
– Բոլորը ձեզ նման վերջին պահին չեն թողնում: Վարպետն ո՞վ էր` Արկո՞ն:
– Առաջին անգամ է: Սովորաբար կենտրոն եմ իջնում, ասի` ժամանակ շահեմ:
– Մեքենայո՞վ եք,- վարսավիրուհին պատուհանից նայեց: – Մոտիկ պիտի կանգնեցրած լինեիք:
– Որքա՞ն կտևի:
– Ինքս չեմ սպասարկում, բայց որ եկել եք… Ի՞նչ է հարկավոր. եթե միայն մազերը` կես ժամ:
– Ոչ միայն. մորուքիցս հիմնավոր ձանձրացել եմ: Նոր տարին ուզում եմ սափրված դիմավորել:
– Ձեզ սազում է:
– Առանց մորուքի էլ տանելի եմ:
– Կուշանամ, սակայն մինչև Սուրբ Ծնունդ դժվար թե բաց վարսավիրանոց գտնեք, հո այդպես չե՞ք մնա: Վերարկուն այնտեղ կախեք,- նա մատնացույց արեց անկյունի կախիչը:
Սրահում տաք էր. այցելուն հանեց նաև բաճկոնը:
– Քունքերի, ծոծրակի հատվածը լավ կխուզեք` կարճ:
– Հիմա անգամ տարիքով մարդիկ են նորաձևությանը հետևում: Վերջերս մեկը եկել էր` վաթսունն անց, ստիպեց ջահելավարի կտրենք,- կինը հաճախորդին օձիքն ի վար ծրարեց մուգ, ծնկները ծածկող լաթով :- Երևակայեք` չէր սխալվում:
– Քահանայի նմանվեցի: Տեր, գթա մեղավորիս,- այցելուն փորձեց շորի տակ խաչակնքել: – Խանգարում է:
– Սկսեցինք, այլևս չշարժվեք:
Առաջին կտրած մազափնջին հաջորդեց երկրորդը:
– Այսօր եք լվացել:
– Ի՞նչ իմացաք:
– Սանրի տակ ցցվում են. ստիպված եմ թրջել,- վարսավիրուհին ջուր սրսկեց:
Մի քանի կաթիլ տղամարդու ճակատն ի վար ծորաց` ստիպելով փակել կոպը:
– Մա՞զ ընկավ,- կնոջ հարցում հոգողություն կար:
– Երկրորդ անգամ լողացա:
Կինը տեսավ կաթիլքը, բամբակով մաքրեց.
– Հետ եմ վարժվել:
– Ձե՞րն է:
– Տարածքը` չէ, վարձել եմ:
– Տակը հազիվ բան մնա` ծայրամաս է: Տուն պահել լինու՞մ է:
– Ոչինչ` դժգոհ չեմ:
– Եթե լավ կտրեք, այսուհետ ձեզ մոտ կգամ:
– Կաշխատեմ, ափսոս ժամանակն է քիչ:
– Տանը եփութափի գործ շա՞տ կա, տոլման…
– Կթողնե՞ն մոտ գնամ: Եղբայրս ուր որ է պիտի գա` ուշացավ:
– Ես կտանեմ. իմ պատճառով մնացիք: Որտե՞ղ եք ապրում:
– Երկու կանգառ ներքև:
– Զանգեք` չանհանգստանան: Վարսավիրանոցը հեռախոս ունի՞:
– Կա:
– Վերջում համարը կասեք, որպեսզի հետագայում` նախքան գալս ժամ պայմանավորվեմ:
– Եթե հավանեք:
– Իմ կարծիքով հոյակապ է ստացվում:
– Հաճոյախոսում եք: Մինչև չսափրեմ, լավն ու վատը չեն երևա: Վաղո՞ւց եք միրուք պահում:
– Շարժման առաջին իսկ տարուց: Իսկ ձեր եղբայրն ի՞նչ մեքենա է վարում:
– Ընկերոջ հետ է գալու, կարծեմ` «Ժիգուլի» է: Իրենը, կլինի մի տարի, ծախել է:
– Հասաք բեղ-մորուքի՞ն, փակեմ աչքերս:
– Հեշտ լինելու համար սկզբում կխուզեմ:
– Միևնույն է` չեմ ուզում տեսնել այլանդակ կերպարս:
– Եթե ափսոսում եք, ուշ չէ:
– Որքան շուտ, այնքան լավ: Որոշված է:
– Ես էլ եմ ձեզ պես. մի բան մտավ գլուխս` վերջ,- մկրատով խռիվ մազածածկույթը կարճելուց հետո նա անցավ օճառելուն:
Տղամարդը բացեց աչքերը: Դեմքը փրփուրի մեջ էր:
– Հիմա պետք է խնդրեմ լռել,- կինն ածելին մոտեցրեց հաճախորդի քունքին, զգույշ փորձեց: – Կոշտություն կա, թող փափկի: Սուրճ դնե՞մ,- ընթացքում չոր խոզանակով հեռացրեց օձիքին, լաթին կպած մազերը, ոտնատակից ավլեց թափվածը:
– Ընդհանրապես չեմ խմում:
– Թե՞յ…
– Հազվադեպ, սակայն ոչ հիմա:
– Խմիչք առաջարկեմ, կասեք` մեքենայով եմ:
– Դա` ինձ վրա, եթե չեք առարկի:
– Հրավիրո՞ւմ եք` որտե՞ղ:
– Ուր կամենաք` մեր տուն, ռեստորան…
– Եղբայրս խանդոտ է, նկատի ունեցեք:
– Թող ինքը ևս գա:
– Մնացին մայրս ու հարսս: Տեսնեմ ի՞նչ են անում:
Հայելու մեջ արտացոլված պատկերն ուսումնասիրելու հնարավորություն տղամարդը լիուլի ուներ: Կինը (թե՞ օրիորդը) կլիներ առավելագույնը երեսուն տարեկան: Հարթ, ուսերն ի վար թափվող սրճագույն ծամեր ուներ, անթերի ճերմակ մաշկ, դեմքը, որքան էլ տարօրինակ թվաց, անշպար էր, մարմինը` կառուցիկ: Մինչևիսկ աշխատանքային գոգնոցի տակ, որն սպասարկելուց առաջ հագավ, ընդգծվում էին կոնքերը: Թիկունքով այցելուին էր կանգնած: Շրջվելով` նկատեց զարդահայելում բևեռված հայացքը, ձգվեց, բայց և շարունակեց զրուցել, հավանաբար` մոր հետ:
– Համաձայնեցի՞ն,- երբ ետ եկավ, հարցրեց:
– Եղբայրս տանը չէ, իսկ մայրս,- կինը երկդիմի ծիծաղեց,- խորհուրդ չտվեց անծանոթի հետ տեղ գնալ:
– Բայց նա չգիտի` ինչ պարկեշտի է վստահում դստերը:
– Բոլոր տղամարդիկ մի սանրի կտավ են. նրա սիրած խոսքն է:
– Ախ այդպե՛ս: Ուրեմն` ես ձեզ հյուր կգամ:
– Կատակին` վերջ,- նա վերստին օճառ քսելուց հետո ձեռքն առավ սայրը:
– Մնաս բարով, իմ քնքուշ գազան,- հաճախորդը վրա բերեց կոպերը:
– Միշտ կամեցել եմ իմանալ` ինչո՞ւ են պահում:
– Որպեսզի ազդեցիկ տեսք ունենան, շուք է տալիս:
– Իսկապե՞ս:
– Չե՞ք նկատել` արվեստագետները խոհուն հայացք են ձեռք բերում, կռված տղերքը` խրոխտություն:
– Լղպորներ նույնպես կան:
– Այդպիսիք իգությունն են թաքցնում:
– Դուք ո՞ր ցուցակում եք:
– Համենայնդեպս` ոչ վերջին:
Գործի բնո՞ւյթն էր պահանջում, թե՞ ակամա, կինը սափրելու ընթացքում խիստ մերձ էր կանգնել, այնքան, որ թվում էր այցելուի գլուխը չափից ավելի է սեղմել մարմնին, իսկ ազատ ձեռքի մատները, որոնցով ուղղություն էր տալիս, շոյում են պարանոցը: Նա վերջում տաք, խոնավ սրբիչով մանրակրկիտ մերսեց հաճախորդի դեմքը: Կնոջից արտածվող ջերմությունը, փաղաքուշ շարժումները հաճելի թմբիր էին բերում:
– Կարող եք բացել, ավարտեցի,- վարսահարդարն զգույշ արձակեց կաշկանդող լաթը:
– Չե՞մ հիասթափվի:
– Նախկին խրոխտ տեսքը չունեք, բայց խոհեմությունը պահպանվել է:
Այցելուն սարտչած` ձեռքը տարավ, շոշափեց այտերը.
– Տարօրինակ ողորկ են: Թեթևություն եմ զգում, ասես…- նա հարմար բառ էր փնտրում, չգտավ,- կարծես մերկ լինեմ: Գլուխս էլ չսափրե՞մ:
– Այդ մեկը` չէ: Ժամանակ չունեմ, բացի դա… շատ տպավորիչ եք:
– Ավելի, քան առանց մորուքի՞:
– Այնպես էլ վատ չէր:
– Ընդամե՞նը: Իսկ ես սպասում էի «հրաշալի», «փառահեղ» բառերին:
– Սիրում եք գովաբանե՞ն: Ի՞նչ օծանելիք շաղ տամ:
– Թա՞նկ հաճույք է:
– Նայած՝ ում համար:
– Քանի որ առանձնահատուկ օր է, օծեք աշխարհիկ կյանք վերադարձածիս անուշաբույր յուղերով, որպեսզի մեկ անգամ ևս վայելեմ ձեր նրբին մատների շոյանքը,- տղամարդը ձայնին հանդիսավորություն հաղորդեց:
– Հատուկ սպասարկման համար, ուրեմն, սակագինը կբազմապատկեմ,- մեկ անգամ ևս հայելու մեջ այցելուին հայացքով տնտղելուց, սանրով վերջին շտկումները կատարելուց և օծանելիք շաղելուց հետո կինը հանեց գոգնոցը: – Վե՛րջ:
– Որքա՞ն եմ վճարելու,- հաճախորդը ձեռքը գրպանը տանելու համար ոտքի ելավ: – Բավակա՞ն է,- և պարզեց հինգ հազարանոցը: Նույն պահին էլ լուսամուտից նայելով, տեսավ` մեքենան տեղում չէ: – Ավտոս տարել են:
– Ի՞նչ…
– Չկա…- նա մղվեց դեպի ելքը:
– Ներսից փակել եմ, սպասեք` ինքս:
Բանալին դռան վրա էր: Կինը մնաց հարթակին, տղամարդն իջավ փողոց: Մայթեզրին երկու մեքենա կար, մեկի լույսերը վառվում էին: Նկատելով անծանոթի մոտենալը` վարորդն իջեցրեց ապակին:
– Վաղո՞ւց եք սպասում:
– Դո՞ւք եք պատվիրել:
– Սպիտակ 07 տեսե՞լ եք,- և ցույց տվեց իր մեքենայի կայանատեղը:
Պատասխանը հուսադրող չէր:
– Ավտո չի եղել. կլինի հինգ րոպե կանգնած եմ:
– Լավ…
Դիմացինի մոլոր պահվածքը վարորդին, ըստ երևույթին, տարօրինակ թվաց.
– Բա՞ն է պատահել:
– Մեքենաս գողացել են,- ակամա բացվեց:
– Ո՞նց…
– Հա՛: Մտել էի մազերս կտրել տալու:
– Զանգիր միլիցիա:
– Կգտնե՞ն որ…- երկբայեց:
– Ուղևորի եմ սպասում, թե չէ… Հրեն, եկան:
Բնակելիի մուտքից ելած տարեց զույգը նստեց: Վարորդը գործի գցեց շարժիչը, սակայն առժամանակ չէր շարժվում, ապա երկարեց գլուխը.
– Միլիցիան, ասում են, երկու շենք այն կողմ է` դպրոցի մոտ:
Նրանք մեկնեցին: Վարսահարդարը սանդուղքով իջել, կտրում էր փողոցը:
– Հետ գնացեք, գալիս եմ:
– Ի՞նչ ասաց:
– Տաքսի էր` չի տեսել:
– Ո՞վ տարած կլինի,- կինն իրար էր խառնվել: – Գոնե Գնելը գար, ո՞ւր մնաց: Վարդուշը…- նա ուղղվեց խմորեղենի կրպակի կողմը: – Փակ է, այս ժամին ի՞նչ գործ ունի: Գնանք ներս: Թա՞նկ մեքենա է, ի՞նչ կարժենա:
– Ահագին:
– Նոր էր` չէ՞: Սպիտակ գույնն աչքիս առաջ է:
– Երկու տարվա: Ցերեկն էի լվանալ տվել` նախքան ձյան գալը. ասի` մաքուր լինի:
– Ո՞նց են տարել: Բանալին…
– Գրպանումս կլինի:
Վերադարձան սրահ: Տղամարդն ստուգեց բաճկոնի, վերարկուի գրպանները.
– Երևի վրան եմ թողել:
– Նման բան կանե՞ն:
– Մոռացա,- նա վերջապես վերստին ժպտաց:- Ձեզ տեսնելուց հետո խելք չմնաց գլխիս:
– Պիտի շուտ-շուտ աչքս վրան գցեի: Սկզբում ուզում էի ասել` այս մայթը տեղափոխեք, ձայն որ չհանեցիք…
– Ո՞նց էլ նկատել են: Տեղը թեք է, երևի հրելով հեռացրել են, որպեսզի շարժիչի ձայնը չլսենք:
– Ի՞նչ միլիցիայի մասին էր տաքսիստն ասում: Դպրոցի տեղը գիտեմ` հինգ րոպեի ճամփա է:
– Զանգեմ 1-02:
Կինը մոտեցրեց հեռախոսը: Համարն զբաղված էր:
– Ժամանակ չկորցնենք:
Տղամարդն օգնեց կնոջը, ինքը ևս հագավ:
– Քանի՞սը կլինի:
– Տասն անց քսան:
– Դռան վրա գրություն կթողնեմ: Հնարավոր է շարժվենք, ու Գնելը գա: Ընկերը ծանոթներ շատ ունի. գուցե հետքի վրա ելնեն:
Հնի վրա նստած նոր ձյան միջով քայլելը, մանավանդ սառցակալած տեղերով, դժվար էր: Երկուսն էլ մեկմեկուց բռնվելու պահանջ, նաև կարիք ունեին, սակայն մտերիմ չլինելը կաշկանդում էր:
– Շա՞տ եք վատ զգում:
– Եթե ասեմ` չէ, թաքցրած կլինեմ:
– Կգտնվի, չվախենաք:
– Մխիթարո՞ւմ եք: Ուղղակի տրամադրությունս գցեցին. հրաշալի օր էր սկսվում:
– Ձեզ խրոխտ պահեք և… խոհեմ:
– Առանց մորուքի և մեքենայի՞:
– Սիրտս վկայում է` մինչև տասներկուսը կգտնենք:
– Անպայման ռեստորան կհրավիրեմ:
– Հնարավոր է և գամ:
Տղամարդու ընկճվածությունն աստիճանաբար անցնում էր.
– Ոչինչ, մի դուռ կբացվի: Գտածս, իմ սիրտը նույնպես վկայում է, շատ ավելի թանկ է:
Կինը ձայն չհանեց:
– Ձեզ նկատի ունեմ:
Վերստին լռություն:
– Երախտապարտ կլինեմ, եթե բռնվեք,- տղամարդը բացեց թևքը:
– Շուտ պիտի առաջարկած լինեիք:
Թև-թևի էլ մտան ոստիկանական բաժանմունք: Հերթապահը խաչբառով էր զբաղված: Ընդմիջելով` ներկայացրին պատահարը: Ոստիկանը մատյանում գրանցեց մեքենատիրոջ անունը, ազգանունը, տան, գործատեղի հեռախոսահամարները, դիմելու ժամը, փոխադրամիջոցի մակնիշը, պետհամարանիշը, առևանգման վայրը, մի խոսքով` հնարավոր ամեն տեղեկություն քաղեց: Դա բավական չէ, թուղթ տվեց, որպեսզի խնդրարկուն անձամբ դիմում գրի:
– Կարգ է,- ասաց:
– Հույս կա՞,- հարցրին:
– Ես կենտրոնին կփոխանցեմ, նրանք` պետավտոտեսչությանը: Հնարավոր է, եթե չեն հասցրել թաքցնել, բռնեն: Վատն այն է, տոնական օրեր են սկսվում: Ինքներդ լավ գիտեք, չնայած ուժեղացված ռեժիմ ասվածին, աշխատանքը գրեթե մի շաբաթ կազմալուծվում է: Իմ խորհուրդը` եթե կարող եք, թաղի «հեղինակություններից» մեկ-երկուսին գտեք: Դժվար պատահական մարդ լինի տարած: Մենք, իհարկե, գործ կբացենք, թաղայինի միջոցով, եթե նորություն լինի, լուր կտանք:
Շնորհակալություն հայտնելով` դուրս եկան:
– Վերադառնանք վարսավիրանոց, եղբայրս եկած կլինի:
– Գուցե տո՞ւն ճամփեմ:
– Հետո կորոշենք:
– Գլխացավանքի մեջ գցեցի:
– Ի՞նչ եք կարծում` մի բան կանե՞ն,- կինը թեման փոխեց:
– Եթե իրար հետ կապված չեն:
– Օրինավոր մարդու տպավորություն թողեց:
– Դրա համար էլ Նոր տարով հերթապահ են կարգել:
Վարսավիրանոցի շրջակայքում մարդ, մեքենա չկար: Չբացած` կինը նկատեց գրության բացակայությունը:
– Եթե Գնելը եկած լիներ, կսպասեր:
– Գուցե ուրիշ ճամփո՞վ է գնացել:
– Գրել էի, որ հետ եմ գալու, ընդամենը` դա:
Մտնելու պահին հեռախոսը ծլնգաց: Կինը երկրորդ զանգին հասցրեց վերցնել. նա էր:
– Ի՞նչ եղար,- վրա տվեց քույրը:
Գնելը երկար` բան էր բացատրում: Հետո կապն ընդհատվեց:
– Ընկերոջ հետ լռվել են կենդանաբանականի ձորում` խցանում է: Ոչ վերև, ոչ ներքև,- ասում է,- հնարավոր չէ քշել: Ինչ-որ մեկի բջջայինով էր խոսում: Չհասցրի բան ասել: Չեմ հասկանում` ի՞նչ գործ ունի քաղաքում: Վալերի հետ է: Վերջերս են մտերմացել: Ինձ դուր չի գալիս. մի տեսակ մութ տղա է… Գուցե նորից միանա, մի քիչ սպասե՞նք:
– Ձեզ համար եմ անհանգիստ:
– Իսկ ձերոնք… Ինչո՞ւ չեք զանգում:
– Մենակ եմ ապրում: Կոլեկտիվով պիտի «Հին Հռոմում» հավաքվենք. ամանորի առթիվ է: Տասնմեկն անց է, դեռ ժամանակ կա: Եթե թույլ տան, ձեզ իսկապես հետս կտանեմ: Երևի մինչ այդ խցանումը բացվի:
– Այսքանից հետո տրամադրություն ունե՞ք:
– Նոր տարի է գալիս, հո սուգ չե՞մ անի: Չծանոթացանք էլ…
– Ձեր անունը ոստիկանությունում լսեցի` Մուշեղ է, չէ՞: Իմն Արուս է:
– Հնչեղ անուն է: Արուսյակը Վեներան է: Լուսաստղ ենք ասում:
– Գիտեմ` մոլորակ է, այդքան:
– Եթե մի օր պարզ եղանակ լինի, ցույց կտամ: Ջերմ օրերն առջևում են:
Զանգը վերստին հնչեց:
– Գնելը կլինի,- Արուսյակն առպահ ունկնդրելուց հետո, սակայն, խոսանցքը փակելով և փոքր -ինչ երկյուղած` շշնջաց:- Ձեզ հետ են կամենում խոսել:
Մուշեղը տարակուսած` վերցրեց ընկալուչը:
– Ուզո՞ւմ ես ավտոդ բերենք,- հարցրեց ձայնը:
– Գտա՞ք,- կարծեց ոստիկանությունից են, սակայն նույն պահին մտաբերեց` հերթապահությունում վարսավիրանոցի համարը չթողեցին, թեև նրանց ի՞նչ…
– Հա՛, մեզ մոտ է:
– Որտե՞ղ էր:
– Հարցիս պատասխանիր` ուզո՞ւմ ես:
– Պարզ չէ՞,- խոսքի հնչերանգը` անդուր, պահանջկոտ, շփոթեցնող էր, բայց այն միտքը, որ մեքենան կա, հույս էր: – Ու՞ր գամ:
– Հարցեր կան, ճշտենք` նոր. ետ վերցնելու համար փող է պետք:
– Մաղարի՞չ: Կտամ, իհարկե,- Մուշեղը ժպտաց բան ըմբռնել ձգտող Արուսյակին: – Հիսունը բավակա՞ն է:
– Հինգ հարյուր,- հնչեց պատասխանը:
– Դրամ, թե՞ դոլար:
Հեռախոսի մյուս ծայրում քմծիծաղեցին, այնուհետ խոսափողը մեկ ուրիշը վերցրեց.
– Կանաչ, ապեր, կանաչը գիտե՞ս որն է:
– Հինգ հարյո՞ւր,- Մուշեղն ապշեց,- այդքան շա՞տ: Դուք ո՞վ եք:
– Ինչ կասեմ, լավ լսիր. ավտոդ մեզ մոտ է` մագով, ամեն բան տեղն է: Մեր ասած թիվը տուր, բերենք Հայկի արձանի մոտ, թե չէ կմախքը կգտնես:
Նոր համոզվեց, որ գործ ունի առևանգողների հետ: Ձայնի խռպոտ լինելն էլ, հասկացավ, չճանաչվելու համար է: Թաշկինակ, բան կլինեն անցքին պահած` մտածեց: Ծանրութեթևի ժամ չէր. նրանից վճիռ էին սպասում:
– Ինչքա՞ն ժամանակ եք տալիս:
– Քեզնից է կախված: Եթե շուտ բերես, թիվը չի փոխվի:
– Ճարելու խնդիր կա:
– Կունենաս: Տասը րոպեից կզանգենք, որոշիր: Իմացած լինես,- վերջին պահին ձայնն զգուշացրեց,- եթե միլիցիա ես դիմել, մարդ մեջ գցել, ավտո չես տեսնի: Եղա՞վ:
– Գողացողներն էին,- Մուշեղը դրեց լսափողը:
– Իրենք են պոկել գրությունը,- Արուսն ընթացքում սուրճ էր դրել: – Ձեզ ի՞նչ հյուրասիրեմ,- նա սառնարանից տուփով հյութ հանեց:- Գոնե սա` բնական է: Ստոր սողունները… Շատ-շատ են ուզում: Գնելը, Վալերը դրանց հաստատ կճանաչեն: Հնարավոր է անգամ դիմացի շենքից լինեն: Որ իջաք, տղաներ չկայի՞ն կանգնած:
– Ուշադիր չեմ եղել,- Մուշեղը հայացք գցեց բնակելիին. բոլորի լույսերը վառվում էին: – Էլ ուշ է,- նա ձեռքը գրպանը տարավ: – Հարյուր հիսուն դոլար ունեմ,- հաշվեց նաև դրամը,- և երեսունհինգ հազար` մերով: Հինգը մազերի վարձն է:
– Մնացածը ես կտամ:
– Ոչ մի դեպքում. փեսայիցս կվերցնեմ` քրոջս ամուսնուց:
– Ինչո՞ւ մտահոգվի` քույր է…
Տղամարդը մտմտուքի մեջ էր.
– Հայկի արձանի մոտ են ժամադրում:
– Մեր կողքի շենքն է:
– Հիմա են ուզում, թե չէ, ասում են, գինը կբարձրացնենք:
– Ստոր սողուններին տես… Փողը տանն է:
Հեռախոսազանգն ընդհատեց զրույցը:
– Ես կվերցնեմ,- Մուշեղն արտորաց:
Նրանք էին.
– Ի՞նչ որոշեցիր:
– Պակաս հնարավո՞ր է` այդքան չունեմ:
– Ամենացածր թիվն է: Մենք էլ մարդ ենք. դեմը Նոր տարի է, թե չէ հինգով չէիր պրծնի:
– Կես ժամից կգամ:
Պահանջեցին սպասել. ինչ-որ բան էին որոշում, հետո ձայնը նախկին հանգույն`
– Տասներկուսից տասը պակաս` Հայկի մոտ: Կմոտենաս արձանին, ոտերի դեմ սիգարեթի տուփ կլինի, կդնես մեջը, կիջնես: Ավտոն կգտնես թերթի կրպակի մոտ:
– Բա բանալի՞ն:
– Վրան կլինի:
– Եթե մի թեթև ուշանամ, սպասեք:
– Պայմանը չխախտես` մարդ-մուրդ հետդ չլինի: Լավություն ենք անում, տես, քթիցդ կհանենք: Ուղիղ կես ժամ ունես:
Դուրս եկան գլխավոր փողոց: Կանգառում սպասող չկար, երթևեկը սակավ էր: Այս ժամին ի՞նչ խցանում,- մտածեց Մուշեղը,- տարօրինակ է,- սակայն չարտահայտվեց:
– Մեկ շաբաթով հինգ հարյուր դոլար պարտք եմ խնդրում,- նա խաղի կանոններում վճռեց որոշակիություն մտցնել: – Մինչև տոներից հետո բանկի բացվելը, չեմ ուշացնի:
– Կտամ, բայց ինչո՞ւ այդքան. հարյուր հիսուն ունեիք:
– Գրպանինս ռեստորանի համար է:
– Արժե՞ որ…
– Սրանից լավ առի՞թ. մեքենան գտնվեց:
Տաքսու, երթուղայինի սպասելն իմաստ չուներ: Երկու կանգառ ճեպեցին:
– Չեմ ուշանա,- Արուսյակը քանդեց վզնոցը: – Շոգեցի:
Մինչ նրա գալը, մեկը ելնելով մուտքից` փութանակի դիմեց շենքի մյուս երեսը: Վերարկուի վրա բերած կնգուղը սքողել էր դեմքը: Տպավորությունն այնպիսին էր` հանդիպման է շտապում:
Պարապությունից Մուշեղն սկսեց հաշվել բնակելիի հարկերը: Չկարողացավ. խոշոր փաթիլները` կտրվելու նշան, խանգարում էին: Նույնը փորձեց վերևից, որպեսզի հայացքը չշաղվի, աչքերը կկոցած: Շենքը տասներկու հարկանի էր` քառաթև:
– Մերը հինգերորդ հարկում է, ա՛յ, այն պատուհանները,- Արուսյակն էր վերադարձել:
– Այդպես էլ գիտեի. լավագույն հարկում պետք է ընտրագույնն ապրի:
– Հինգ հարյուր է,- Արուսը գումարը տվեց Մուշեղին:
– Տնեցիները հե՞շտ համաձայնեցին. իրար գրեթե չենք ճանաչում:
– Սա մեր գաղտնիքն է: Ոչ մեկին չեմ ասել, անգամ` եղբորս: Քիչ առաջ իջավ, չհանդիպեցի՞ք: Ընկերոջ հետ իր գործով շտապ մեկին պիտի տեսնեն: Կես բառով պատմեցի: Ասում է` լավ թիվ է, կարող էին նաև հազար ուզել:
– Պայմաններից մեկն այն է, որ մենակ լինեմ,- իսկ մտքում «թիվ» բառն էր` ոճի նմանությունը:
– Չխաբե՞ն ստոր սողունները:
– Եթե մեքենան չտեսնեմ կանգնած, պարզ է, փողը չեմ թողնի:
– Ես մերոնց հետ Նոր տարին կդիմավորեմ, չնայած,- Արուսյակն անսպասելի անցավ մտերմիկ տոնի,- կուզեի քեզ հետ լինել: Անց տասնհինգ` ոչ ուշ, կիջնեմ,- նա բռնեց Մուշեղի դաստակը, սեղմեց:- Կսպասե՞ս:
– Ինչ խոսք, բայց եթե Գնելը հետո տեսնի տանը չե՞ս:
– Ես իմ կյանքն ունեմ,- աներկբա կտրեց, ասես եղբորը պատասխանելիս լիներ, հետո ժպտաց:- Դեհ, նախապես շնորհավոր:
– Փոխադարձում եմ, քոնը` նմանապես:
Նա գնաց: Մուշեղն իջավ փողոց: Լուսասյան տակ կանգնելով` ծոցատետրից թերթ պոկեց` գրառելու գլխում առկայծած խոհը. «Գնել, քրոջդ հինգ հարյուր դոլար պարտք մնացի, կվերադարձնես», սակայն նույնքան արագ էլ վանեց այն, չթողեց միտքն արմատ գցելով` ընձյուղի. եղբայրն արժանի չէր Արուսյակի գաղտնիքին: Նայեց ժամացույցին. տասներկուսին տասը րոպե էր մնում: Թուղթը հենեց սյանը, խազխզեց` ԳՆԵԼ, ՎԱԼԵՐ, ՍՏՈՐ ՍՈՂՈՒՆՆԵՐ… Ապա ծալելով` դրեց կանաչ հարյուրանոցների մեջ, շտկեց ուսերը, հայացքը:
Ճամփի մյուս եզրին` թմբի վրա ուրվագծվածը նետաձիգ նահապետի խրոխտ անդրին էր` մորուսով, ջլապինդ ձեռքերում` պրկած աղեղ, ներքևում` ձյան տակ կքած կրպակից քիչ այն կողմ` ճերմակ 07-ը: Քաղաքի կենտրոն տանող մայրուղին ազատ էր:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«OPEL-ի աղջիկը» շարքից: