Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում»

Դեկտեմբեր 27,2014 22:08

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը

 

ՆովոստիԱրմենիա – Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:

Շավարշ Քոչարյան – Դժբախտաբար, անցնող տարին չարձանագրեց առանձնահատուկ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և, ինչպես նախորդ տարիներին, հենց ադրբեջանական կողմի մեղքով, որը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի նկատմամբ, որի հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, խեղաթյուրում է նույնիսկ այն, ինչ գտնվում է բանակցային սեղանին: Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են: Ադրբեջանը շարունակում է ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը, իր ռազմատենչ հռետորաբանությունը, դեռ ավելին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սադրիչ գործողությունները: Հասկանալի է, որ այս ամենը չի կարող նպաստել առաջընթացի բանակցային գործընթացում:

ՆովոստիԱրմենիա – Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայման է հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը…

Շավարշ Քոչարյան – Դե, նախևառաջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնորոշվել է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը` դեռ Խորհրդային միության գոյության տարիներին: Եթե նրանք հետագայում` տարիներ անց, ընդունել են ինչ-որ սահմանադրություններ, ապա այդ սահմանադրությունները չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրանք վերաբերում են միայն Ադրբեջանին: Ավելին, Բաքուն ընդունել է իրավական փաստաթուղթ, համաձայն որի բոլոր ակտերը, որոնք ընդունվել են Խորհրդային միության գոյության ընթացքում և վերաբերում են Ադրբեջանին, հայտարարվում են անվավեր, այդ թվում` բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի որոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը: Եվ անիմաստ է խոսել այն մասին, որ չճանաչված և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունները ագրեսիա չեն: Դրանք ագրեսիա են` համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևում տրված «ագրեսիա» տերմինի բնորոշմանը:

Դեռ ավելին, Ադրբեջանի ղեկավարը չի ամաչում տարածքային պահանջներ ներկայացնել ոչ միայն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը: Նրանք խոսում են այն մասին, որ ադրբեջանական հողեր են և՛ Երևանը, և՛ Զանգեզուրը, և՛ Սևանը:

ՆովոստիԱրմենիա – Նույն բանն ասում էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը…

Շավարշ Քոչարյան – Այո՛, Էլչիբեյը խոստացել էր, որ ոտքերը Սևանա լճում կլվա: Թե ինչով դա ավարտվեց, Բաքվում շատ լավ գիտեն: Ինչպիսի՞ն եղավ Էլչիբեյի ճակատագիրը: Նրա մասին Ադրբեջանում գրեթե մոռացել են, բայց այնտեղ անչափ մեծարում են ներկա նախագահի հորը` Հեյդար Ալիևին: Եվ այսպես, ցանկալի կլիներ, որ նրա իրավահաջորդը շարունակի իր հոր քաղաքականությունը, այլ ոչ թե Էլչիբեյի քաղաքականությունը: Վերջիվերջո, Հեյդար Ալիևը հիասքանչ հասկանում էր, որ անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Նա սեփական ստորագրությամբ ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Աֆիյադդին Ջալիլովին լիազորել էր բանակցություններ վարելու ԼՂՀ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչների հետ` բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու շուրջ, և չէր խուսափում այդպիսի հանդիպումներից: Նա հանդիպել էր այն ժամանակ ԼՂՀ ղեկավարների հետ: Հենց դրա շնորհիվ մենք այսօր ունենք ժողովուրդների համար միակ շոշափելի արդյունքը` 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:

ՆովոստիԱրմենիա – Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած հանդիպումների արդյունքները: Բաքուն ունի՞ արդյոք դրանց արդյունքների սեփական մեկնաբանությունը:

Շավարշ Քոչարյան – Հայկական կողմերը միշտ բանակցությունների կողմնակից էին, ավելին, բարձր մակարդակի հանդիպումները մեզ համար չափազանց կարևոր են: Ցավոք, Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում, քանի որ նման հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո Ադրբեջանը, որպես կանոն, սադրիչ գործողություններ է ձեռնարկում շփման գծում կամ սահմանին:

Երկրորդ, ադրբեջանական կողմը խեղաթյուրում է այդ բոլոր բանակցությունների էությունը: Այսօր Բաքուն շեշտը դնում է խաղաղ համաձայնագրին շտապ անցնելու անհրաժեշտությանը: Իհարկե, դա համընդհանուր ցանկություն է: Դա ոչ միայն համանախագահների կողմից հնչեցված ցանկությունն է, այլև հայկական կողմերի ցանկությունն է:

Բայց Բաքուն, կարծես, մոռանում է, որ խաղաղ համաձայնագրի անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել սկզբունքները, որոնց վրա էլ այն պետք է հիմնվի, իսկ սկզբունքներն ինքը յուրովի է հասկանում:

Նույնիսկ Մադրիդյան սկզբունքների այն մասից, որը հրապարակվել էր, իսկ դա վեց բաղադրիչներն էին, Բաքուն, ըստ էության, շեշտը դնում է միայն երկուսի վրա` տարածքների վերադարձ, որոնք գտնվում են ԼՂՀ հսկողության տակ, և միայն ադրբեջանական փախստականների վերադարձ` կարծես թե մոռանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գտնվում են նրա օկուպացիայի տակ: Բացի այդ, կարգավորման բաղադրիչներից մեկով հստակորեն ամրագրված է բոլոր, այլ ոչ միայն ադրբեջանական փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր: Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում հանդիպումները, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, չեն հանգեցնի իրական արդյունքների:

ՆովոստիԱրմենիա – Ադրբեջանը նաև պնդում է Մադրիդյան սկզբունքները շրջանցող խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Արդյո՞ք դա հնարավոր է և ինչպիսի՞ պայմաններում:

Շավարշ Քոչարյան – Ի՞նչ պետք է ընդգրկված լինի համաձայնագրում: Համաձայնագրով պետք է լուծվեն բոլոր այն հարցերը, որոնք նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում. դա Մադրիդյան փաստաթղթի այն հատվածն է, որը հրապարակվել է: Խոսքը գնում է և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, և՛ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի, և՛ փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքի, և՛ բոլոր հաղորդակցությունների բացման հետ կապված հարցերի մասին: Դրանք նաև այն հարցերն են, որոնք վերաբերում են անվտանգության միջոցառումներին` ներառյալ խաղաղապահ ուժերը, և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին: Պետք է հստակորեն համաձայնեցվեն հանրաքվեի ժամկետները, դրանց մանրամասները` այն հիմքի վրա, որ Ղարաբաղի ժողովրդի որոշումը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի համար: Բոլոր այս հարցերի շուրջ անհրաժեշտ են համաձայնություններ, չէ՞ որ այստեղ գործում է «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը:

Երկրորդ, բոլոր այս տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և չի կարելի այնտեղից փորձել կորզել այն, ինչ քեզ է ձեռնտու, ավելին` ներկայացնելով դա խեղաթյուրված տեսքով: Այդ պատճառով անտրամաբանական է ասել, որ կարելի է անցնել բուն խաղաղության համաձայնագրին` չհամաձայնեցնելով այն սկզբունքները, որոնց վրա այն պետք է հիմնված լինի:

Եթե Ադրբեջանի մոտ կա նման անզուսպ ցանկություն, շրջանցելով Մադրիդյան սկզբունքները, հասնել հակամարտության կարգավորմանը, ապա նման հնարավորություն նրա համար գոյություն ունի: Այն կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հետ սկսի սահմանների ճշգրտման շուրջ բանակցությունները: Ի դեպ, դա կծառայի որպես երաշխիք այն բանի, որ Բաքուն հրաժարվում է իր կողմից ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությունից, էթնիկ զտումների քաղաքականությունից, ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի քաղաքականությունից, ժողովուրդների միջև ատելության սերմանումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ անդադար դիվերսիոն գործողություններից, որոնք իրականում ոչինչ չեն տալիս, բացի կորուստներից, առաջին հերթին` հենց Ադրբեջանի կողմից:

Վաղ թե ուշ Բաքվում կգիտակցեն, որ հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031