Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորել հաջողակներից

Դեկտեմբեր 27,2014 22:59

Ինքս ինձ համար մի բան եմ որոշել, ուզում եմ ձեզ պատմել: Իմ առաջ նպատակ եմ դրել՝ կարդալ գրականությունից նոբելյան բոլոր մրցանակակիրների գործերը՝ սկսած Սյուլլի- Պրյուդոմից (1901 թ.) եւ վերջացրած Պատրիկ Մոդիանոյով (2014 թ.): Թեկուզ մի վիպակ, մի պիես, մի քանի բանաստեղծություն: Ինձ միշտ հետաքրքրել են մարդիկ, որոնք կյանքում հաջողության են հասել: Իհարկե, դուք կասեք, որ հաջողությունը հարաբերական կատեգորիա է եւ որ, մասնավորապես, Նոբելյան մրցանակը միշտ չէ, որ շատ նշանավոր գրողների է շնորհվել:

Դա, իհարկե, այդպես է: Բայց չի կարող պատահել, որ նրանցից որեւէ մեկը բացարձակ «զրո» լիներ եւ ստանար Նոբելյան մրցանակ: Հետեւաբար, նրանք բոլորն արժանի են ուշադրության: Այդ ծրագիրը կատարելուց հետո ես կարդալու եմ գիտության բնագավառում նույն մրցանակի արժանացածների ընդարձակ կենսագրությունները: (Ցավոք, ֆիզիկայից, քիմիայից կամ տնտեսագիտությունից նրանց աշխատությունները ես չեմ հասկանա): Իմ նպատակն է՝ այդ բոլոր մարդկանցից ինչ-որ բան սովորել:

Մենք ընդհանրապես մեր մեջ պետք է դաստիարակենք ուրիշների նվաճումները գնահատելու մշակույթը: Անկախ նրանից, թե որ բնագավառում են դրանք դրսեւորվում՝ արվեստում, բիզնեսում, գիտության կամ բժշկության մեջ: Անկախ մեր անձնական վերաբերմունքից՝ նույնիսկ այն դեպքում, եթե հաջողության հասած մարդիկ, մեր կարծիքով, արժանի են ատելության: Չշտապենք ենթադրություններ անել, թե ինչ «դաղալության» շնորհիվ են նրանք հաջողության հասել: Գտնենք սկզբից այն, ինչ ողջունելի է ու ուսանելի է մեզ համար:

Կա երկու ճանապարհ՝ թե անհատական եւ թե ազգային մակարդակով. կա՛մ հրաժարվել հաջողության «ծագման» վերաբերյալ տասնամյակների կարծրատիպերից, սովորել ուրիշներից, այդ թվում ՝ «թշնամիներից» եւ առաջ գնալ, կա՛մ ներփակվել սեփական չարության մեջ եւ առավոտվանից գիշեր բողոքել աշխարհի անարդարությունից:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Լաւ բան էք նախաձեռնել: Մեծ սիրով Ձեզ կ’օգնեմ բնագիտութեան (յատկապէս՝ կենսաբանութեան) ոլորտի Նոբելեան մրցանակակիրների հարցում: Հարցեր լինեն՝ առանց վարանելու գրէք:

    Ես մի գիրք եմ գրել, որ կոչւում է «Մեծ կենսաբաններ – 50»: 50 ամենայայտնի կենսաբանների կենսագրութիւններն են ու նրանց յայտնագործութիւնները: Ցաւօք, ժամանակի սղութեան ու Հայաստանում չլինելու պատճառով չի յաջողւում տպագրել: Կարող եմ մէկ կամ երկուսի կենսագրութիւնը տրամադրել՝ ըստ Ձեր ցանկութեան:

  2. Ջիվան Նադարյան says:

    Հետաքրքիր և օգտակար բան եք որոշել պարոն Աբրահամյան: Ես էլ եմ որոշել այս տարի տարբեր բնագավառների գրքեր կարդալ, որը նախկինում ցավոք չեմ արել:Պարոն Աբրահամյան կխնդրեմ մեկ-երկու հարցի պատասխանել:
    1.Որտեղ փնտրել տարբեր բնագավառների հայտնի մարդկանց ընդարձակ կեսագրությունների հայերեն տարբերակները :
    2.Որտեղ կարելի է պատվիրել և ձեռք բերել արտասահմանյան հայտնի հեղինակների գրքերը թարգմանված հայերենով:
    Ինչ նկատի ունեք տեքստում ասելով հաջողության ծագման տասնամյակների կարծրատիպեր, որոնք են դրանք:

  3. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    1/ Սպորտսմեններ, երաժիշտներ, բիզնեսմեններ, IT ոլորտի մասնագետներ: 2/ Կախված ոլորտից՝ Նապոլեոնի, Հենրի Ֆորդի, Բիլ Գեյթսի կեսագրություններ կան համացանցում եւ գրադարաններում. 3/ Գլխավոր կարծատիպերը՝ հաջողության կարելի հասնել միայն անազնիվ ճանապարհով, բոլոր հարուստները սրիկա են

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031